Страница 44 из 46
- Ցավում եմ, որ ինձ մոտ ավելի լավ չստացվեց, Կադի, - ասում է նա, - Ես հնարավորություն ունեցա լինել այստեղ ու ես… չգիտեմ… ես փչացրի այն՝ պատմելով այդքան շատ ստեր:
- Ամեն ինչ կարգին է:
- Կցանկանայի ես համակերպվել, բայց իմ մեջ դեռ այնքան չարություն է մնացել: Ես մտածում էի, թե կլինեմ արդարամիտ ու ավելի իմաստուն, բայց փոխարենը ես նախանձում էի քեզ ու զայրանում ընտանիքիս վրա: Ամեն ինչ շատ խճճվեց ու հիմա ամեն ինչ վերջացած է, - ասում է նա՝ երեսը սեղմելով ուսիս:
Ես պինդ գրկում եմ նրան:
- Դու ուղղակի դու էիր, Միրրեն, - ասում եմ ես, - ինձ ուրիշ ոչինչ պետք չէր:
- Հիմա ես պիտի գնամ, - ասում է նա, - ես այլևս չեմ կարող այստեղ մնալ: Ես գնալու եմ դեպի ծովը:
Ոչ: Խնդրում եմ:
Մի գնա: Մի թող ինձ, Միրրեն, Միրրեն:
Ես քո կարիքն ունեմ:
Սա այն է, ինչ ես ուզում եմ ասել, բղավել: Բայց լռում եմ:
Եվ իմ մի մասը ուզում է արնահոսել սենյակի հատակին կամ վշտից հալչել:
Բայց դա նույնպես չեմ անում: Չեմ դժգոհում կամ խղճահարություն չեմ խնդրում:
Փոխարենը լաց եմ լինում: Լաց եմ լինում, նրան պինդ գրկած, համբուրում եմ նրա տաք այտը ու փորձում եմ մտապահել նրա դեմքը:
Մենք ձեռք ձեռքի բռնած երեքով քայլում ենք փոքր ափ:
Գատը այնտեղ է, մեզ է սպասում: Նրա պրոֆիլը երևում է պարզ երկնքի ֆոնին: Հենց այսպիսին ես նրան կհիշեմ հավերժ: Նա պտտվում է ու ժպտում ինձ: Վազում, ինձ բարձրացնում է ու սկսում պտտել, ասես ինչ-որ բան ենք տոնում: Ասես մենք երջանիկ զույգ ենք ու եկել ենք ծովափ զվարճանալու:
Ես արդեն չեմ հեկեկում, բայց արցունքները շարունակում են աչքերիցս հոսել: Ջոննին հանում է վերնաշապիկը, փոխանցում ինձ:
- Փսլինքդ մաքրիր, - ասում է նա ժպիտով:
Միրրենը հանում է սարաֆանը ու մնում լողազգեստով:
- Հավատս չի գալիս, որ դու այս պահի համար ընտրել ես բիկինի, - ասում է Գատը, դեռ ինձ գրկած:
- Աննորմալ, - ավելացնում է Ջոննին:
- Ես սիրում եմ այս բիկինին, - ասում է Միրրենը, - ես այն ձեռք բերեցի Էդգարթաունում տասնհինգերորդ ամռանը: Հիշու՞մ ես, Կադի:
Եվ փաստորեն ես հիշում եմ:
Մենք ահավոր ձանձրանում էինք. երեխաները վերցրել էին ժամավարձով հեծանիվներ, ու գնացել էին զբոսանքի Օուք Բլաֆսի գեղատեսիլ վայրերով, և մենք չգիտեինք երբ նրանք կվերադառնան: Ստիպված պետք է սպասեինք, որ նրանց ետ տանենք նավակի մոտ: Եվ այդ ընթացքում մենք հասցրինք գնել իրիսներ, նայեցինք նավերում քամու ուղությունը ցույց տվող կոներ, իսկ վերջում մտանք տուրիստական խանութ ու սկսեցինք փորձել ամենափոքրիկ լողազգեստները, որ կարող էինք գտնել:
- Նրա հետույքին գրված է «Վիներարդը սիրահարների համար է», - ասում եմ Ջոննիին:
Միրրենը շրջվում է հաստատելով խոսքերս:
- Փառքի փայլ և նման բաներ. – ասում է Միրրենը, բայց արդեն ոչ ուրախ:
Մոտենում է, համբուրում այտս ու ասում.
- Եղիր ավելի բարի, քան պետք է, Կադի, ու ամեն ինչ լավ կլինի:
- Ու երբեք մի կեր ավելի մեծ բան, քան հետույքդ է, - բացականչում է Ջոննին: Նա արագ ինձ գրկում է ու հանում է կոշիկները: Նրանք երկուսով մտնում են ծովը:
Ես շրջվում եմ Գատի կողմ:
- Դու է՞լ ես գնում:
Նա գլխով է անում:
- Ես այնքան եմ ցավում, Գատ: Այնքան շատ եմ ցավում, ու ես երբեք չեմ կարող մեղքս քավել ձեր առաջ:
Նա համբուրում է ինձ, ես զգում եմ ինչպես է նա դողում, և գրկում եմ նրան, ասես կարող եմ կանգնեցնել նրա անհետանալը, ասես կարող եմ ձգել այս պահը ավելի շատ, բայց նրա մաշկը սառն է ու թաց արցունքներից, ու ես գիտեմ, որ նա գնում է:
Լավ է լինել սիրված, թեկուզ եթե դա երկար չի տևում:
Լավ է ուղղակի իմանալ, որ ժամանակին ապրում էին Գատն ու ես:
Հետո նա սկսում է ետ շարժվել, ու ես չեմ ուզում հավատալ նրա հետ բաժանմանը, որ սա վերջն է: Հնարավոր չէ, որ մենք այլևս երբեք չենք կարող միասին լինել, ոչ այն դեպքում երբ մեր սերը իրական է: Հեքիաթը պետք է ունենա ուրախ ավարտ:
Բայց ոչ:
Նա լքում է ինձ:
Իհարկե, նա արդեն մահացած է:
Հեքիաթը վաղուց է ավարտվել:
Գատը վազում է ծովը, առանց ետ նայելու, սուզվում է ջուրը շորերով՝ փոքր ալիքներ առաջացնելով:
Ստախոսները լողում են ծովախորշով դեպի բաց օվկիանոս: Արևը բարձր կանգնած է երկնքում, փայլում է ջրի վրա. պայծառ, այնքան պայծառ: Հետո նրանք սուզվում են…
կամ…
կամ ուրիշ…
ու նրանք հեռանում են:
Մնացի ափին, Բիչվուդի հարավում: Ես փոքր ափին եմ, մենակ:
85
Ես քնում եմ մի քանի օր: Չեմ կարողանում վեր կենալ:
Բացում եմ աչքերս՝ լույս է:
Բացում եմ աչքերս՝ մութ է:
Վերջապես վեր եմ կենում: Նայում եմ լոգասենյակի հայելուն, մազերս արդեն սև չեն: Գունաթափվել են, դարձել կարմրաշագանակագույն, ծայրերը դեղին: Մաշկս պեպենոտ է, շրթունքներս չորացած:
Ես չեմ ճանաչում հայելու աղջկան:
Բոշը, Գրենդելն ու Փոպպին ինձ հետ դուրս են գալիս՝ ծանր շնչելով, պոչերը շարժելով: Նոր Քլերմոնտի խոհանոցում մորաքույրերը պիկնիկի համար սենդվիչներ են պատրաստում: Ջիննին սառնարանն է մաքրում: Էդը լիմոնադի ու կոճապղպեղով գարեջրի շշերը տեղավորում է սառը արկղի մեջ:
Էդը:
Ողջույն, Էդ:
Նա ինձ ձեռքով է անում: Բացում է գարեջրի շիշը, փոխանցում Քերրիին: Հետո սկսում է սառնախցիկում էլի սառույցով տոպրակ փնտրել:
Բոննին կարդում է, իսկ Լիբերտին լոլիկ է կտրում: Երկու տորթ՝ մեկը շոկոլադե, մյուսը վանիլային, փաթեթավորված դրված են սեղանին: Ես շնորհավորում եմ երկվորյակներին ծննդյան առթիվ:
Բոննին գլուխը բարձրացնում է «Կոլեկտիվ տեսիլքներ» գրքից:
- Քեզ արդեն լա՞վ ես զգում. – հարցնում է ինձ:
- Այո:
- Դու այնքան էլ լավ տեսք չունես:
- Լռիր:
- Բոննին լեզվանի է, ու դրա հետ ոչինչ չես անի, - ասում է Լիբերտին, - բայց մենք վաղը գնալու ենք նավակին կապած օղակներով շրջելու, եթե կուզենաս, արի:
- Լավ. – ասում եմ ես:
- Դու չես կարող նավակ վարել: Մենք կվարենք:
- Եղավ:
Մայրիկը երկար գրկում է ինձ՝ իր այն մտահոգ գրկախառնությունից, բայց ես ոչինչ չեմ ասում:
Դեռ շուտ է: Երևի դեռ շատ է պետք, որ պատրաստ լինեմ:
Համենայն դեպս նա գիտի, որ հիշել եմ:
Նա դեռ այն ժամանակ գիտեր, երբ սենյակիս դռան մոտ էր:
Ես թողնում եմ, որ ինձ բլիթ տա, որ նա պահել էր նախաճաշից, և ինքս ինձ լցնում եմ նարնջի հյութ սառնարանից:
Գտնում եմ գրիչ ու գրում եմ ձեռքերիս:
Ձախիս. «Եղիր ավելի», աջիս. «բարի»:
Դրսում՝ ճապոնական այգում, Թաֆտն ու Ուիլլը ինչ-որ բանով են զբաղված: Փնտրում են անսովոր քարեր: Ես միանում եմ նրանց: Նրանք ինձ ասում են, որ հավաքեմ միայն փայլողները և որոնցից հնարավոր է նետի ծայր ստանալ:
Թաֆտը ինձ է տալիս մանուշակագույն քարը, որ գտնում է, քանի որ հիշում է որ ես սիրում եմ դրանք: Ես այն թաքցնում եմ գրպանումս:
86
Նույն օրը ես ու պապիկը գնում ենք Էդգարթաուն: Բեսսը պնդում է, որ մեզ ինքը տանի, և երբ տեղ ենք հասնում նա գնում է իր գործերով, քանի դեռ մենք շրջում ենք խանութներով: Ես գտնում եմ գեղեցիկ, կտորից պայուսակներ երկվորյակների համար, իսկ պապիկը պնդում է, որ ինձ հեքիաթների գիրք գնի Էդգարթաունի գրախանութից:
- Այնտեղ Էդն է, ետևումդ, - ասում եմ ես, երբ մենք վաճառասեղանի մոտ ենք:
- Ը-հ-ը:
- Նա քեզ դուր չի գալիս:
- Այնքան էլ չէ:
- Բայց նա այստեղ է:
- Այո:
- Քերրիի հետ:
- Ճիշտ այդպես, - պապիկը կնճռոտում է ճակատը, - իսկ հիմա հերիք է գլուխս տանես: Գնացինք իրիս գնելու, - ասում է նա: Ու մենք այդպես էլ անում ենք:
Զբոսանքը հիանալի է անցնում: Նա ընդամենը մեկ անգամ է ինձ «Միրրեն» ասում:
Ծնունդը տոնում ենք ընթրիքի ժամին, քաղցրավենիքով ու նվերներով: Թաֆտը քաղցրից հավասարակշռությունը կորցնում է, ընկնում է այգու մեծ քարից ու քերծում ծունկը: Ես նրան տանում լոգասենյակ բինտեր փնտրելու:
- Առաջ միշտ Միրրենն էր վերքերս կապում, - ասում է նա ինձ, - նկատի ունեմ այն ժամանակ, երբ դեռ փոքր էի:
Ես սեղմում եմ նրա ձեռքը.
- Կուզենա՞ս արդեն ես կապեմ:
- Ձայնդ կտրիր: Ես արդեն տասը տարեկան եմ:
* * *
Հաջորդ օրը գնում եմ Քադդլդաուն ու նայում եմ խոհանոցի լվացարանի տակ:
Այնտեղ կան սպունգեր ու լիմոնի հոտով մաքրող հեղուկներ: Թղթե անձեռոցիկներ: Քլորի շիշ:
Ավլում եմ ապակու կտորները ու ժապավենները: Հավաքում եմ դատարկ շշերը ու լցնում տոպրակի մեջ: Փոշեկուլով մաքրում եմ փշրված չիպսերը: Սրբում եմ խոհանոցի կպչուն հատակը: Լվանում եմ սպիտակեղենը:
Սրբում եմ կեղտոտ պատուհանները, սեղանի խաղերը տեղավորում եմ պահարանում ու հավաքում եմ սենյակների աղբը: