Страница 42 из 46
Նորից բղավոց:
Ես նորից փորձեցի բացել: Ձախողում: Ես հանձնվեցի:
Ձեռքերովս փակելով բերանս ու քիթս՝ վազեցի վառվող աշխատասենյակով միջանցք, հետո խոհանոց: Փառք Աստծո այն դեռ չէր վառվում: Թաց հատակով վազեցի դեպի միջանցքի դուռը:
Սահեցի, ընկա ամբողջովին բենզինի մեջ:
Տաբատիս եզրերը վառվել էին աշխատասենյակով վազելուց: Կրակը խոհանոցի հատակի բենզինով եկավ ու անցավ տատիկի գունավոր սրբիչների վրա: Այն տարածվեց ելքով մինչև միջանցք իմ առջև, ու տեսա, որ տաբատս նույնպես վառվում է՝ ծնկերիցս մինչև կրունկներ: Կրակի միջով վազեցի դեպի դուռը:
- Դու՛րս եկեք, - գոռացի ես, չնայած կասկածում էի, որ ինչ-որ մեկը լսեց, - շու՛տ, դու՛րս եկեք:
Ես դուրս գալով ընկա խոտին: Գլորվեցի, մինչև ոտքերս չդադարեցին վառվել:
Արդեն տեսնում էի, որ Քլերմոնտի վերևի երկու հարկերը ամբողջովին վառվում էին, իմը նույնպես ամբողջովին կրակի մեջ էր: Նկուղի մասին ոչինչ չէի կարող ասել:
- Գա՞տ: Ջոննի՞: Միրրե՞ն: Որտե՞ղ եք:
Պատասխան չկա:
Պանիկաս պահելով, ես ինքս ինձ համոզեցի, որ նրանք արդեն դուրս էին եկել:
Հանգիստ: Ամեն ինչ լավ կլինի: Պետք է լավ լինի:
- Որտե՞ղ եք, - նորից գոռացի, վազելով:
Ու կրկին պատասխան չկա:
Հավանաբար նրանք նավակների պահոցում էին, իրենց տարաներն էին տարել: Այն հեռու չէր, ու վազեցի այնտեղ, շնչահեղձ գոռալով նրանց անունները: Իմ բոբիկ ոտքերը հարվածում էին փայտե հատակին տարօրինակ արձագանքով:
Դուռը փակ էր: Ես հրեցի այն:
- Գա՛տ: Ջոննի՞: Միրրե՛ն:
Այնտեղ ոչ ոք չկար, բայց նրանք կարող էին նաև Քադդլդաուն գնացած լինել, այնպես չէ՞: Փորձում էին հասկանալ՝ ինչու՞ եմ ես ուշանում:
Ճանապարհը պահոցով ձգվում էր թենիսի կորտի մոտով մինչև Քադդլդաուն: Ես նորից սկսեցի վազել, կղզին տարօրինակ լուռ էր մթության մեջ: Կրկնում էի ինձ նորից ու նորից. նրանք այնտեղ կլինեն: Նրանք ինձ են սպասում: Անհանգստանում են:
Մենք կծիծաղենք, որովհետև բոլորն արդեն ապահով են: Հետո իմ այրվածքները կմտցնենք սառը ջրի մեջ ու մեզ հաջողակներ կզգանք:
Հենց այդպես էլ կլինի:
Բայց երբ ես մոտեցա տանը, այն մթության մեջ էր:
Այնտեղ ինձ ոչ ոք չեր սպասում:
Ես ետ վազեցի Քլերմոնտ ու տեսա, որ այն վառվում է ինչպես մոմը: Վերնահարկը կրակի մեջ էր, սենյակները նույնպես, նկուղի պատուհաններից երևում էր կրակը: Ամբողջը ծխում էր:
Ես վազեցի միջանցքի դռան մոտ ու բացեցի: Այնտեղից ծուխը դուրս տարածվեց: Ես հանեցի իմ բենզինոտ սվիտերն ու տաբատը՝ հազալով ու խեղդվելով: Հետո ներս անցա ու մտա խոհանոց նկուղ ուղղվելով:
Ճանապարհի կեսին կրակի պատ էր: Պատ:
Գատը դուրս չէր եկել: Ու արդեն դուրս չի գա:
Ես պտտվեցի ու վազեցի Ջոննիի ու Միրրենի մոտ, բայց ոտքերիս տակի փայտը վառվում էր: Աստիճանների հենակները վառվում էին: Իմ առաջ աստիճանները փլվեցին՝ կրակներ թռցնելով:
Ես ետ-ետ քայլեցի:
Ես չէի կարող բարձրանալ:
Չէի կարող փրկել նրանց:
Հիմա չկար,
չկար,
չկար,
չկար գնալու ոչ մի տեղ, ներքև իջնելուց բացի:
82
Ես հիշում եմ սա, ու վերապրում այն, Ուինդեմիրի աստիճաններին նստած, դեռ նայելով այն կետին, որտեղ Գատը կորավ մթության մեջ: Գիտակցելը, թե ինչ եմ ես արել հայտվում է սառը, մութ, ընդարձակվող մառախուղի տեսքով կրծքումս: Ես կծկվում ու քարանում եմ: Սառցե մառախուղը անցնում է կրծքիս, մեջքիս վրայով, բարձրանում պարանոցովս: Անցնում գլխիս ու ողնաշարիս մեջ:
Ցուրտ, ցուրտ, զղջում:
Ես չպետք է սկսեի խոհանոցից: Ես չպետք է վառեի աշխատասենյակը:
Ինչպիսի հիմարություն՝ այդքան շատ թրջել գրքերը: Յուրաքանչյուրն իմ փոխարեն կհասկանար ինչքան արագ դրանք կվառվեին: Յուրաքանչյուրը:
Մենք պետք է ժամանակ պահեինք կրակը սկսելու համար:
Ես կարող էի պնդել, որ մենք միասին մնայինք:
Ես չպետք է ստուգեի նավակների պահոցը:
Չպետք է վազեի Քադդլդաուն:
Եթե ես ավելի արագ վերադառնայի Քլերմոնտ, հնարավոր է կարողանայի Ջոննիին դուրս հանել: Կամ կանչել Գատին, մինչ կրակը կհասներ նկուղ: Հնարավոր է կարողանայի գտնել կրակմարիչը ու ինչ-որ կերպ հանգցնել կրակը:
Հնարավոր էր, հնարավոր էր:
Միայն թե, միայն թե:
Ես այնքան շատ բան էի ցանկանում մեզ համար. կյանք առանց սահմանափակումների ու նախապաշարմունքների: Կյանք՝ ազատ սիրելու ու սիրվելու:
Բայց արդյունքում, ես նրանց սպանեցի:
Իմ Ստախոսներին, իմ սիրելիներին:
Սպանեցի նրանց: Իմ Միրրենին, իմ Ջոննիին, իմ Գատին:
Այս ամենի գիտակցումը իջնում է ողնաշարովս, անցնում ուսերովս, հասնում մատներիս: Մատներս դառնում են սառույց: Դրանք ճաքճքում են ու կոտրվում, մանր կտորները թափվում Ուինդեմիրի աստիճաններին: Ճաքերը տարածվում են ձեռքերովս, մինչև ուսերս, հասնում պարանոցիս: Վհուկի քմծիծաղով դեմքս քարանում ու փշրվում է վշտից: Կոկորդս քար է: Չեմ կարողանում ձայն հանել:
Ու ես սառել եմ, չնայած արժանի եմ վառվելուն:
Ես պետք է ձայնս կտրեի ու չփորձեի իրավիճակը վերցնել իմ ձեռքը: Ես կարող էի լուռ մնալ: Կոմպրոմիս գտնել: Հեռախոսով շփվել ու ամեն ինչ կարգին կլիներ: Շուտով կստանայինք վարորդական իրավունք: Շուտով կգնայինք քոլեջ ու Սինքլերների գեղեցիկ տները կմնային հեռվում և անկարևոր:
Մենք կարող էինք համբերատար լինել:
Ես կարող էի խելամիտ գտնվել:
Գուցե այդ դեպքում, երբ մենք խմեցինք մորաքույրերի գինին, կմոռանայինք մեր մտադրությունները: Խմիչքը կարող էր քնեցնել մեզ: Մենք կքնեինք հեռուստացույցի առջև՝ զայրացած և անուժ, բայց առանց ինչ-որ հրդեհ սարքելու:
Ես ոչինչ չեմ կարող վերադարձնել:
Ես ինձ քարշ եմ տալիս ներս, վերև իմ սենյակ փշրվող, սառցե ձեռքերիս վրա՝ ետևիցս սառած մարմնիս կտորները թողելով: Թաթերս, ծնկերս: Մտնում եմ վերմակի տակ, դողում եմ՝ մարմնիս կտորները թափելով բարձին: Մատներս: Ատամներս: Ծնոտս: Անրակներս:
Վերջապես, վերջապես դողը դադարում է: Սկսում եմ տաքանալ ու հալվել:
Լացում եմ մորաքույրերիս համար, ովքեր կորցրին իրենց առաջնեկներին:
Ուիլլի համար, ով կորցրեց եղբորը:
Լիբերտիի, Բոննիի ու Թաֆտի համար, ովքեր կորցրին իրենց քրոջը:
Պապիկի համար, ով տեսավ ոչ միայն իր տան այրվելը, այլ նաև իր թոռների վախճանը:
Շների համար, խեղճ, չարաճճի շների:
Ես լացում եմ դատարկ, անմիտ դժգոհությունների համար, որ արել եմ ամբողջ ամառ: Իմ ամոթալի ինքնախղճահարության համար: Իմ ապագայի պլաների համար:
Լացում եմ իմ ամբողջ իրերի համար, որոնք բաժանել եմ: Կարոտում եմ իմ բարձը, գրքերս, լուսանկարներս: Սարսռում եմ, երբ մտածում եմ իմ խաբեական բարեգործության մասին, իմ ձևական բարեհոգությանից, ստից, որ համոզում էի ինքս ինձ, պատժից, որ դրել էի ինձ վրա ու մորս վրա:
Լացում եմ սարսափից, որ պատճառել եմ ամբողջ ընտանիքիս, նրանից որ դարձել եմ մեծ դժբախտության պատճառը:
Մենք ի վերջո չպահպանեցինք իդիլիան: Այն հավերժ կորչեց՝ եթե ընդհանրապես գոյություն էր ունեցել: Մենք կորցրել էինք մեր անմեղությունը դեռ այն ժամանակ, երբ իմացանք մորաքույրերի զայրույթի աստիճանը, դեռ այն ժամանակ երբ մահացավ տատիկը, ու պապիկը խելքը թռցրեց:
Դեռ այն ժամանակ, երբ մենք դարձանք հանցագործներ: Դեռ այն ժամանակ, երբ դարձանք ուրվականներ:
Մորաքույրերը գրկում էին միմյանց, ոչ նրա համար, որ նրանք ազատվել էին Քլերմոնտի բեռից և այն ամենից ինչ այն խորհրդանշում էր, այլ ողբերգության ու կարեկցանքի համար: Ոչ նրա համար, որ մենք նրանց ազատել էինք, այլ որովհետև կոտրել էինք նրանց ու նրանք սարսափից կառչել էին մեկը մյուսից:
Ջոննին: Ջոննին ցանկանում էր մասնակցել մարաֆոնին: Նա ցանկանում էր վազել կիլոմետրը կիլոմետրի ետևից՝ ապացուցելով որ իր թոքերը կդիմանան: Ապացուցելով, որ ինքը տղամարդ էր, որով պապիկը կհպարտանար, ապացուցելով իր ուժը, չնայած որ ցածրահասակ էր:
Նրա թոքերը լցվեցին ծուխով: Հիմա նա ոչինչ չի կարող ապացուցել: Չի կարող վազել:
Նա ցանկանում էր ունենալ իր սեփական մեքենան և ուտել բոլոր քաղցրավենիքները, որ տեսնում էր փռերի պատուհաններից: Նա ցանկանում էր բարձր ծիծաղել, նկարներ գնել ու կրել գեղեցիկ հագուստ: Սվիտերներ, շարֆեր՝ բրդյա ու գծավոր: Նա ցանկանում էր լեգոից թյուննոս սարքել ու կախել այն չուչելի տեղում: Նա հրաժարվում էր լուրջ լինել, մնում էր չափազանց թեթևամիտ, բայց մեծ ոգևորությամբ էր վերաբերվում նրան, ինչ նրա համար կարևորություն ուներ: Վազքը: Ուիլլը ու Քերրին: Ստախոսները: Արդարության զգացումը: Նա առանց երկմտելու հրաժարվեց իր ուսման ֆոնդից՝ իր սկզբունքներին մնալու համար:
Ես մտածում եմ Ջոննիի ուժեղ ձեռքերի մասին, նրա քթի վրայի արևապաշտպան քսուկի մասին, ինչպես մենք միասին բարձրացանք թունավոր բաղեղի վրա և ինչպես էինք պառկել կողք կողքի ցանցաճոճի վրա, ու տանջվում քորից: Ինչպես էր նա ինձ ու Միրրենի համար պատրաստել տիկնիկներին տներ թղթից ու քարերից, որ գտել էր ափին: