Добавить в цитаты Настройки чтения

Страница 38 из 46

Երբեմն երազ եմ տեսնում , որ այդ կացնով մարդը պապիկն է :

Երբեմն էլ , այդ մարդը ես եմ :

Երբեմն , այդ մարդը Գատն է :

Կներես , խելագարություն է թվում : Ձեռքերս դողում են , քանի դեռ հավաքում եմ սա ու էկրանը չափազանց պայծառ է :

Երբեմն գլուխս այնքան ուժեղ է ցավում , որ ցանկանում եմ մեռնել : Ես շարունակ գրում եմ քեզ իմ պայծառ մտքերը , բայց երբեք չեմ ասում մութ մտքերի մասին , չնայած դրանք միշտ կան : Եվ փաստորեն ասում եմ հիմա : Նույնիսկ եթե չպատասխանես , միևնույն է , ես կիմանամ , որ ինչ - որ մեկը գոնե լսում է ինձ , գոնե այդպես :

Կադենս»:

Մենք կարդում ենք բոլոր քսանութ նամակները: Վերջացնելուց հետո Միրրենը համբուրում է այտս:

- Նույնիսկ չեմ կարող ներողություն խնդրել, - ասում է նա ինձ, - Նույնիսկ Էրուդիտում չկա բառ, որ կնկարագրի, թե որքան եմ ամաչում:

Հետո նա գնաց:

75

Ես վերցնում եմ լափթոփը անկողնուս վրա ու փաստաթուղթ ստեղծում: Պատից պոկում եմ իմ գրառումները ու սկսում եմ դրանք և բոլոր նոր հիշողություններս համակարգչով հավաքել՝ արագ ու հազար սխալներով: Բաց տեղերը, որտեղ ոչինչ չեմ հիշում, լրացնում եմ ենթադրություններով:

Սինքլեր սոցիալական և ճաշի կենտրոն:

Դու այլևս երբեք չես տեսնի քո այդ ընկերոջը:

Նա ուզում է որ քեզնից հեռում մնամ:

Մենք պաշտում ենք Ուինդեմիրը, այնպես չէ՞, Կադի:

Մորաքույր Քերրին լացում է, Ջոննիի ժակետը հագին:

Գատը գնդակներ է նետում շների համար թենիսի կորտում:

Աստված իմ, Աստված իմ, Աստված իմ:

Շները:

Շները, գրողը տանի:

Ֆաթիման ու Պրինց Ֆիլիպը:

Ոսկեգույնները սատկեցին հրդեհի ժամանակ:

Հիմա հասկանում եմ և դա իմ մեղքով: Նրանք չլսող շներ էին, ոչ Բոշի, Գրենդելի ու Փոպպիի նման, որոնց մայրիկն էր վարժեցրել: Ֆաթիման ու Պրինց Ֆիլիպը ծովափին ծովային աստղեր էին ուտում, հետո հետ տալիս հյուրասենյակում: Նրանք թափ էին տալիս ջուրը իրենց գզգզված մորթուց, ուտում էին պիկնիկի ուտելիքները, կրծոտում էին ֆրիսբին, դարձնելով մանր անպետք պլաստմասե կտորներ: Նրանք սիրում էին թենիսի գնդակներ ու կարող էին գնալ կորտ ու լիզոտել յուրաքանչյուրը, որ կլիներ մոտակայքում: Նրանք չէին նստի, երբ ասում էին նստել: Նրանք ուտելիք էին «խնդրում», երբ մենք սեղանի շուրջն էինք:

Երբ հրդեհը սկսվեց, շները հյուրերի համար նախատեսված ննջասենյակներից մեկում էին: Պապիկը հաճախակի էր նրանց փակում վերևում, երբ Քլերմոնտում մարդ չէր լինում կամ գիշերները: Այդպես նրանք չէին ծամի մարդկանց կոշիկները կամ չէին հաչա ապակե դռների մոտ:

Պապիկը փակել էր նրանց կղզուց հեռանալուց առաջ:

Իսկ մենք չէինք մտածել նրանց մասին:

Ես սպանել եմ այդ շներին: Դա ես էի, որ ապրում էի շների հետ, ես էի, որ գիտեի որտեղ են Պրինց Ֆիլիպը ու Ֆաթիման քնում: Մնացած Ստախոսները ոսկեգույնների հետ կապված չէին… ոչ այդքան շատ: Ոչ իմ նման:

Նրանք վառվեցին մինչև մահ: Ես ինչպե՞ս կարող էի մոռանալ նրանց: Ինչպե՞ս կարող էի այդքան տարված լինել իմ սեփական, հիմար հանցավոր գործով, իմ զայրույթով՝ մորաքույրերի ու պապիկի հանդեպ…

Ֆաթիման ու Պրինց Ֆիլիպը վառվում են: Հոտոտում են դուռը, շնչում են ծուխը, հույսով շարժում են իրենց պոչերը, սպասելով որ որևէ մեկը կգա ու կտանի իրենց, հաչում են:

Սարսափելի մահ այդ խեղճ, սիրելի, չարաճճի շների համար:

76

Դուրս եմ վազում Ուինդեմիրից: Հիմա մութ է, համարյա ընթրիքի ժամն է: Զգացմունքներս դուրս են թափվում աչքերիցս, ճմռթելով դեմքս, անցնելով կմախքիս միջով, երբ ես պատկերացնում եմ շներին՝ փրկվելու հույսով, աչքերները դռանը հառած, երբ ծուխը ներս է լցվում:

Ու՞ր գնալ: Չեմ կարող նայել Ստախոսների երեսներին Քադդլդաունում: Րեդ Գեյթում կարող է լինել Ուիլլը կամ մորաքույր Քերրին: Այս անիծված կղզին շատ փոքր է իրականում, գնալու տեղ չկա: Ես թակարդում եմ գտնվում կղզու վրա, որտեղ սպանել եմ այն խեղճ, խեղճ շներին:

Առավոտվա իմ ամբողջ քաջությունը,

ուժը,

իդեալական հանցագործությունը,

պատրիարխատի զավթումը,

այն, որ մենք՝ Ստախոսներս, պահպանեցինք ամառային իդիլիան ու այն դարձրինք ավելի լավը,

այն, որ մենք պահեցինք մեր ընտանիքի միասնությունը՝ ոչնչացնելով որոշ մաս…

այդ ամենը ցնդաբանություն էր:

Շները սատկած են,

Այդ հիմարիկ, սիրելի շները,





շները, որոնց ես կարող էի փրկել,

անմեղ շները, որոնց դեմքերը սկսում էին փայլել, երբ նրանց էիր մոտեցնում մի համբուրգերի կտոր,

կամ երբ նույնիսկ նրանց անուններն էիր տալիս,

շները, որոնք սիրում էին շրջել նավակներով,

որոնք ամբողջ օրը ազատ վազվզում էին թաթերը կեղտոտելով:

Ի՞նչ տեսակի մարդ պետք է լինես, որ նման գործողություններ անես՝ առանց մտածելու, թե ովքեր կարող էին փակված լինել վերևի սենյակներում՝ վստահելով մարդկանց, ովքեր միշտ խնամել ու սիրել են նրանց:

Ես լաց եմ լինում անսովոր, լուռ հեծկլտանքով, կանգնած Ուինդեմիրի ու Րեդ Գեյթի միջև եղած ճանապարհին: Դեմքս թաց է, կրծքավանդակս կծկվում է: Դժվար քայլերով վերադառնում եմ տուն:

Գատը աստիճաններին է:

77

Նա ցատկում է աստիճաններից, երբ նկատում է ինձ և գալիս գրկում: Ես լացում եմ նրա ուսին, ձեռքերս նրա վերարկուի տակից սեղմելով նրա մեջքին:

Նա չի հարցնում ինչ է պատահել, մինչև ես ինքս չեմ պատմում.

- Շները, - վերջապես ասում եմ ես, - մենք սպանեցինք շներին:

Նա մի պահ լռում է: Հետո.

- Հա:

Այլևս ոչինչ չեմ ասում, մինչև մարմինս չի դադարում դողալ:

- Արի նստենք, - ասում է Գատը:

Մենք նստում ենք պատշգամբի աստիճաններին: Գատը գլուխը դնում է գլխիս:

- Ես սիրում էի նրանց, - ասում եմ:

- Բոլորս էլ սիրում էինք:

- Ես… - շունչս կտրվում է, - ես չեմ կարծում, որ այլևս կարող եմ խոսել այդ մասին, հակառակ դեպքում նորից կսկսեմ լացել:

- Լավ:

Որոշ ժամանակ այդպես նստում ենք:

- Միայն դա՞. – հարցնում է Գատը:

- Ի՞նչ:

- Միայն դա՞ էր, ինչի պատճառով լացում էիր:

- Աստված չանի, որ էլի պատճառ լինի:

Նա լուռ է:

Եվ շարունակում է լուռ մնալ:

- Գրողը տանի, էլի՞ պատճառ կա. – ասում եմ ես, ու ներսումս զգում եմ դատարկություն ու սառնություն:

- Հա, - ասում է Գատը, - էլի մի բան:

- Այն, որ մարդիկ ինձ չեն ասում: Այն, որ մայրիկը կնախընտրեր չհիշեի:

Նա մի րոպե մտածում է:

- Կարծում եմ մենք քեզ ասում ենք, բայց դու չես ցանկանում լսել: Դու հիվանդ էիր, Կադենս:

- Դուք ինձ ոչ մի ճշգրիտ բան չեք ասում, - ասում եմ ես:

- Ոչ:

- Ինչու՞, գրողը տանի:

- Փեննին ասաց՝ այդպես ավելի լավ կլինի: Ու… դե, այստեղ բոլորիս հետ, ես հավատում էի, որ դու կհիշես:

Նա վերցնում է ձեռքը ուսիցս ու ձեռքերով գրկում ծնկները:

Գատը, իմ Գատը:

Նա մտածմունք է ու էնտուզիազմ: Ամբիցիա ու թունդ սուրճ: Ես սիրում եմ նրա շագանակագույն աչքերի կոպերը, նրա հարթ, թուխ մաշկը, նրա ստորին շրթունքը, որ դուրս է ցցված: Նրա մտքերը: Նրա մտքերը: