Добавить в цитаты Настройки чтения

Страница 27 из 46

Վախենում եմ մայրիկին ասել, որ ինձ էլի է պետք:

Երբ ինձ արդեն ավելի կայուն եմ զգում, նորից գնում եմ Քադդլդաուն: Արևը կախված է հորիզոնում: Պատշգամբը պատված է կոտրված շշերով: Ներսում ժապավենները պոկվել են առաստաղից ու ոլորված ընկած են հատակին: Լվացարանը լիքն է կեղտոտ, չորացած ամաններով: Ճաշի սեղանը ծածկող շորը կեղտոտ է: Սուրճի սեղանը պատված է թեյի բաժակներից մնացած կլոր հետքերով:

Ստախոսներին գտնում եմ Միրրենի սենյակում, բոլորը կախված են Աստվածաշնչի վրա:

- Էրուդիտի բառի կռիվ, - անմիջապես ասում է Միրրենը, երբ ես մտնում եմ սենյակ: Նա փակում գիրքը, - Գատը ճիշտ էր, ինչպես միշտ: Դու միշտ անտանելի ճիշտ ես, Գատ: Աղջիկները չեն սիրում դա տղաների մեջ, իմացիր:

Էրուդիտի տառերը թափված էին մեծ սենյակով մեկ: Ես տեսա դրանք, երբ մտա տուն:

Նրանք չեն խաղացել:

- Ի՞նչ եք արել վերջին մի քանի օրում. – հարցնում եմ:

- Աստված իմ, - ասում է Ջոննին, ձգվելով Միրրենի մահճակալի վրա, - ես արդեն չեմ էլ հիշում:

- Հուլիսի չորսին, - ասում է Միրրենը, - մենք գնացինք Նոր Քլերմոնտ ընթրելու իսկ հետո բոլորով մեծ մոտորանավակով գնացինք Վինեարդի հրավառությունը դիտելու:

- Այսօր գնացել ենք Նանթակետի փքաբլիթների խանութը, - ասում է Գատը:

Նրանք երբեք ոչ մի տեղ չէին գնում: Երբեք: Երբեք ոչ մեկին տեսնելու չէին գնում: Բայց հիմա, քանի դեռ ես հիվանդ էի, նրանք ուր ասես գնացել են, ում ասես տեսե՞լ են:

- «Դաունիֆլեյք» – ասում եմ ես, - սա այդ խանութի անունն է:

- Հա: Նրանց մոտ ամենաընտիր փքաբլիթներն են. – ասում է Ջոննին:

- Դուք ատում եք փքաբլիթները:

- Իհարկե, - ասում է Միրրենը, - բայց մենք բլիթ չենք վերցրել, այլ բուլկի:

- Ու բոստոնյան կրեմով թխվածք. – ասում է Գատը:

- Ու ժելե. – ասում է Ջոննին:

Բայց ես գիտեմ, որ Դաունիֆլեյքում միայն փքաբլիթներ են լինում: Ոչ մի բուլկի: Ոչ մի ժելե:

Ինչու՞ են նրանք ստում:

52

Նոր Քլերմոնտում ընթրում եմ մայրիկի ու փոքրերի հետ, բայց այս գիշեր նորից սկսում է միգրենս: Այս անգամ ավելի ուժեղ քան նախորդ անգամները: Պառկում եմ իմ մթնած սենյակում: Գիշատիչ թռչունները կտցահարելով ծակում են գլուխս:

Ես բացում եմ աչքերս, ու դիմացս կանգնած է Գատը: Ես տեսնում եմ նրան մշուշի ետևից: Վարագույրների արանքից լույս է ներս ընկնում, այսինքն պիտի որ ցերեկ լինի:

Գատը երբեք չի գալիս Ուինդեմիր: Բայց նա այստեղ է: Նայում է պատիս կպցրած միլիմետրովկային: Ստիկերներին: Նոր հիշողություններ ու տեղեկություններ, որ ավելացրել եմ, քանի դեռ այստեղ եմ եղել, նշումներ պապիկի շների մահվան մասին, պապիկի ու փղոսկրից սագի մասին, Գատը տալիս է ինձ Մորիարտիի գիրքը, մորաքույրերը վիճում են Բոստոնի տան համար:

- Մի կարդա իմ թղթերը, - տնքում եմ ես, - մի կարդա:

Նա ետ է քայլում:

- Այն աչքի առաջ էր: Կներես:

Ես պտտվում եմ ու այտս սեղմում տաք բարձին:

- Ես չգիտեի, որ դու պատմություններ ես հավաքում. – Գատը նստում է մահճակալիս: Ձգվում է ու վերցնում ձեռքս:

- Ես փորձում եմ հիշել ինչ է կատարվել, որ ոչ ոք չի ուզում խոսել այդ մասին, - ասում եմ ես, - այդ թվում և դու:

- Ես ուզում եմ խոսել այդ մասին:

- Ուզու՞մ ես:

Նա նայում է հատակին:

- Ես ընկերուհի ունեի, երկու ամառ առաջ:

- Ես գիտեմ: Ամենասկզբից էլ գիտեի:

- Բայց ես երբեք քեզ չեմ ասել:

- Ոչ, չես ասել:

- Ես քեզ սիրահարվել էի այնքան ուժեղ, Կադի: Չկար ոչինչ, որ դրա դեմը կառներ: Ես գիտեմ, ես պետք է քեզ ամեն ինչ խոստովանեի, ու պետք է անմիջապես Ռաքելից բաժանվեի: Դա պարզապես… նա մնացել էր տանը, իսկ ես քեզ մի ամբողջ տարի չէի տեսել, և իմ հեռախոսը այստեղ չէր աշխատում, իսկ ես դեռ շարունակում էի նրանից փաթեթներ ստանալ: Ու նամակներ: Ամբողջ ամռանը:

Ես նայում եմ նրան:

- Ես վախկոտի մեկն էի. – ասում է Գատը:

- Հա:

- Դա դաժան էր: Քո նկատմամբ և նրա նկատմամբ նույնպես:

Դեմքս վառվում է, երբ հիշում եմ ինչպես էի խանդում:

- Կներես ինձ, Կադի, - շարունակում է Գատը, - սա այն է, ինչ ես քեզ պիտի ասեի քո այստեղ գալու առաջին օրը: Ես սխալ եմ եղել ու ցավում եմ դրա համար:

Ես գլխով եմ անում: Հաճելի է սա նրանից լսել: Ափսոս, որ դեղերի ազդեցության տակ եմ:

- Շատ ժամանակ ես ատում եմ ինքս ինձ, որ արել եմ այդ ամենը, - ասում է Գատը, - բայց միակ բանը, որ ինձ շփոթեցնում է, հակասությունն է. երբ ես ինձ չեմ ատում, ես ինձ զգում եմ որ եղել եմ արդար ու ընդամենը զոհ: Ասես աշխարհն է անարդար:

- Ինչու՞ ես քեզ ատում:





Եվ մինչ ես կիմանամ, Գատը պառկում է մահճակալին կողքիս: Նրա սառը մատները խաչվում են իմ տաք մատների հետ, և նրա դեմքը մոտենում է իմ դեմքին: Նա համբուրում է ինձ:

- Որովհետև ես այնպիսի բաներ եմ ցանկանում, ինչ չեմ կարող ունենալ. – շշնջում է նա:

Բայց ես նրանն եմ: Ինչ է, նա չգիտի՞, որ ես արդեն նրանն եմ:

Թե՞ Գատը խոսում է ուրիշ բանի մասին, ուրիշ, որ նա չի կարող ունենալ: Ինչ-որ մատերիական բան, որ երազում է ունենալ:

Ես քրտնել եմ, ցավում է գլուխս, և չեմ կարողանում պարզ դատել:

- Միրրենը ասում է, որ սա վատ կավարտվի և ես քեզ պետք է հանգիստ թողնեմ. – ասում եմ նրան:

Նա կրկին ինձ համբուրում է:

- Ինչ-որ մեկը շատ վատ բան է արել ինձ հետ, այնքան վատ, որ դա սարսափելի է հիշելը. – շշնջում եմ ես:

- Ես սիրում եմ քեզ. – ասում է նա:

Մենք գրկում ենք իրար ու համբուրվում ենք երկար ժամանակ:

Ցավը գլխումս թուլանում է, մի քիչ: Բայց ոչ ամբողջովին:

Բացում եմ աչքերս, ժամացույցը ցույց է տալիս կեսգիշեր:

Գատը գնացել է:

Բացում եմ վարագույրները և պատուհանից դուրս եմ նայում, բացում եմ այն, որ սենյակը օդափոխվի:

Մորաքույր Քերրին նորից գիշերանոցով քայլում է: Քայլում է Ուինդեմիրի կողքով՝ քորելով իր բարակ ձեռքերը լուսնի լույսի տակ: Այս անգամ նա նույնիսկ իր կոշիկները չի հագել:

Կարողանում եմ լսել Րեդ Գեյթում ինչպես է Ուիլլը կրկին լացում մղձավանջներից:

- Մայրի՛կ: Մայրի՛կ, որտե՞ղ ես:

Բայց Քերրին չի լսում նրան, հակառակ դեպքում չէր հեռանա: Նա փոխում է ուղությունը և ճանապարհով շարժվում է Նոր Քլերմոնտի ուղությամբ:

53

ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. պլաստմասե տուփով լեգո:

Այս պահին ես բաժանել եմ իմ բոլոր գրքերը: Մի քանիսը տվել եմ երեխաներին, մեկը՝ Գատին, իսկ մնացածը մորաքույր Բեսսի հետ տարել եմ Վինեարդի բարեգործական խանութ: Այս առավոտ ես փորփրում եմ վերնահարկը: Այստեղ կա լեգոյով տուփ, և ես այն տանում եմ Ջոննիին: Գտնում եմ նրան Քադդլդաունի մեծ սենյակում, միայնակ, Play-Doh պլաստիրինի կտորներով հարվածում է սպիտակ պատին և նայում դրանց թողած գունավոր հետքերին:

Նա նայում է լեգոյին ու տարուբերում է գլուխը:

- Քո թյուննոս ձկան համար, - բացատրում եմ, - հիմա այն կբավականեցնի:

- Ես չեմ պատրաստվում այն կառուցել. – ասում է նա:

- Ինչու՞:

- Շատ գործ կա անելու, - ասում է նա, - տուր դրանք Ուիլլին:

- Ուիլլի լեգոները դու չե՞ս բերել այստեղ:

- Ես դրանք ետ եմ տարել: Նա պատրաստ է մեռնել դրանց համար, - ասում է Ջոննին, - նա ուրախ կլինի ավելի շատ ունենալ:

Ճաշի ժամանակ ես դրանք տալիս եմ Ուլլին: Այնտեղ կան փոքրիկ լեգոից մարդուկներ ու մեքենաներ սարքելու շատ կտորներ:

Նա ծիծաղելու չափ ուրախ է: Նա ու Թաֆտը մեքենաներ են սարքում ամբողջ Ճաշի ժամանակ: Նրանք նույնիսկ չեն ուտում:

54

Այդ նույն օրը Ստախոսները պատրաստվում են գնալ կայակ քշելու:

- Ի՞նչ եք անում. – հարցնում եմ ես:

- Գնում ենք թիավարելու, մի տեղ կա, ուզում ենք այնտեղ գնալ, - ասում է Ջոննին, - այնտեղ առաջ էլ ենք եղել:

- Կադին ավելի լավ է չգա. – ասում է Միրրենը:

- Ինչու՞. – հարցնում է Ջոննին:

- Նրա գլուխը. – գոռում է Միրրենը, - իսկ եթե նա գլուխը նորից վնասի՞, ու նրա միգրենները ավելի ուժեղանա՞ն: Աստված իմ, դու ընդհանրապես ուղեղ ունե՞ս, Ջոննի:

- Ինչու՞ ես գոռում, - գոռում է Ջոննին, - պետք չի լինել այդքան մեծամիտ:

Ի՞նչ է, նրանք չե՞ն ուզում որ ես գնամ:

- Դու կարող ես գալ, Կադենս, - ասում է Գատը, - ամեն ինչ կարգին է, թող գա:

Ես չեմ ուզում նրանց ետևից ման գալ, եթե նրանք չեն ուզում… բայց Գատը թխթկացնում է կայակի իր առջևի նստարանին ու ես անցնում նստում եմ:

Ես իրոք չեմ ուզում նրանցից առանձնանալ:

Երբեք:

Մենք թիավարում ենք երկտեղանոց կայակները դեպի Ուինդեմիրի ներքևի ծովախորշը: Մայրիկի տունը նստած է հենց ժայռին: Ժայռի ներքևում քարե բեկորների խումբ է, որ համարյա քարանձավ է թվում: Մենք կանգնեցնում ենք կայակները բեկորների մոտ, անցնում ենք սառը ցամաք: