Добавить в цитаты Настройки чтения

Страница 34 из 46

Խնդիրը նրանում է , որ դա շատ դժվար է հավատացնել աղջկա հորը :

Նրա հայրը տեսնում է ատամներ ու երախ , նա լսում է սոսկալի մռնչոց , երբ Գեղեցկուհին իր նոր ամուսնուն բերած է լինում տուն այցելության : Նշանակություն չունի որքան քաղաքակիրթ ու կրթված է ամուսինը : Նշանակություն չունի որքան բարի է :

Հայրը տեսնում է վայրի կենդանի , և նրա նողկանքը երբեք չի կորի :

66

Գիշեր, տասնհինգերորդ ամառ, Գատը քարեր նետեց իմ ննջասենյակի պատուհանին: Ես գլուխս դուրս հանեցի, տեսա նրան կանգնած ծառերի արանքում, լուսնից նրա մաշկը փայլում էր, աչքերը՝ լուսավորվում:

Նա սպասում էր ինձ պատշգամբի աստիճանների մոտ:

- Ես շոկոլադի կարիք եմ զգում ահավոր շատ, - շշուկով ասաց նա, - այնպես որ ես հարձակում եմ գործում Քլերմոնտի մառանի վրա: Դու ինձ հե՞տ ես:

Ես գլխով արեցի ու մենք միասին, մեր մատները միահյուսած քայլեցինք նեղ ճանապարհով: Մենք քայլեցինք Քլերմոնտի այն մուտքի մոտ, որը տանում էր թենիսի ռակետներով ու լողի սրբիչներով լցված միջանցքը: Մի ձեռքը դռանը տարած, Գատը պտտվեց ու ինձ սեղմեց իրեն:

Նրա տաք շրթունքները իմ շրթունքներին,

մեր ձեռքերը դեռ միասին էին,

այնտեղ, տան դռան մոտ:

Մի պահ մենք երկուսս մենակ մնացինք մոլորակի վրա, երկինքը ամողջովին, ապագան ու անցյալը պտտվեցին մեր շուրջը:

Թաթերի վրա քայլելով գնացինք միջանցքով հսկա մառան, որ բաց էր խոհանոցի վերջում: Սենյակը հնաոճ էր, ծանր, փայտե դարակներով ու պահարաններով՝ լցված մարինացված բանջարեղենով, այն ժամանակ երբ տունը նոր կառուցվել էր: Հիմա այստեղ պահվում էր քաղցրավենիք, գինի, չիպսեր, արմատային բանջարեղեն, գազավորված ջուր: Մենք լույսը անջատած թողեցինք, այն դեպքի համար եթե ինչ-որ մեկը մտնի խոհանոց, չնայած գիտեինք՝ Քլերմոնտում միայն պապիկն էր քնում: Գիշերը նա երբեք ոչինչ չէր լսի: Ցերեկները կրում էր լսողական ապարատ:

Մենք զբաղված էինք որոնումներով, երբ ձայներ լսեցինք: Մորաքույրերն էին խոհանոց մտնում, նրանց խոսքերը անհասկանալի էին ու հիստերիկ:

- Ահա թե ինչի համար են մարդիկ իրար սպանում, - կոպիտ ասաց Բեսսը, - ես ավելի լավ է դուրս գամ սենյակից, քանի դեռ չեմ արել մի բան, ինչի համար կփոշմանեմ:

- Ասա, որ լուրջ չես. – ասաց Քերրին:

- Մի՛ ասա ինձ, ես լուրջ եմ, թե ոչ, - գոռաց Բեսսը, - դու ունես Էդին: Դու այնքան գումարի կարիք չունես, որքան ես:

- Դու արդեն ճանկել ես Բոստոնի տունը, - ասաց մայրիկը, - կղզին հանգիստ թող:

- Ո՞վ զբաղվեց մայրիկի թաղման արարողությամբ, - շարունակեց Բեսսը, - ո՞վ շաբաթներով մնաց հայրիկի կողքին, ո՞վ զբաղվեց փաստաթղթերով, զրուցեց հյուրերի հետ, գրեց շնորհակալական բացիկները:

- Դու նրան մոտ ես ապրում, - ասաց մայրիկը, - դու հենց այնտեղ էիր:

- Ես զբաղվում էի տնային գործերով, չորս երեխաները կողքիս և պահելով աշխատանքս, - ասաց Բեսսը, - ի տարբերություն ձեզ:

- Կես դրույքով աշխատանք, - ասաց մայրիկը, - ու եթե դու նորից չորս երեխու անուն տաս, ես կգոռամ:

- Ես էլ եմ տնային գործերով զբաղվել. – ասաց Քերրին:

- Ձեզնից յուրաքանչյուրը կարող էր գալ մեկ կամ երկու շաբաթով: Դուք այդ ամբողջը թողեցիք իմ վրա, - ասաց Բեսսը, - ես միակն եմ, ով զբաղվում է հայրիկով ամբողջ տարի: Ես միակն եմ, ով վազում է նրա մոտ, երբ նա օգնության կարիք է ունենում: Ես միակն եմ, ով գործ է ունենում նրա ցնորության ու նրա վշտի հետ:

- Մի ասա այդպես, - ասաց Քերրին, - դու չգիտես ինչքան հաճախ է նա ինձ զանգում: Դու չգիտես ինչեր եմ ես ստիպված լինում կուլ տալ, միայն նրա համար, որ լինեմ նրա համար լավ դուստր:

- Գրողը տանի, ես այնքան շատ եմ ուզում այդ տունը, - շարունակեց Բեսսը, ասես ոչինչ չէր լսում, - ես վաստակել եմ այն: Ո՞վ էր մայրիկին տանում բժշկի հետ տեսակցություններին: Ո՞վ էր նստում նրա մահճակալի կողքին:

- Այդպես արդար չէ, - ասաց մայրիկը, - դու գիտես, ես երկար ճանապարհ կտրեցի եկա: Քերրին նույնպես եկավ:

- Այցելության. – ֆշշացրեց Բեսսը:





- Դու պարտավորված չէիր այդ ամենը անել, - ասաց մայրիկը, - ոչ ոք քեզ չէր խնդրել:

- Ուրիշ ոչ ոք չկար, որ դա աներ: Դուք ամբողջը թողեցիք իմ վրա, ու երբեք ինձ շնորհակալ չեղաք: Ես ճկռում եմ Քադդլդաունում, իսկ նրա խոհանոցը ամենավատն է: Դուք երբեք չեք լինում այնտեղ, դուք կզարմանայիք, եթե տեսնեիք ինչքան է հալից ընկել այն: Նրանից գրեթե ոչինչ չի մնացել: Մայրիկը վերանորոգեց Ուինդեմիրի խոհանոցը, նախքան մահանալը, և Րեդ Գեյթի ննջասենյակները, բայց Քադդլդաունը մնաց այնպիսին, ինչպես կար: Ու հիմա դուք երկուսդ այստեղ դժգոհում եք այն փոխհատուցման համար, որ ես ստացել եմ այն ամեն ինչի դիմաց, որ արել եմ ու շարունակում եմ անել:

- Դու համաձայն էիր Քադդլդաունի նկարների հետ, - վրա է տալիս Քերրին, - դու ցանկացար այդ տեսարանը: Քոնն է միակ ծովափյա տունը, Բեսս, և դու ունես հայրիկի ամբողջ նվիրվածությունն ու հավանությունը: Ես կարծում էի դա քեզ հերիք է: Աստված վկա, մեզ երկուսիս համար անհնար է դրան հասնելը:

- Դու ինքդ դա չընտրեցիր, - ասաց Բեսսը, - դու ընտրեցիր Էդին, ընտրեցիր նրա հետ կյանքը: Դու որոշեցիր ամեն ամառ այստեղ բերել Գատին, իմանալով հանդերձ, որ նա մեզնից մեկը չէ: Դու գիտես ինչպես է հայրիկը մտածում, ու դու ոչ միայն վազվզում ես Էդի շուրջը, այլ նաև նրա քրոջորդուն բերում ես այստեղ և ցուցադրում ես բոլորին, ինչպես երես առած, փոքրիկ աղջնակը իր արգելված խաղալիքը: Քո աչքերը միշտ էլ լայն բաց են եղել:

- Չտաս Էդի անունը, - բղավեց Քերրին, - ձայնդ կտրիր, ձայնդ կտրիր:

Հետո ապտակ… Քերրին հարվածեց Բեսսի բերանին:

Բեսսը հեռացավ: Դռները շրխկացին:

Մայրիկը նույնպես հեռացավ:

Գատն ու ես նստած էինք մառանի հատակին, ձեռք ձեռքի բռնած: Փորձում էինք չշնչել, փորձում էինք չշարժվել, քանի դեռ Քերրին բաժակները դնում էր սպասք լվացող մեքենան:

67

Մի քանի օր անց պապիկը Ջոննիին կանչեց Քլերմոնտի իր աշխատասենյակ: Խնդրեց նրան իրեն լավութուն անել:

Ջոննին ասաց ոչ:

Պապիկը սպառնաց, որ կդատարկի Ջոննիի քոլեջի ֆոնդը, եթե Ջոննին հրաժարվի դա անել:

Ջոննին ասաց, որ ինքը չի խառնվում մոր սիրային կյանքին, և որ ինքը կարող է մեծ հաջողությունների հասնել նաև անվճար քոլեջում սովորելով:

Պապիկը զանգեց Թետչերին:

Ջոննին պատմեց Քերրիին:

Քերրին խնդրեց Գատին դադարի գալ Քլերմոնտի ընթրիքներին:

- Դրանից Հարրիսը բորբոքվում է, - ասաց նա, - մեզ բոլորիս համար ավելի լավ կլինի, եթե դու մնաս Րեդ Գեյթում, կարող ես մակարոն պատրաստել, կամ ես կարող եմ Ջոննիին ասել, նա քեզ կերակուրից կբերի: Դու հասկանում ես, այնպես չէ՞: Մինչև ամեն ինչ իր տեղը կընկնի:

Գատը մեկ է չհասկացավ:

Ջոննին նույնպես:

Մենք բոլորս՝ Ստախոսներս, դադարեցինք գնալ ընթրիքի:

Դրանից ոչ շատ ուշ Բեսսը ասաց Միրրենին, որ ավելի շատ ճնշում գործադրի պապիկի վրա Ուինդեմիրի համար: Նա պետք է վերցներ Բոննիին, Լիբերտիին ու Թաֆտին իր հետ և զրուցեր պապիկի հետ նրա աշխատասենյակում: Միրրենը պիտի ասեր, որ իրենք են այս ընտանիքի ապագան: Ջոննին ու Կադին բավարար մաթեմատիկական գիտելիքներ չունեին Հարվարդի համար, մինչդեռ Միրրենն ուներ: Միրրենը միակն էր, որ ուներ բիզնես-մտածելակերպ, նա էր պապիկի ամբողջ ստեղծածի արժանի ժառանգորդը: Ջոննին ու Կադին չափազանց թեթևամիտ էին: Եվ նայեք այս գեղեցիկ երեխաներին. անուշիկ, խարտյաշ երկվորյակներին, պեպենոտ Թաֆտին: Նրանք Սինքլերներ էին, իրենց ամեն ինչով:

«Կասես այս ամենը». – ասել էր Բեսսը: Բայց Միրրենը հրաժարվեց:

Բեսսը վերցրեց նրա հեռախոսը, նրա լափթոփն ու ձեռքի գումարը:

Միրրենը մեկ է հրաժարվեց:

Մի երեկո մայրիկը հարցրեց իմ ու Գատի մասին: