Добавить в цитаты Настройки чтения

Страница 3 из 46



- Գրողը տանի: Ես կարծում էի դա աշխատում է:

Մենք փոխեցինք թեման: Զրուցեցինք այն մասին թե վերցնե՞նք երեխաներին Էդգարթաուն կինո դիտելու ուշ երեկոյան: Շնաձկների մասին, թե նրանք իրո՞ք ուտում են մարդկանց: «Բույսեր զոմբիների դեմ» ֆիլմի մասին:

Որից հետո վերադարձանք կղզի:

Շուտով Գատը սկսեց ինձ տրամադրել գրքեր և հաճախ ուշ երեկոյան գալիս էր ինձ մոտ, երբ ես լինում էի փոքր ափին: Կամ, երբ պառկած էի լինում Ուինդեմիրում գազոնի վրա ոսկեգույնների հետ:

Մենք զբոսնում էինք կղզով տարածվող ճանապարհով՝ Գատը առջևում, ես նրանից ետ: Մենք խոսում էինք գրքերից, կամ երևակայական աշխարհներ ստեղծելու մասին: Երբեմն այնքան էինք քայլում, մինչև չէինք հասկանում, որ հոգնած ենք կամ քաղցած:

Ճանապարհի եզրով աճել էին վայրի վարդեր՝ մուգ վարդագույն: Դրանք ունեին թույլ, քաղցր հոտ:

Մի օր ես նայեցի Գատին՝ Քլերմոնտում պառկած ցանցաճոճին, գիրք կարդալիս ու զգացի.. դե.. ասես նա իմն է: Ասես նա ինձ համար էր ստեղծված:

Ես լուռ տեղավորվեցի նրա կողքին: Վերցրի նրա ձեռքից գրիչը՝ նա միշտ գրիչով էր կարդում, ու գրեցի «Գատ» նրա ձախ ձեռքին և «Կադենս» աջին:

Նա վերցրեց ինձնից գրիչը: Գրեց «Գատ» իմ ձախ ձեռքին ու «Կադենս» աջին:

Ես չեմ ասում, թե դա ճակատագիր էր: Ես չեմ հավատում ճակատագրին կամ հարազատ հոգուն կամ գերբնականին: Ես ուղղակի ուզում եմ ասել, որ մենք հասկանում էինք իրար: Ամեն ինչում:

Բայց մենք ընդամենը տասնչորս տարեկան էինք: Ես դեռ երբեք չէի համբուրվել տղայի հետ, չնայած ուղղեցի այդ բացթողումը հաջորդ ուսումնական տարում, ու մենք չգիտես թե ինչու մեր զգացմունքները սեր չէինք անվանում:

6

Տասնհինգերորդ ամռանը ես կղզի եկա մեկ շաբաթ ուշ քան մնացածը: Հայրս լքել էր մեզ, ու ես ու մայրս զբաղված էինք նոր կահավորանքով, դեկորատորի հետ խորհրդակցությամբ և նման այլ բաներով:

Ջոննին ու Միրրենը դիմավորեցին մեզ նավամատույցին՝ կարմրած այտերով ու ամառն անցկացնելու շատ պլաներով: Նրանք կազմակերպել էին թենիսի ընտանեկան առաջնություն ու հավաքել էին պաղպաղակ պատրաստելու բազմաթիվ եղանակներ: Պիտի նավակով շրջեինք, խարույկներ վառեինք:

Փոքրերն ինչպես միշտ վազվզում ու ճչում էին: Մորաքույրները սառը ժպտում էին: Ու երբ վերջացավ մեր ժամանման հետ կապված խառնաշփոթը, բոլորը գնացին Քլերմոնտ կոկտեյլ խմելու:

Իսկ ես գնացի Րեդ Գեյթ Գատին փնտրելու: Րեդ Գեյթը շատ ավելի փոքր տուն էր քան Քլերմոնտը, բայց ինչևիցե այն ուներ չորս ննջասենյակ: Այստեղ ապրում էին Ջոննին, Գատը և Ուիլլը մորաքույր Քերրիի հետ, և Էդի հետ, երբ նա նույնպես հանգստանում էր մեզ հետ, ինչը հազվադեպ էր լինում:

Ես մոտեցա խոհանոցի դռանը ու նայեցի ցանցի արանքից: Սկզբում նա ինձ չնկատեց: Նա կանգնած էր սեղանի մոտ, ինչ-որ ճմրթված, մոխրագույն շապիկով ու ջինսով: Նրա ուսերը ավելի լայն էին քան ես հիշում էի:

Նա քանդում էր լվացարանի վերևում պատուհանից կախված չորացած ծաղիկը: Դա վայրի վարդ էր, մուգ վարդագույն ու ուղղակի պոկած: Նման այն տեսակի որոնք աճում էին Բիչվուդի ճանապարհներին:

Գատը, իմ Գատը: Նա վարդ էր պոկել ինձ համար մեր սիրած ճանապարհից: Կախել էր այն չորանալու ու սպասում էր մինչ ես կգամ կղզի, ու նա այն կտա ինձ:

Ես համբուրվել էի արդեն երեք տղաների հետ, որոնց նկատմամբ անտարբեր էի:

Ես կորցրել էի հորս:

Ես վերադարձել էի այս կղզի արցունքներով ու ստով լի տնից:

Ու տեսնում եմ Գատին:

Ու տեսնում եմ այդ ծաղիկը նրա ձեռքում:

Ու այդ պահին, երբ լույսը պատուհանից ընկած էր նրա վրա, երբ խնձորները դրված էին խոհանոցի սեղանին, երբ օդում զգացվում էր փայտի ու ծովի հոտը,

ես հասկացա, որ սիրահարվել եմ:

Այո, սեր էր, ու այդ միտքը ինձ այնպես հարվածեց, որ ես հենվեցի դռան ցանցին, որ կանգնած էր մեր միջև, որպեսզի չընկնեմ: Ես ցանկացա դիպչել նրան, ասես նա փոքրիկ նապաստակ էր, փոքրիկ կատու՝ փափուկ ու հեքիաթային, ում չես ուզում բաց թողնել: Տիեզերքը դարձավ ավելի լավը, քանի որ Գատը նրանում էր: Ես սիրեցի նրա ջինսի ճղվածությունը, նրա բոբիկ ոտքերի կեղտոտությունը, նրա արմունկների չորությունը, նրա հոնքի վրայով զգվող սպին: Գատը, իմ Գատը:

Մինչ ես կանգնած նայում էի, նա վարդը դրեց ծրարի մեջ: Հետո սկսեց գրիչ փնտրել, դարակները արագ բացել-փակելով ու վերջապես գտնելով այն գրպանում, սկսեց ինչ-որ բան գրել ծրարին:

Ես հասկացա, որ Գատը հասցե էր գրում, միայն այն ժամանակ, երբ նա դարակից հանեց նամականիշները:

Նա կպցրեց նամականիշը: Գրեց հետադարձ հասցեն:



Այն ինձ համար չէր:

Ես հեռացա Րեդ Գեյթից քանի դեռ Գատը ինձ չէր տեսել: Քայլում ու Նայում էի մթնող երկնքին: Մենակ:

Ճանապարհին պոկեցի ինձ հանդիպած բոլոր վարդերը ու նետեցի ալեկոծ ծովը մեկը մյուսի ետևից:

7

Այդ երեկո Ջոննին ինձ պատմեց Գատի Նյու-Յորքի ընկերուհու մասին: Նրա անունը Ռաքել էր: Ջոննին նույնիսկ չէր տեսել նրան: Նա էլ էր ապրում Նյու-Յորքում, բայց քաղաքի կենրոնում Քերրիի ու Էդի հետ, մինչդեռ Գատը ապրում էր ծայրամասում, մոր հետ: Նրա ասելով Ռաքելը զբաղվում էր ժամանակակից պարերով ու միշտ կրում էր սև հագուստ:

Միրրենի եղբայրը՝ Թաֆտը, ինձ պատմեց, որ Ռաքելը Գատին ուղարկել է տանը պատրաստած քաղցրավենիքով տուփ: Իսկ Լիբերտին ու Բոննին ասացին, որ Գատը նրա նկարները պահում է հեռախոսի մեջ:

Գատը չէր խոսում նրա մասին, բայց խուսափում էր աչքերիս մեջ նայել:

Այդ առաջին գիշերը ես լաց եղա, կծեցի մատներս, խմեցի գինի, որը գաղտնի վերցրել էի Քլերմոնտի մառանից: Ես զայրացած պտտվում էի երկնքով՝ վիճելով ու հրելով աստղերը իրենց տեղերից, զգալով գլխապտույտ ու սրտխառնոց:

Ես բռունցքով հարվածեցի լոգարանի պատին՝ մաքրելով ամոթն ու զայրույթը սառը, սառը ջրով: Հետո արդեն անկողնում դողում էի, ինչպես լքված շուն, թվում էր թե հիմա մաշկս ոսկրերիցս կպոկվի:

Հաջորդ առավոտյան ու դրան հաջորդող օրերին, ես ինձ պահում էի սովորական: Բարձր էի պահում քառակուսաձև ծնոտս:

Մենք լողում էինք, խարույկներ էինք վառում: Ես հաղթեցի թենիսի առաջնությունը:

Պատրաստեցինք բաքերով պաղպաղակ: Պառկում էինք արևի տակ փոքր ափին:

Մի գիշեր մենք չորսով որոշեցինք պիկնիկ կազմակերպել այնտեղ: Շոգեխաշված ծովային խեցիներ, կարտոֆիլ ու քաղցր եգիպտացորեն: Ամբողջ կերակուրը պատրաստել էին աղախինները: Ես նրանց անունները չգիտեի:

Ջոննին ու Միրրենը բերեցին ուտելիքները միանգամից մետաղե տարաներով: Մենք կերանք կրակի շուրջ նստած, յուղը կաթացնելով ավազին: Հետո Գատը մեզ համար պատրաստեց դեսերտ զեֆիրից ու կրեկեռներից: Ես նայում էի նրա խարույկից լուսավորվող ձեռքերին, որոնք հարմարացնում էին զեֆիրը երկար փայտի վրա: Հիմա իր ձեռքերին որտեղ առաջ գրված էին մեր անունները, նա գրում էր այն գրքերի անունները որոնք մտադիր էր կարդալ:

Այդ գիշեր նրա ձախ ձեռքին գրված էր «Գոյը և», Աջին՝ «Չգոյը»:

Ես նույնպես շարունակում էի գրել ձեռքերիս: Ցիտատները, որոնք ինձ դուր էին գալիս: Այդ օրը ձախ ձեռքիս գրված էր «ապրիր», աջ ձեռքիս՝ «ներկայով»:

- Ուզու՞մ եք իմանալ ինչի մասին եմ ես մտածում, - հարցրեց Գատը:

- Այո, - ասացի ես:

- Ոչ, - ասաց Ջոննին:

- Ես մտածում եմ, ինչպե՞ս կարելի է ասել, որ ձեր պապիկն այս կղզու տերն է : Ոչ իրավաբանորեն, այլ ճշմարիտ:

- Խնդրում եմ, միայն թե նորից չսկսես պանդուխտների կյանքի բարդությունների մասին, - հառաչեց Ջոննին:

- Ոչ: Ես հարցնում եմ, մենք ինչպե՞ս կարող ենք ասել, որ հողը պատկանում է ինչ-որ մեկին, - Գատը ձեռքերով ցույց տվեց ափը, օվկիանոսը, երկինքը:

Միրրենը ուսերը թափ տվեց.

- Մարդիկ միշտ էլ զբաղվել են հողի առք ու վաճառքով:

- Չե՞նք կարող մենք խոսել սեքսի կամ սպանությունների մասին, - հարցրեց Ջոննին:

Գատը ուշադրություն չդարձրեց նրան.

- Իսկ միգուցե հողը ընդհանրապես չպե՞տք է պատկանի մարդկանց: Կամ միգուցե սեփականացնելու համար պետք է լինեն սահմանափակումնե՞ր. - Նա թեքվեց առաջ. - Երբ ես այս ձմեռ գնացի Հնդկաստան կամավորական ծրագրով, մենք այնտեղ զուգարաններ կառուցեցինք: Որովհետև մարդիկ այնտեղ, կոնկրետ այդ գյուղում, չունեին զուգարաններ:

- Մենք բոլորս էլ գիտենք, որ դու գնացել ես Հնդկաստան, - ասաց Ջոննին, - դու դա մեզ ասել ես մոտ քառասունյոթ անգամ:

Սա այն էր, ինչ ես սիրում էի Գատի մեջ. նա այնքան էնտուզիաստ էր, այնքան անկեղծ հետաքրքրված աշխարհով, որ չէր կարողանում պատկերացնել՝ ինչպե՞ս կարող են նրա դատողությունները մարդկանց ձանձրացնել: Նույնիսկ, երբ դա ասում էին նրա ճակատին: Բայց նա մեկ է չի կարողանում հեշտությամբ նահանջել: Նա ուզում է, որ մենք մտածենք այդ մասին, նույնիսկ, եթե ցանկություն չունենք: