Добавить в цитаты Настройки чтения

Страница 43 из 46



Ջոնաթան Սինքլեր Դեննիս, շատ մարդկանց համար դու կդառնայիր լույս խավարում:

Դու արդեն լույս էիր: Լույս էիր:

Եվ ես դավաճանեցի քեզ ամենավատ ձևով:

Ես լացում եմ Միրրենի համար, ով ուզում էր տեսնել Կոնգոն: Նա չգիտեր ինչպես է ուզում ապրել կամ ինչին հավատալ: Նա փնտրում էր ինքն իրեն ու գիտեր որ կապված է այս տեղի հետ: Հիմա սա նրա համար չի իրականանա, ոչ ավել քան լուսանկարները, ֆիլմերը ու հեքիաթները մարդկանց հաճույքի համար:

Միրրենը շատ էր խոսում «սեռական կապերի» մասին, բայց երբեք չէր ունեցել: Երբ մենք փոքր էինք, երկուսով արթուն էինք մնում մինչև ուշ գիշեր, հետո քնում էինք ննջապարկերի մեջ Ուինդեմիրի պատշգամբում, ծիծաղում էինք ու իրիս ուտում: Վիճում էինք բարբիների համար ու իրար դիմահարդարում էինք, երազում էինք սիրո մասին: Միրրենը երբեք չի ունենա հարսանիք դեղին զգեստով, ու փեսացու, ով նրան կսիրի այնքան, որ կկապի այդ հիմար դեղին գոտին:

Նա շուտ էր բորբոքվում: Ու սիրում էր հրամաններ տալ: Բայց դրա հետ մեկտեղ միշտ զվարճալի: Նրան հեշտ էր զայրացնել, ու նա գրեթե միշտ բարկացած էր Բեսսի վրա, նրան հունից հանում էին երկվորյակները, բայց հետո զղջում էր, իրեն մեղավոր զգում իր սուր լեզվի համար: Նա սիրում էր իր ընտանիքին, սիրում էր նրանցից յուրաքանչյուրին, փոքրերի համար գրքեր էր կարդում, կամ օգնում էր նրանց պաղպաղակ պատրաստել կամ տալիս էր նրանց գեղեցիկ խխունջներ որ գտնում էր ափին:

Նա այլևս չի կարող զղջալ և ուղղել սխալները:

Նա չէր ցանկանում նմանվել իր մորը: Նա արքայադուստր չէր, ոչ: Հետախույզ, բիզնես-լեդի, բարի սամարացի, պաղպաղակ պատրաստող… նման ուրիշ մեկը:

Ուրիշ մեկը, որ նա երբեք չի դառնա, իմ պատճառով:

Միրրեն, ես նույնիսկ չեմ կարող ներողություն խնդրել: Նույնիսկ էրուդիտում չկա բառ, որ կնկարագրի ինչքան եմ ես զղջում:

Եվ Գատը, իմ Գատը:

Նա երբեք չի գնա քոլեջ: Նա միշտ մտքի քաղց ուներ, նա միշտ գլխիվայր շրջում էր ամեն ինչ՝ գտնելու համար ոչ այնքան պատասխաններ, որքան բացատրություն: Նա այլևս երբեք չի բավարարի իր հետաքրքրասիրությունը, երբեք չի ավարտի երբևէ գրված լավագույն հարյուր վեպերի ցուցակը, երբեք չի դառնա Մեծ մարդ, չնայած կարող էր:

Նա ցանկանում էր վերջ տալ չարին: Նա ցանկանում էր արտահայտել իր զայրույթը: Նա մեծ կյանք ապրեց, իմ քաջ Գատը: Նա չէր լռում, երբ մարդիկ ցանկանում էին, որ լռի, նա ստիպում էր նրանց լսել… հետո ինքն էր լսում մարդկանց: Նա հրաժարվում էր իրերին թեթև նայել, չնայած նա միշտ սիրում էր ծիծաղել:

Օհ, նա ինձ ծիծաղեցնում էր: Եվ ստիպում էր ինձ մտածել, նույնիսկ երբ ցանկություն չունեի, նույնիսկ երբ ես ալարում էի լսել նրան:

Գատը ինձ թույլ էր տալիս արնահոսել, արնահոսել, արնահոսել նրա վրա: Նա երբեք դեմ չէր: Նա ցանկանում էր իմանալ՝ ինչու եմ արնահոսում: Նա փորձում էր հասկանալ, ինչ կարող է անել, որ բուժի վերքերս:

Նա այլևս երբեք չի ուտի շոկոլադ:

Ես սիրում էի նրան: Ես սիրում էի նրան: Այնքան որքան կարող էի: Բայց նա ճիշտ էր: Ես նրան չէի ճանաչում: Ու երբեք չեմ տեսնի նրա տունը, չեմ փորձի նրա մոր պատրաստածները, չեմ հանդիպի նրա դպրոցի ընկերներին: Երբեք չեմ տեսնի նրա անկողնու ծածկոցը կամ նրա պատի պլակատները: Ես երբեք չեմ իմանա սրճարանը, որտեղ նա նախաճաշում էր ձվով սենդվիչներով, կամ անկյունը, որտեղ նա թողնում էր իր հեծանիվը:

Ես նույնիսկ չգիտեմ նա պատվիրում էր ձվով սենդվիչնե՞ր կամ պատերին կպցնու՞մ էր արդյոք պլակատներ: Չգիտեմ նա ունե՞ր հեծանիվ, կամ անկողնու ծածկոց: Ես միայն պատկերացնում եմ հեծանիվների անկյունը ու երկակի կողպեքը, որովհետև ես երբեք նրա հետ չեմ գնացել նրա տուն, երբեք չեմ տեսել նրա կյանքը, երբեք չեմ իմացել ինչ մարդ է եղել Գատը Բիչվուդից դուրս:

Նրա սենյակը պիտի որ դատարկ լինի հիմա: Նա երկու տարի է ինչ մահացած է:

Մենք կարող էինք…

Մենք կարող էինք…

Ես կորցրի քեզ, Գատ, որովհետև հուսահատ, հուսահատ սիրահարված էի:

Ես մտածում եմ, թե ինչպես են այրվել իմ Ստախոսները, նրանց վերջին րոպեների մասին, ինչպես են նրանք ծուխ շնչել, ինչպես է այրվել նրանց մաշկը: Ինչքան շատ է ցավացել:

Միրրենի մազերը կրակի մեջ: Ջոննիի մարմինը հատակին: Գատի ձեռքերը, նրա վառվող մատները, նրա կրակից այլայլվող թևերը:

Նրա ձեռքերի վերևի մասում գրված են բառեր: Ձախին՝ «Գատ»: Աջին՝ «Կադենս»:

Իմ ձեռագրով:

Ես լացում եմ, որովհետև ես մեզնից միակն եմ, որ ողջ եմ մնացել: Որովհետև ստիպված եմ ապրել առանց Ստախոսների: Որովհետև նրանք պետք է անցնեն այն ամենի միջով, ինչ իրենց սպասվում է առանց ինձ:

Ես, Գատը, Ջոննին ու Միրրենը:

Միրրենը, Գատը, Ջոննին ու ես:

Մենք այստեղ էինք այս ամառ:

Եվ մենք այստեղ չէինք:

Այո և ոչ:

Դա իմ մեղքն է, իմ մեղքն է, իմ մեղքն է… բայց նրանք մեկ է ինձ սիրում են: Չնայած խեղճ շներին, չնայած իմ հիմարությանն ու գոռոզությանը, չնայած մեր հանցանքին: Չնայած իմ եսասիրությանը, իմ նվնվոցին, իմ հիմար հաջողակությանը, որ միակն եմ, ով ողջ է մնացել, ու նրան որ չեմ կարողանում դա գնահատել, այն դեպքում երբ նրանց… նրանց ոչինչ չմնաց: Ոչինչ, բացի այս վերջին ամռանից, որ միասին էինք:

Նրանք ասել են, որ սիրում են ինձ:

Ես զգացի դա Գատի համբույրից:

Ջոննիի ծիծաղից:

Միրրենը նույնիսկ բղավեց դա ծովին:

Կարծում եմ հիմա հասկանում եմ ինչի համար էին նրանք այստեղ:

Ես նրանց կարիքն ունեի:

83



Մայրիկը դուռը թակում է ու կանչում ինձ:

Ես չեմ պատասխանում:

Մեկ ժամ հետո նորից թակում է:

- Ինձ ներս չե՞ս թողնի:

- Հեռացիր:

- Խնդիրը միգրե՞նն է: Միայն դա ասա:

- Ոչ, միգրենը չէ, - ասում եմ ես, - ուրիշ բան է:

- Ես սիրում եմ քեզ, Կադի. – ասում է նա:

Նա դա անընդհատ ասում է, սկսած այն ժամանակվանից ինչ հիվանդ եմ դարձել, բայց ես միայն հիմա եմ հասկանում, մայրիկը ինչ նկատի ունի.

«Ես սիրում եմ քեզ, չնայած իմ վշտին: Թեկուզ եթե դու խելագար ես»:

«Ես սիրում եմ քեզ, չնայած իմ կասկածներին, թե ինչ ես դու արել»:

- Մենք բոլորս քեզ սիրում ենք, դու դա գիտես, այնպես չէ՞, - կանչում է նա դռան ետևից, - մորաքույր Բեսսն ու մորաքույր Քերրին, պապիկն ու մնացած բոլորը: Բեսսը քո սիրած հապալասով կարկանդակն է պատրաստում: Այն պատրաստ կլինի կես ժամից: Կարող ես նախաճաշին այն ուտել: Ես եմ նրան խնդրել:

Ես կանգնում եմ: Գնում եմ դռան մոտ ու մի փոքր այն բացում:

- Իմ կողմից Բեսսին ասա շնորհակալություն, - ասում եմ ես, - ես ուղղակի չեմ կարող հիմա գալ:

- Դու լացել ես, - ասում է մայրիկը:

- Մի քիչ:

- Տեսնում եմ:

- Կներես: Գիտեմ, դու ուզում ես, որ ես լինեմ նախաճաշին:

- Դու չպետք է ներողություն խնդրես, - ասում է մայրիկը ինձ, - իրոք, դու այլևս երբեք չպետք է ներողություն խնդրես, Կադի:

84

Սովորականի նման Քադդլդաունում ոչ ոք չի երևում մինչև իմ ոտքերը չեն դիպչում աստիճաններին: Հետո դռան մոտ հայտնվում է Ջոննին, զգույշ քայլում կոտրված ապակու միջով: Երբ նա նկատում է իմ դեմքը, կանգ է առնում:

- Դու հիշել ես:

Ես գլխով եմ անում:

- Ամբո՞ղջն ես հիշել:

- Ես վստահ չէի, որ դուք դեռ այստեղ կլինեք:

Նա առաջ եկավ ու բռնեց ձեռքս: Թվում է թե նա տաք է ու իրական, չնայած ունի գունատ, հյուծված տեսք, և աչքերը ուռած են: Ու երիտասարդ:

Ախր նա ընդամենը տասնհինգ տարեկան է:

- Մենք այլևս չենք կարող այստեղ մնալ, - ասում է Ջոննին, - դա գնալով ավելի բարդ է դառնում:

Ես գլխով եմ անում:

- Միրրենը դա ավելի վատ տարավ, բայց ես ու Գատը նույնպես դա զգում ենք:

- Ու՞ ր եք գնալու:

- Երբ հեռանա՞նք:

- Ը-հ-ը:

- Այն նույն տեղը, որտեղ լինում ենք, երբ դու այստեղ չես: Նույն տեղը, որտեղ առաջ էինք: Դա նման է… - Ջոննին մի պահ լռում է, քորում գլուխը, - դա նման է հանգստի: Դա ինչ-որ իմաստով ասես ոչինչ լինի: Ու անկեղծ ասած, Կադի, ես քեզ սիրում եմ, բայց ես չափից դուրս շատ եմ հոգնել: Ես ուղղակի ուզում եմ պառկել ու վերջ տալ սրան: Ինձ համար այս ամենը տեղի է ունեցել շատ վաղուց:

Ես նրան եմ նայում:

- Ես այնքան, այնքան եմ ցավում, իմ թանկագին Ջոննի, - ասում եմ ես՝ աչքերիս արցունքներ զգալով:

- Դա քո մեղքը չէ, - ասում է Ջոննին, - այսինքն, մենք բոլորս ենք դա արել, մենք բոլորս խելքներս թռցրինք, բոլորս ենք պատասխանատվություն կրում: Դու չպետք է այդ բեռը միայնակ կրես, - ասում է նա, - տխրիր, ափսոսիր… բայց մի մեղադրիր քեզ:

Մենք տուն ենք մտնում և Միրրենը իր սենյակից դուրս է գալիս: Ես հասկանում եմ, որ նա այնտեղ չէր գտնվում մինչ այն պահը, երբ ես դռնով ներս մտա: Նա գրկում է ինձ: Նրա ոսկեգույն մազերը խամրել էին, իսկ շուրթերը չոր էին ու ճաքճքած: