Добавить в цитаты Настройки чтения

Страница 28 из 46

Միրրենի ծովային հիվանդությունը գլուխ է բարձրանում, չնայած մենք թիավարել էինք ընդամենը մի քանի րոպե: Նա հիմա հաճախակի է սրտխառնոցներ ունենում, դա անակնկալ չէ: Նա պառկում է, ձեռքերը դնում դեմքին: Ես սպասում եմ, որ տղաները կհանեն, կդասավորեն պիկնիկի իրերը՝ նրանք իրենց հետ ունեն մեծ պայուսակ, բայց փոխարենը Գատը և Ջոննին սկսում են բարձրանալ քարե բեկորներով: Հասկանում եմ, որ նրանք առաջ էլ են դա արել: Բոբիկ են, բարձրանում են ամենաբարձր կետը՝ ջրից հաշված մոտ քսանհինգ ֆուտ //(7-8 մետր), կանգնում են ժայռի այն մասում, որ կախված է ծովի վրա:

Ես նայում եմ նրանց, մինչ նրանք նստում են:

- Ի՞նչ եք անում:

- Մենք մեզ պահում ենք իսկական տղամարդու նման. – բացականչում է Ջոննին: Նրա ձայնը արձագանքում է:

Գատը ծիծաղում է:

- Չէ, լուրջ. – ասում եմ ես:

- Կարող է թվալ, թե մենք քաղաքի թուլամորթ տղաներ ենք, բայց իրականում մենք լի ենք տղամարդկությամբ ու տեստոտերոնով:

- Այդպես չէ:

- Այո այդպես է:

- Օյ, խնդրում եմ: Ես բարձրանում եմ ձեզ մոտ:

- Ո՛չ, պետք չէ. – ասում է Միրրենը:

- Ջոննին ինձ դրդեց, - ասում եմ ես, - հիմա ես ստիպված եմ:

Ես սկսում եմ բարձրանալ այն նույն ճանապարհով, ինչ տղաները: Քարերը սառն են ձեռքերիս տակ, ավելի խոնավ քան պատկերացնում էի:

- Պետք չէ, - կրկնում է Միրրենը, - ես հենց սրա համար չէի ուզում, որ դու գաս:

- Իսկ դու՞ ինչու ես եկել, - հարցնում եմ, - չե՞ս պատրաստվում բարձրանալ այնտեղ:

- Անցած անգամ ես թռա, - խոստովանում է Միրրենը, - այդ մի անգամը բավական էր:

- Նրանք թռնու՞մ են. – դա անհնարին է թվում:

- Կանգնիր, Կադի: Դա վտանգավոր է, - ասում է Գատը:

Եվ նախքան ես կշարունակեի բարձրանալ, Ջոննին փակում է քիթը ու թռնում է: Նա ոտքերի վրա թռնում է մեծ ժայռից:

Ես ճչում եմ:

Նա ուժեղ հարվածում է ջրին, և ծովը թրջում է քարե բեկորները: Ոչ ոք չի կարող ասել որքան խորը կամ ոչ խորն է այդտեղ: Նա իրոք կարող էր մահանալ: Կարող էր… բայց նա գլուխը հանում է ջրից, թափ տալով ջուրը իր կարճ, դեղին մազերից ու բղավելով:

- Դու խե՛նթ ես. – բարկանում եմ ես:

Հետո Գատն է թռնում: Այն ժամանակ, երբ Ջոննին թռավ անկանոն շարժումներով ու բղավելով, Գատը լուռ է, ոտքերը միասին: Նա անցնում է սառցե ջրի մեջ հազիվ թե կաթիլ բարձրացնելով: Նա դուրս է գալիս ուրախ, շապիկը քամելով, երբ ետ է բարձրանում չոր քարերի վրա:

- Նրանք հիմարներ են. – ասում է Միրրենը:

Ես նայում եմ վերև՝ այնտեղ, որտեղից նրանք թռան: Անհնար է թվում, որ դրանից հետո ինչ-որ մեկը ողջ կմնա:

Եվ հանկարծ ես ուզում եմ անել դա: Սկսում եմ նորից բարձրանալ:

- Չէ, Կադի, - ասում է Գատը, - Խնդրում եմ, պետք չէ:

- Բայց դուք հենց նոր արեցիք, - ասում եմ ես, - իսկ դու ասացիր, որ ես կարող եմ գալ:

Միրրենը նստում է, նրա դեմքը գունատ է:

- Ես ուզում եմ տուն գնալ, հիմա, - ասում է նա արագ, - ես ինձ լավ չեմ զգում:

- Խնդրում եմ, մի արա, Կադի, ջրում քարեր կան, - կանչում է Ջոննին, - մենք չպետք է քեզ բերեինք:

- Ես հաշմանդամ չեմ, - ասում եմ ես, - ես գիտեմ ինչպես լողալ:

- Հարցը դրանում չէ, դա… դա լավ միտք չէ:

- Ինչու՞ է դա լավ միտք ձեզ համար, իսկ ինձ համար ոչ, - ասում եմ ես: Ես համարյա ամենավերևում եմ: Մատներիս ծայրերին արդեն հետքեր են մնում, քարերին սեղմվելուց: Ադրենալինը անցնում է արյանս մեջ:

- Մենք հիմար էինք, - ասում է Գատը:

- Գլուխ էինք գովում, - ասում է Ջոննին:

- Ետ իջիր, խնդրում եմ. – Միրրենը արդեն լացում է:

Ես ետ չեմ իջնում: Նստում եմ այնտեղ, որտեղից տղաները թռան, ծնկներս սեղմում կրծքիս: Նայում եմ ներքև, փրփրոտ ծովին: Մութ ֆոռմաներ են երևում ջրի երեսին, բայց ես նաև կարողանում եմ տեսնել ազատ տարածքներ: Եթե ես կարողանամ ճիշտ ուղությամբ թռչել, կանցնեմ խորը ջրի տակ:

- «Միշտ արա այն, ինչից վախենում ես». – բացականչում եմ ես:

- Դա ապուշ նշանաբան է, - ասում է Միրրենը, - ես դա քեզ առաջ էլ ասացի:

Ես կապացուցեմ, որ ես ուժեղ եմ, չնայած նրանք կարծում են թե հիվանդ եմ:

Ես կապացուցեմ, որ ես քաջ եմ, չնայած նրանք կարծում են, թե թույլ եմ:

Շուրջս քամիներ են: Միրրենը հեկեկում է: Գատն ու Ջոննին գոռում են վրաս:

Ես փակում եմ աչքերս ու թռչում եմ:

Ջրի հարվածը հոսանքի նման է: Շոկային: Ոտքս քերծվում է քարից, ձախ ոտքս: Ես սուզվում եմ ներքև, ներքև դեպի քարքարոտ հատակը, ու





ես կարողանում եմ տեսնել Բիչվուդ կղզու հիմքը,

իմ ձեռքերն ու ոտքերը անզգայանում են, բայց մատներս սառում են:

Կողքերով ես անցնում են ջրիմուռներ, մինչ ես իջնում եմ ներքև:

Եվ արդեն հետո ես ջրի երեսին եմ, ու շնչում եմ:

Ես նորմալ եմ,

գլուխս նորմալ է,

ոչ ոք ինձ համար լացելու կամ անհանգստանալու կարիք չունի:

Ես լավ եմ:

Ես ողջ եմ:

Լողում եմ դեպի ափ:

Երբեմն ես մտածում եմ իրականության երկակի լինելու մասին: «Կախարդական կյանքում»՝ այն գրքում որ տվել եմ Գատին, կան զուգահեռ աշխարհներ, որտեղ նույն մարդկանց հետ տեղի են ունենում տարբեր իրադարձություններ: Ուրիշ ընտրություն է կատարվել, կամ այլ կերպ է դժբախտ պատահարը տեղի ունեցել: Յուրաքանչյուրն ունի իր կրկնօրինակը զուգահեռ աշխարհում: Տարբեր ինքնություններ, տարբեր կյանքերով, տարբեր ճակատագրերով: Տարբերակներ:

Ես մտածում եմ, օրինակի համար, իսկ եթե կա այսօրվա ուրիշ տարբերակը, որտեղ ես մահանում եմ այդ ժայռից թռչելիս: Ես ունենում եմ հուղարկավորություն, իմ մոխիրը շաղ են տալիս փոքր ափում: Միլիոնավոր ծաղկող պիոններ շրջապատում են իմ սուզվող մարմինը, այն ժամանակ երբ մարդիկ հեկեկում են պատժի ու տանջանքի մեջ: Ես գեղեցիկ դիակ եմ:

Ես մտածում եմ, իսկ եթե կա տարբերակ, որտեղ Ջոննին վնասվում է, նրա ոտքերը ու մեջքը փշրվում են քարերին հարվածելիս: Մենք չենք կարող օգնություն կանչել, ու պետք է ետ թիավարենք կայակները նրա բաց վերքերով: Հետո ինքնաթիռը նրան տեղափոխում է հիվանդանոց, և նա այլևս երբեք չի կարողանում քայլել:

Կամ մեկ ուրիշ տարբերակում, որտեղ ես Ստախոսների հետ չեմ գնում թիավարելու: Թողնում եմ, որ նրանք ինձնից առանձնանան: Նրանք առանց ինձ հանգիստ գնում են՝ ինձ ինչ-որ ստեր ասելով: Մենք մեծանում ենք առանձին, քիչ-քիչ, և արդյունքում մեր ամառային իդիալիան հավերժ կործանվում է:

Ինձ շատ հավանական է թվում, որ այդ տարբերակները գոյություն ունեն:

55

Այդ գիշեր ես արթնանում եմ ցրտից: Ես մի կողմ էի գցել վերմակս, իսկ պատուհանը բաց է: Չափից արագ նստում եմ ու գլուխս պտտվում է:

Հիշողություն:

Մորաքույր Քերրին է, լացում է: Գլուխը կախել է, քիթը քաշում է, բայց չի էլ փորձում մաքրել: Նա կրկնակի մեծ է երևում, դողում է, և թվում է, թե հիմա կփսխի: Մութ է, նա հագել է սպիտակ, բամբակյա բլուզ, վրայից վերարկու… Ջոննիի կապույտ, վանդականախշ վերարկուներից մեկը:

Ինչու՞ է նա հագել Ջոննիի վերարկուն:

Ինչու՞ է նա այդքան տխուր:

Ես վեր եմ կենում, գտնում եմ հաստ, կապյուշոնով սվիտեր ու կոշիկներ: Վերցնում եմ լապտեր ու շարժվում եմ Քադդլդաուն: Մեծ սենյակը դատարկ է ու լուսնից լուսավորված: Խոհանոցի սեղանին դատարկ շշեր են: Ինչ-որ մեկը թողել է կտրտված խնձոր, և այն սևացել է: Ես զգում եմ դրա հոտը:

Միրրենն այստեղ է: Սկզբում ես նրան չէի նկատել: Նա փաթաթվել է գծավոր ադեալով ու տեղավորվել բազմոցին:

- Դու արթուն ես. – շշնջում է նա:

- Ես եկա քեզ տեսնելու:

- Ինչու՞:

- Ես բան հիշեցի: Մորաքույր Քերրին լացում էր: Նա հագել էր Ջոննիի վերարկուն: Դու հիշու՞մ ես Քերրիին լացելիս:

- Պատահել է:

- Բայց տասնհինգերորդ ամռա՞նը, երբ նա ուներ այն կարճ սանրվածքը:

- Ոչ. – ասում է Միրրենը:

- Իսկ ինչու՞ դու քնած չես. – հարցնում եմ:

Միրրենը տարուբերում է գլուխը:

- Չգիտեմ:

Ես նստում եմ:

- Կարո՞ղ եմ քեզ հարց տալ:

- Իհարկե:

- Ինձ պետք է, որ դու ինձ ասես ինչ է տեղի ունեցել մինչև իմ պատահարը: Եվ պատահարից հետո: Դու միշտ ոչ կարևոր բաներ ես պատմում… բայց ինչ-որ բան պետք է պատահած լիներ ինձ հետ, բացի գլխիս հարվածից գիշերվա լողի ժամանակ:

- Ըհըն:

- Դու գիտե՞ս ինչ է եղել:

- Փեննին ասաց, որ բժիշկերը ասել են, որ դա հանգիստ թողնենք: Դու ինքդ կհիշես, երբ ժամանակը գա, և ոչ ոք չպետք է քեզ ճնշի:

- Բայց ես խնդրում եմ, Միրրեն: Ես պետք է իմանամ:

Նա գլուխը դնում է ծնկներին: Մտածում է:

- Դու ի՞նչ ենթադրություններ ունես. – վերջապես ասում է նա:

- Ես… ես մտածում եմ, որ ինչ-որ բանի զոհ եմ դարձել, - դժվար է արտասանել այս բառերը, - ես մտածում եմ, որ ինձ բռնաբարել են, կամ հարձակման եմ ենթարկվել, կամ ինչ-որ ահավոր բան: Այս կարգի բաներն են մարդկանց մոտ ամնեզիա առաջացնում, այդպես չէ՞: