Добавить в цитаты Настройки чтения

Страница 35 из 46

- Պապիկը գիտի, որ ինչ-որ բան է կատարվում ձեր երկուսի միջև: Նա գոհ չէ:

Ես ասացի նրան, որ սիրահարվել եմ:

Նա ասաց, որ հիմար չլինեմ:

- Դու ապագադ ես վտանգում, - ասաց նա, - մեր տունը: Քո կրթությունը: Հանուն ինչի՞:

- Սիրո:

- Ընդամենը ամառային սիրավեպ: Տղային հանգիստ թող:

- Ոչ:

- Սերը հավերժ չի տևում, Կադի: Դու դա գիտես:

- Չգիտեմ:

- Դե ուրեմն հավատա ինձ, այդպես է:

- Մենք դու ու հայրիկը չենք, - ասացի ես, - ձեր նման չենք:

Մայրիկը խաչեց ձեռքերը կրծքին:

- Մեծացիր վերջապես, Կադենս: Նայիր աշխարհին այնպիսին, ինչպիսին այն կա, այլ ոչ այնպիսին, ինչպիսին դու ես ցանկանում որ լինի:

Ես նայեցի նրան: Իմ գեղեցկուհի, բարձրահասակ մայրիկը, իր սիրուն գանգուրներով ու իր կոպտացած, ծանր բերանով: Նրա երակները երբեք չէին բացվել: Նրա սիրտը երբեք դուրս չէր թռչել, անօգնական չէր ընկել հատակին: Նա երբեք չէր հալվել: Նա նորմալ էր: Միշտ: Ամեն գնով:

- Հանուն մեր ընտանիքի բարեկեցության, - ի վերջո ասաց նա, - դու պետք է նրան թողնես:

- Ոչ:

- Դու պարտավոր ես: Ու երբ դա անես, համոզվիր, որ պապիկը գիտի: Ասա նրան, որ դա չնչին բան էր, ու ասա որ երբեք էլ ոչինչ չի նշանակել: Ասա նրան, որ նա անհանգստանալու պատճառ չունի այդ տղայի հետ կապված, իսկ հետո պատմիր նրան Հարվարդի մասին, թենիսի թիմի մասին ու ապագայի, որ ունես առջևում: Դու ինձ հասկացա՞ր:

Ես չհասկացա ու չէի էլ հասկանա:

Ես վազեցի դուրս տնից դեպի Գատի գիրկը:

Արյունս հոսում էր նրա վրա, և նա դեմ չէր:

Ուշ գիշերին Միրրենը, Գատը, Ջոննին ու ես գնացինք Քլերմոնտի ետևի գարաժը: Գտանք մուրճեր: Կար ընդամենը երկու հատ, այդ պատճառով Գատը վերցրեց մեծ կլուչ, իսկ ես վերցրի այգու ծանր մկրատ:

Մենք հավաքեցինք Քլերմոնտի փղոսկրից սագը, Ուինդեմիրի փիղը, Րեդ Գեյթի կապիկներն ու Քադդլդաունի գորտը: Իջեցրինք դրանք նավամատույց մթության մեջ և կոտրեցինք դրանք կլուչով, մուրճերով ու մկրատով մինչև փղոսկրից մնաց միայն փոշին:

Գատը կռացավ, սառը ծովից հանեց դույլով ջուր ու լցնելով նավամատույցին մաքրեց այն:

68

Մենք մտածեցինք:

Մենք քննարկեցինք:

Ի՞նչ, եթե՝ ասացինք մենք,

Ի՞նչ, եթե

մեկ ուրիշ աշխարհում,

զուգահեռ իրականությունում,

Աստված ձգել է մատը, ու

կայծակը հարվածել է Քլերմոնտին:

Ի՞նչ, եթե

Աստված այն կրակի է տվել:

Այդպես նա պատժած կլիներ ագահներին, սնապաշտներին, կողմնակալներին, նորմալներին, չարերին:

Նրանք կապաշխարեին իրենց արարքների համար:

Իսկ դրանից հետո, նորից կսովորեին միմյանց սիրել:

Կբացեին իրենց հոգիները: Կբացեին իրենց երակները: Կսրբեին իրենց ժպիտները:

Կլինեին ընտանիք: Կմնային ընտանիք:

Մեր մտքերը հոգևոր բնույթ չունեին:

Բայց միևնույն ժամանակ հոգևոր էին:

Պատիժ:

Մաքրում կրակով:

Կամ երկուսը միասին:

69





Հաջորդ օրը՝ տասնհինգերորդ ամառ, հուլիսի վերջ, Քլերմոնտում ճաշ էր: Հերթական ճաշը նախորդների նման մեծ սեղանի շուրջ: Էլ ավելի շատ արցունքներ:

Ձայները այնքան բարձր էին, որ մենք Ստախոսներով բարձրացել էինք Րեդ Գեյթի ճանապարհով ու կանգնած այգու դիմաց լսում էինք:

- Ես ստիպված եմ ամեն օր արժանանալ քո սիրուն, հայրիկ, - մի կերպ արտասանեց մայրիկը, - ու շատ ժամանակ ինձ մոտ չի ստացվում: Դա արդար չէ, գրողը տանի: Քերրին ստանում է մարգարիտները, Բեսսը ստանում է Բոստոնի տունը, Բեսսը ստանում է Ուինդեմիրը: Քերրին ունի Ջոննիին, ու դու նրան կտաս Քլերմոնտը, ես գիտեմ, դու նրան ես տալու: Ես կմնամ առանց ինչ-որ բանի, ոչնչով, այն դեպքում, երբ Կադին պետք է լիներ այն միակը: Առաջնեկը, դու միշտ այդպես էիր ասում:

Պապիկը իր տեղից՝ սեղանի գլխից, կանգնեց.

- Պենելոպա:

- Ես նրան կվերցնեմ հեռու այստեղին, դու լսու՞մ ես ինձ: Ես կհեռացնեմ Կադիին, ու դու նրան էլ երբեք չես տեսնի:

Պապիկի ձայնը թնդաց բակով մեկ.

- Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, - ասաց նա, - դու, կարծես թե դա չես հասկանում, Փեննի, այնպես որ թույլ տուր ես բացատրեմ: Ամերիկայում, ահա թե ինչպես ենք մենք գործում. մենք աշխատում ենք նրա համար, ինչ ցանկանում ենք ու հասնում ենք դրան: Մենք երբեք «ոչը» որպես պատասխան չենք ընդունում, ու մենք պարգևատրվում ենք մեր հաստատակամության համար: Ուիլլ, Թաֆտ, լսու՞մ եք:

Տղաները արագ-արագ գլխով արեցին: Պապիկը շարունակեց.

- Մենք՝ Սինքլերներս, հին ազնվական ընտանիք ենք: Սա այն է, ինչով պետք է հպարտանանք: Մեր ավանդույթներն ու արժեքները պետք է լինեն հիմք մեր ապագա սերունդների համար: Այս կղզին մեր տունն է, ինչպես իմ հոր ժամանակ էր, իսկ նրանից առաջ՝ պապիս: Ու ահա դուք՝ երեք կանայք՝ ամուսնալուծված, քանդված ընտանիքներով, ավանդույթների նկատմամբ ձեր անարգանքով, աշխատանքային էթիկայի բացակայությամբ ոչինչ չեք արել, բացի հիասթափեցնելուց ծեր մարդուն, ով կարծում էր, թե ձեզ ճիշտ է դաստիարակել:

- Հայրիկ, խնդրում եմ. – ասաց Բեսսը:

- Ձա՛յնդ, - գոռաց պապիկը, - դուք չեք կարող ակնկալել, որ ես կհամակերպվեմ ձեր այս ընտանիքի արժեքները անտեսելու հետ, ու ձեզ ու ձեր երեխաներին ֆինանսապես կապահովեմ: Ձեզնից ոչ ոք չի կարող դա ակնկալել: Բայց չնայած դրան, մեկ է, օր օրի ես տեսնում եմ, դուք շարունակում եք պահանջել: Ես այլևս չեմ պատրաստվում դա հանդուրժել:

Բեսսը սկսեց լաց լինել:

Քերրին բռնեց Ուիլլի թևից ու քայլեց նավամատույցի ուղությամբ:

Մայրիկը իր գինու բաժակը հարվածեց Քլերմոնտի պատին:

70

- Հետո ի՞նչ եղավ. – հարցնում եմ Ջոննիին:

Մենք դեռ պառկած ենք Քադդլդաունի հատակին, վաղ առավոտ է: Ամառ տասնյոթերորդ:

- Դու չե՞ս հիշում. – ասում է նա:

- Ոչ:

- Մարդիկ սկսեցին լքել կղզին: Քերրին վերցրեց Ուիլլին, գնաց Էդգարթաունի հյուրանոց ու ինձ ու Գատին ասաց, որ հնարավորինս շուտ ճամպրուկները հավաքենք ու միանանք իրեն: Աշխատակազմը հեռացավ ութին: Մայրդ էլ գնաց տեսնելու իր այն ընկերուհուն Վինեարդի…

- Է՞լիսին:

- Այո, Էլիսը եկավ նրա ետևից, բայց դու հրաժարվեցիր գնալ ու ի վերջո նա ստիպված էր գնալ առանց քեզ: Պապիկը գնաց մայրցամաք: Իսկ հետո մենք որոշեցինք հրդեհ սարքել:

- Մենք դա պլանավորել էինք. – ասում եմ ես:

- Պլանավորել էինք: Մենք Բեսսին համոզեցինք, որ վերցնի մեծ նավակը ու փոքրերին տանի Վինեարդ ֆիլմ դիտելու:

Քանի դեռ Ջոննին պատմում է, հիշողությունները արթնանում են: Հիշում եմ մանրամասներ որ նա չի բարձրաձայնում:

- Երբ նրանք հեռացան, մենք խմեցինք գինին, որ նրանք բացած թողել էին սառնարանում, - ասում է Ջոննին, - չորս շիշ: Եվ Գատը այնքան զայրացած էր…

- Նա ճիշտ էր, - ասում եմ ես:

Ջոննին դեմքը շրջում է հատակին ու նորից այդպես խոսում.

- Որովհետև նա այլևս չէր կարող ետ վերադառնալ: Եթե մայրիկը ամուսնանար Էդի հետ, նրանք բոլորից կտրված կլինեին: Իսկ եթե մայրիկը լքեր Էդին, Գատը մեր ընտանիքի հետ էլ ոչ մի կապ չէր ունենա:

- Քլերմոնտը ասես ամեն մի սխալ բանի սիմվոլը լիներ. – Միրրենի ձայնն է: Նա այնքան լուռ էր եկել, որ չէի լսել: Հիմա նա պառկում է հատակին Ջոննիի կողքին, բռնում նրա մյուս ձեռքը:

- Պատրիարխատի նստավայրը, - ասում է Գատը: Նրա գալը նույնպես չէի լսել: Նա պառկում է իմ կողքին: //(պատրիարխատ-հայրիշխանություն)

- Էշի մեկն ես, Գատ, - ասում է Ջոննին, առանց ինչ-որ չարության, - դու միշտ ասում ես «պատրիարխատ»:

- Ես հենց դա էլ նկատի ունեմ:

- Դու այն խցկում ես որտեղ կարող ես: Պատրիարխատ տոստի վրա: Պատրիարխատ տաբատիս մեջ: Քամած լիմոնով պատրիարխատ:

- Քլերմոնտը նման էր պատրիարխատի նստավայրի, - կրկնում է Գատը, - ու այո, մենք խմած հիմարներ էինք, այո, մենք կարծում էինք նրանք ընտանիքը մաս-մաս են արել, և որ ես այլևս չեմ գա այստեղ: Մենք մտածում էինք, որ եթե տունը վերանար, նրանում եղած փաստաթղթերն ու տվյալները վերանային, եթե նրանց վեճերի բոլոր դրդապատճառները վերանային, իշխանությունը նույնպես կվերանար:

- Մենք կարող էինք դառնալ ընտանիք. – ասում է Միրրենը:

- Դա ասես մաքրում լիներ. – ասում է Գատը:

- Նա հիշում է, որ մենք ենք կրակը սարքել, միայն այդքանը. – ասում է Ջոննին, նրա ձայնը անսպասելի բարձր է:

- Ու մի քանի ուրիշ բաներ, - ավելացնում եմ ես՝ նստելով ու նայելով Ստախոսներին առավոտյան լույսի տակ, - ինչքան պատմում եք, այնքան շատ բան եմ սկսում հիշել:

- Մենք քեզ պատմում ենք բոլոր այն բաները, ինչ տեղի են ունեցել մինչև մեր հրդեհ սարքելը. – ասում է Ջոննին դեռ բարձր ձայնով:

- Այո. – ասում է Միրրենը:

- Մենք սարքեցինք կրակ, - ասում եմ ես մտածելով, - մենք չէինք հեկեկում կամ արյուն թափում, դրա փոխարեն ինչ-որ բան արեցինք: Փոփոխություն: