Добавить в цитаты Настройки чтения

Страница 7 из 46



Ես դադարեցի գրել և ջնջեցի բոլոր ուղարկված հաղորդագրությունները: Դրանք ցույց էին տալիս իմ թուլությունն ու հիմարությունը:

Փաստն այն է, որ Գատը կորչեց, երբ ես տրավմա ստացա:

Փաստն այն է, որ դա ընդամենը ամառային սիրավեպ էր:

Փաստն այն է, որ նա հավանաբար սիրում էր Ռաքելին:

Ամեն դեպքում, մենք իրարից հեռու էինք ապրում:

Ամեն դեպքում, մեր ընտանիքները մոտ էին իրար:

Ես այդպես էլ բացատրություն չստացա:

Ուղղակի գիտեի, որ նա ինձ լքել է:

13

Բարի գալուստ իմ գանգ:

Բեռնատարը շրջում է պարանոցիս և գլխիս ոսկրերի վրայով: Ողնաշարս կոտրտվում է, ուղեղս պոռթկում է և դանդաղ ծորում: Հազարավոր լույսեր ընկնում են աչքերիս մեջ: Երկրագունդը շուռ է գալիս:

Ես փսխում եմ: Ես ուշաթափվում եմ:

Այսպես անընդհատ: Ամեն օր:

Ցավերը սկսեցին դժբախտ պատահարից վեց շաբաթ հետո: Ոչ ոք չէր կարողանում հաստատել, որ այս երկուսը կապված են, բայց ժխտել սրտխառնոցը, քաշի կորուստը և ընդհանուր սարսափը հնարավոր չէր:

Մայրիկը ինձ տարավ ՄՌՇ և ՀՇ հետազոտությունների: Ասեղներ, ապարատներ: Ու էլի շատ ասեղներ, ապարատներ: Բժիշկները ստուգեցին գլխուղեղի ուռուցքի համար, մենինգիտի համար և այդպես շարունակ: Ցավը թեթևացնելու համար նշանակեցին այս դեղորայքը, հետո այն դեղորայքը, հետո մեկ ուրիշ դեղորայք, քանի որ առաջինը չօգնեց, և չօգնեց նաև երկրորդը: Նրանք նշանակում էին դեղատոմսը դեղատոմսի ետևից, նույնիսկ չիմանալով ինչ է ինձ հետ կատարվում: Ուղղակի փորձում էին թուլացնել ցավը:

«Կադենս, - ասում էին բժիշկները, - չընդունես չափից շատ»:

«Կադենս, - ասում էին բժիշկները, - հետևիր, որ կախվածություն ձեռք չբերես»:

Եվ այնուամենայնիվ. «Կադենս, պարտադիր կընդունես դեղահաբերը»:

Ես եղա այնքան շատ խորհրդակցությունների, որ նույնիսկ չեմ հիշում դրանք բոլորը: Ի վերջո բժիշկները հաստատեցին դիագնոզը: Կադենս Սինքլեր Իսթման. հետվնասվածքային գլխացավեր: Միգրեն՝ առաջացած գանգուղեղային տրավմայով:

Ես կլավանամ, ասում էին նրանք:

Ես չեմ մեռնի:

Պարզապես շատ է ցավալու:

14

Մեկ տարի Կոլորադոյում լինելուց հետո հայրիկը ցանկացավ ինձ տեսնել: Իրականում նա պնդեց, որ ինձ իր հետ տանի Իտալիա, Գերմանիա, Իսպանիա ու Շոտլանդիա՝ տասը շաբաթյա ուղևորության, սկսած հունիսի կեսից, ինչն էլ նշանակում էր, որ ես բաց կթողնեմ ամբողջ տասնվեցերորդ ամառը Բիչվուդում:

- Իսկը ճիշտ ժամանակին, - ասաց մայրիկը ուրախ, հավաքելով ճամպրուկս:

- Ինչու՞, - ես պառկել էի սենյակիս հատակին ու թողել էի նրան ամբողջ աշխատանքը: Իմ գլուխն էր ցավում:

- Պապիկը վերանորոգում է Քլերմոնտը, - նա գուլպաները դրեց իրար մեջ գնդակի տեսքով, - ես սա քեզ ասել եմ արդեն միլիոն անգամ:

Ես չէի հիշում:

- Իսկ ինչու՞ է վերանորոգում:

- Ինչ-որ գաղափարներ ունի: Նա ամառը կանցկացնի Ուինդեմիրում:

- Ու դու նրա հե՞տ կլինես:

Մայրիկը գլխով արեց.



- Նա չի կարող մնալ Բեսսի կամ Քերրիի հետ: Ու դու գիտես, նրան հետևել է պետք եղածից հետո: Ինչևէ: Դու կստանաս հիանալի կրթություն Եվրոպայում:

- Ես կնախընտրեի գնալ Բիչվուդ:

- Ոչ, չես նախընտրի, - ասաց նա հաստատուն:

Եվրոպայում ես սրտխառնոցի ժամանակ օգտագործում էի փոքր դույլեր, որից հետո լվանում էի ատամներս բրիտանական ատամի մածուկով և այդպես բազմիցս անգամ: Ես փռված պառկում էի տարբեր թանգարանների զուգարանների հատակին, զգալով սառը հատակը երեսիս տակ, քանի դեռ ուղեղս հեղուկանում ու դուրս էր ծորում ականջներիցս: Միգրենից արյունս հոսում էր տարածվելով հյուրանոցի անսովոր սավանների վրայով, թափվում հատակին, թրջում գորգերը, կրուասանի մնացորդները և իտալական լիկյորով թխվածքները:

Ես կարողանում էի լսել, թե ինչպես էր հայրիկը ինձ կանչում, բայց չէի պատասխանում մինչև դեղերը չէին սկսում ազդել:

Ես կարոտում էի Ստախոսներին այդ ամռանը:

Մենք երբեք չէինք պահպանում կապը ուսումնական տարիներին: Այնքան էլ չէ, համենայնդեպս, փորձում էինք երբ փոքր էինք: Մենք հաղորդագրություններ էինք գրում, միմյանց նշում էինք ամռան նկարների վրա, հիմնականում սեպտեմբերին, բայց մոտ մեկ ամիս անց արդեն դադարում էինք: Չգիտես թե ինչու Բիչվուդի կախարդանքը երբեք չէր տարածվում մեր ամենօրյա կյանքի վրա: Մենք չէինք ուզում լսել միմյանց դպրոցական ընկերների, ակումբների, և սպորտային թիմերի մասին: Փոխարենը գիտեինք, որ մեր ընկերությունը վերածնվելու է, երբ մենք հունիսին նորից կտեսնենք իրար նավամատույցին, աղի կաթիլները օդում, արևի շողքը ջրի վրա:

Բայց դժբախտ պատահարից հետո ես օրերով ու նույնիսկ շաբաթներով բաց թողեցի դպրոցը: Ձախողում էի բոլոր առարկաները, և տնօրենը հայտնեց, որ ես պիտի կրկնեմ ուսումնական տարին: Ես վերջ տվեցի ֆուտբոլին ու թենիսին: Այլևս չէի կարողանում գումարի դիմաց հետևել փոքր երեխաներին: Չէի կարողանում մեքենա վարել: Բոլոր ընկերներս սկսեցին դառնալ ուղղակի ծանոթներ:

Ես գրեցի Միրրենին մի քանի անգամ: Զանգում էի և թողնում հաղորդագրություններ, որոնցից հետո ամաչում էի, այնքան միայնակ ու խղճուկ էին դրանք հնչում:

Ջոննիին նույնպես զանգեցի, բայց նրա ձայնային փոստը արդեն լցված էր:

Ես որոշեցի այլևս չզանգել: Չէի ուզում շարունակել ասել խոսքեր, որոնք ցույց կտան թուլությունս:

Երբ հայրիկը ինձ տարավ Եվրոպա, ես գիտեի՝ Ստախոսները կղզու վրա էին: Պապիկը Բիչվուդ կապ չէր անցկացրել, հեռախոսները այնտեղ չէին աշխատում, այդ պատճառով ես սկսեցի գրել էլեկտրոնային նամակներ: Ի տարբերություն իմ խղճուկ ձայնային հաղորդագրությունների, սրանք հիանալի էին ու գեղեցիկ՝ գրված մեկի կողմից, ով չէր ունենում գլխացավեր:

Մեծ մասամբ.

« Միրրեն,

Ողջույններ քեզ Բարսելոնայից , որտեղ հայրս կերավ խխունջներով արգանակ :

Մեր հյուրանոցում ամեն ինչ ոսկուց է : Նույնիսկ աղամանները : Սա սքանչելի ու զզվելի է միաժամանակ :

Գրիր ինձ ու ասա ինչպե՞ս են իրենց պահում փոքրերը , որտե՞ղ ես շարունակելու ուսումդ և գտե՞լ ես արդյոք քո իրական սիրուն :

Կադենս . »

« Ջոննի ,

Բոնժուր Փարիզից , որտեղ հայրս գորտ կերավ :

Ես տեսա « Հաղթանակի թևերը »: Ֆենոմենալ մարմին : Առանց ձեռքերի :

Կարոտում եմ ձեզ : Ինչպե՞ս է Գատը :

Կադենս . »

« Միրրեն ,

Ողջույն Շոտլանդիայի դղյակից , որտեղ հայրիկը կերավ ոչխարի փորոտիք : Այո , նա կերավ սիրտը , լյարդը , թոքերը խառնած ալյուրի հետ ու եփած ոչխարի ստամոքսի մեջ :

Այնպես որ իմացիր , նա իսկական սրտակեր է :

Կադենս . »

« Ջոննի ,

Ես Բեռլինում եմ , որտեղ հայրիկը կերավ արյունոտ նրբերշիկ :

Իմ փոխարեն էլ լողացեք : Կերեք հապալասե կարկանդակ : Խաղացեք թենիս : Վառեք խարույկ : Հետո ուղարկեք ինձ հաշիվը : Ես ահավոր ձանձրանում եմ և կմտածեմ հետաքրքիր պատիժ , եթե այս ամենը չանեք :