Страница 4 из 46
Գատը փայտով շարժեց խարույկը.
- Ես ուղղակի ասում եմ, որ մենք պետք է մտածենք այս մասին: Յուրաքանչյուրը չի, որ ունի սեփական կղզիներ: Որոշ մարդիկ այստեղ աշխատում են: Ոմանք աշխատում են գործարաններում: Ոմանք ընդհանրապես աշխատանք չունեն: Ոմանք էլ չունեն ուտելու բան:
- Հերի՛ք է խոսաս, հիմա՛, - ասաց Միրրենը:
- Հերի՛ք է խոսաս, ընդհանրապես, - ավելացրեց Ջոննին:
- Մենք այստեղ՝ Բիչվուդում, սխալ պատկերացումներ ունենք մարդկության մասին, - ասաց Գատը, - ես չեմ կարծում, որ դուք դա հասկանում եք:
- Ձայնդ կտրիր, - ասացի ես - ես քեզ կտամ ավելի շատ շոկոլադ, եթե դու ձայնդ կտրես:
Եվ Գատը լռեց, ծամածռելով դեմքը: Հանկարծ նա կանգնեց , գետնից վերցրեց քար ու ամբողջ ուժով նետեց ծովի կողմը: Հանեց սվիտերը, մի կողմ նետեց կոշիկներ: Հետո մտավ ծով ջինսե տաբատով
Զայրացած:
Ես հետևում էի նրա մկանների խաղին լուսնի լույսի տակ, ու ահա նա սուզվեց: Նա սուզվեց, իսկ ես մտածեցի. եթե ես հիմա չգնամ նրա ետևից, դա կանի այն Ռաքել անունով աղջիկը: Եթե հիմա չգնամ նրա ետևից, նա կհեռանա ընդմիշտ: Ստախոսներից, Կղզուց, մեր ընտանիքից, ինձնից:
Ես հանեցի սվիտերս ու հետևեցի Գատին, դեպի ծով, հենց զգեստով: Թռա ջուրը ու լողացի այն կողմ, որտեղ Գատը մեջքով պառկած էր ջրի վրա: Նրա թաց մազեր բացել էին դեմքը, ցույց տալով հոնքի վրայի բարակ սպին:
Ես ձգվեցի դեպի նրա ձեռքը.
- Գատ:
Նա վախեցավ և ուղղվեց: Ջուրը հասնում էր նրա մեջքին:
- Կներես, - շշնջացի ես:
- Ես երբեք քեզ չեմ ասել, որ ձայնդ կտրես, Կադի, - ասաց նա, - ես երբեք քեզ հետ այդպես չեմ խոսացել:
- Գիտեմ:
Նա ձայն չէր հանում:
- Խնդրում եմ, մի լռիր, - ասացի ես:
Ես զգացի, թե նրա աչքերը ինչպես շրջեցին իմ մարմնի, թրջված զգեստի վրայով:
- Ես չափազանց շատ եմ խոսում, - ասաց նա, - ես քաղաքականացնում եմ ամեն ինչ:
- Ինձ դուր է գալիս, երբ դու խոսում ես, - ասացի ես, քանի որ դա ճիշտ էր: Երբ ես չէի խորանում նրա բառերի մեջ, այն ինձ դուր էր գալիս:
- Ուղղակի այս ամենը ինձ դարձնում է ավելի..., - նա դադար տվեց, - աշխարհում ամեն ինչ խառնվել է իրար, ահա թե ինչ:
- Հա:
- Գուցե ես պիտի... - Գատը վերցրեց ձեռքերս, շրջեց ափերս դեպի ներքև, որպեսզի կարդա վերևում գրված բառերը, - ...պիտի ապրեմ ներկայո՞վ, ու դադարեմ հավերժ ագիտացիան:
Իմ ձեռքը նրա թաց, սառը ձեռքի մեջ էր:
Ես դողում էի: Մենք առաջ շատ էինք ձեռք ձեռքի բռնում, բայց նա չէր կպել ինձ այս ամբողջ ամռանը:
- Դա լավ է, որ դու այդպես ես նայում աշխարհին, - ասացի ես նրան:
Գատը թողեց ձեռքերս ու նորից պառկեց ջրին.
- Ջոննին ուզում է, որ ես ընդհանրապես չխոսեմ: Ես ձանձրացնում եմ քեզ ու Միրրենին:
Ես նայեցի նրան: Նա Գատը չէր: Իմ Գատը մտածմունք էր ու էնտուզիազմ: Ամբիցիա և թունդ սուրճ: Այս ամենը պիտի երևային նրա շագանակագույն աչքերում, նրա հարթ մաշկին ու քիչ ավելի դուրս ցցված ստորին շրթունքին: Նա պիտի ներսից եռար էներգիայով:
- Ես քեզ մի գաղտնիք կասեմ, - շշնջացի ես:
- Ի՞նչ:
Ես նորից ձգվեցի ու կպա նրա ձեռքին: Նա չշարժվեց:
- Երբ մենք քեզ ասում ենք «ձայնդ կտրիր, Գատ», դա ամենևին էլ այն չի ինչ մենք նկատի ունենք:
- Ո՞չ:
- Մենք նկատի ունենք, որ քեզ սիրում ենք: Դու մեզ հիշեցնում ես, որ մենք էգոիստ խոզեր ենք: Բայց դու մեզ նման չես:
Գատը աչքերը փակեց: Ժպտաց.
- Դու այդպե՞ս ես կարծում, Կադի:
- Այո, - ասացի ես: Ես մատներով շոյում էի նրա ձեռքերը:
- Հավատս չի գալիս, որ դուք ջրի մեջ եք, - բղավեց Ջոննին, որ ծալել էր տաբատը ու կանգնել էր ջրի մեջ, - սա Արկտիկան է: Ես չեմ զգում մատներս:
- Երբ մի քիչ մեջն ես մնում, հաճելի է դառնում, - պատասխանեց Գատը:
- Հաստա՞տ:
- Մի եղիր թուլամորթ, - գոռաց Գատը, - տղամարդ եղիր ու մտիր գրողի տարած ջուրը:
Ջոննին ծիծաղեց ու մտավ ջուրը: Միրրենն էլ նրա ետևից:
Ու այդ պահը.. այն կատարյալ էր:
Մեր վրայով տարածվող գիշերը: Օվկիանոսի խշշոցը: Թռչունների ձայնները:
8
Այդ գիշեր չէի կարողանում քնել:
Կեսգիշերից հետո նա ձայն տվեց ինձ:
Ես նայեցի պատուհանից: Գատը պառկել էր Ուինդեմիր տանող փայտե ճանապարհին: Ոսկեգույն ռետրիվերները պառկել էին նրա կողքին, բոլոր հինգը. Բոշը, Գրենդելը, Փոպպին, Պրինց Ֆիլլիպը ու Ֆաթիման: Նրանք պոչերով կամաց հարվածում էին գետնին:
Լուսնի լույսից նրանք կապույտ երանգ էին ստացել:
- Իջիր ներքև, - կանչեց Գատը:
Ես իջա:
Մայրիկի սենյակի լույսը անջատած էր: Ամբողջ կղզին մթության մեջ էր: Մենք երկուսով մենակ էինք, չհաշված շներին:
- Ինձ տեղ տուր, - ասացի ես: Ճանապարհը լայն չէր, մեր ձեռքերը կպան իրար՝ իմը մերկ, նրանը՝ կանաչ, որսորդական բաճկոնում:
Մենք նայում էինք երկնքին: Այնքան շատ աստղեր, կարծես գալակտիկան ինչ-որ բան էր տոնում, նշում, արգելված խնջույք էր կազմակերպում քանի դեռ մարդիկ իրենց անկողիններում քնած էին:
Ես ուրախ էի, որ Գատը չէր խոսում համաստեղությունների մասին կամ հիմարություններ ասում երազանք պահելու մասին: Բայց ես նաև չգիտեի ինչ անել նրա լռության հետ:
- Կարո՞ղ եմ ձեռքդ բռնել, - հարցրեց նա:
Ես դրեցի ձեռքս նրա ձեռքի մեջ:
- Տիեզերքը այնքան հսկայական է երևում հիմա, - ասաց նա, - ինձ պետք է մեկը, ով կողքիս կլինի:
- Ես այստեղ եմ:
Նա մատով շոյում էր իմ ափը: Ամբողջ իմ նյարդերը կենտրոնացան այնտեղ, որսալով նրա յուրաքանչյուր շարժում, նրա մաշկը իմ մաշկի վրա:
- Վստահ չեմ, որ ես լավ մարդ եմ, - ասաց նա որոշ ժամանակ անց:
- Ես նույնպես վստահ չեմ, որ լավ մարդ եմ, - ասացի ես, - բայց ես աշխատում եմ ինձ վրա:
- Հա, - Գատը մի պահ լռեց, - Դու հավատու՞մ ես Աստծուն:
- Մասամբ, - ես փորձեցի այդ մասին ավելի լուրջ մտածել: Գիտեի Գատին չի բավարարի թեթևամիտ պատասխանը, - երբ վատ բան է պատահում, ես աղոթում եմ կամ պատկերացնում, որ ինչ-որ մեկը վերևից նայում է ինձ ու լսում: Օրինակ այն մի քանի օրը հորս հեռանալուց հետո ես մտածում էի Աստծու մասին: Հանգստության համար: Բայց հետո թողեցի, որ ամեն ինչ իր հունով գնա: Թերևս դրա մեջ չկար ոչ մի հոգևոր բան:
- Ես արդեն չեմ հավատում, - ասաց Գատը, - այն ուղևորությունը Հնդկաստան, մարդկանց աղքատությունը: Չեմ կարողանում պատկերացնել, Աստված ինչպե՞ս կարող էր դա թույլ տալ: Հետո, երբ ես վերադարձա տուն, սկսեցի նկատել դա Նյու-Յորքի փողոցներում: Մարդիկ հիվանդ են ու քաղցած աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում: Ես ուղղակի.. ես չեմ կարողանում մտածել, որ ինչ-որ մեկը վերևից հետևում է այդ մարդկանց: Ինչն էլ նշանակում է, որ ինձ նույնպես ոչ ոք վերևից չի հետևում:
- Դա քեզ չի դարձնում վատ մարդ:
- Մայրս հավատում է Աստծուն: Նա մեծացել է բուդիստների ընտանիքում, բայց հաճախում է Մեթոդիստական եկեղեցի հիմա: Նա այնքան էլ գոհ չի ինձնից, - Գատը հազվադեպ էր խոսում մոր մասին:
- Դու չես կարող հավատալ, ուղղակի որովհետև նա է այդպես ասում, - ասացի ես:
- Ոչ: Հարցը նրանում է՝ ինչպե՞ս լավ մարդ լինեմ, եթե արդեն չեմ հավատում:
Մենք զննում էինք երկինքը: Շները վերադարձան Ուինդեմիր իրենց դռնով:
- Դու մրսում ես, - ասաց Գատը, - արի քեզ տամ բաճկոնս:
Ես չէի մրսում, բայց նստեցի: Նա նույնպես նստեց: Հանեց կանաչ բաճկոնը: Փոխանցեց ինձ:
Այն տաքացել էր նրա մարմնից: Չափազանց լայն իմ ուսերի համար: Նրա ձեռքերը մերկ էին հիմա:
Ես ուզում էի համբուրել նրան, այնտեղ, երբ իմ հագին էր նրա որսորդական բաճկոնը: Բայց չհամարձակվեցի:
Միգուցե նա սիրում էր Ռաքելին: Այն լուսանկարները նրա հեռախոսի մեջ: Չորացած վարդը ծրարի մեջ:
9
Հաջորդ առավոտ նախաճաշի ժամանակ մայրիկը խնդրեց, որ նայեմ Ուինդեմիրի վերնահարկում հայրիկի իրերը և ինձ վերցնեմ այն ինչ ինձ պետք կգա: Մնացածից նա մտադիր էր ազատվել:
Ուինդեմիրը կառույց էր եռանկյունաձև տանիքով, անմիջամես որի տակ գտնվում էին հինգ ննջասենյակներից երկուսը: Սա կղզում միակ տունն էր, որի վերնահարկը ամբողջովին լցված էր: Տունն ուներ մեծ պատշգամբ և ժամանակակից ոճով խոհանոց՝ մարմարե սեղանածածկերով, որոնք անտեղին էին թվում: Սենյակները հասարակ էին, ու ամենուր պտտվում էին մեր շները:
Ես ու Գատը բարձրացանք վերնահարկ, մեր հետ վերցնելով ապակե շշերով սառը թեյ ու տեղավորվեցինք հատակին: Սենյակից փայտի հոտ էր գալիս: Պատուհանից սենյակում քառակուսաձև լույս էր ընկել:
Մենք առաջ էլ էինք եղել վերնահարկում:
Ու մեկ է առաջ երբեք չէինք եղել վերնահարկում:
Գրքերը հայրիկի արձակուրդային գրքերն էին: Ամբողջը սպորտային հուշագրություններ, հետաքրքրաշարժ առեղծվածներ և ռոք աստղերի կենսագրություններ, գրված հին մարդկանց կողմից, որոնց մասին ես չէի լսել: Գատին չէր հետաքրքրում անունները: Նա դասավորեց գրքերը ըստ գույների: Կարմիր շարք, կապույտ, շագանակագույն, սպիտակ, դեղին: