Добавить в цитаты Настройки чтения

Страница 26 из 46

Եվ չեմ ուզում:

Ուզում եմ:

Եվ չեմ ուզում:

- Կներես. – ասում եմ ես:

- Հարրիսը քեզ ուղարկեց Եվրոպա ութ շաբաթով: Ի՞նչ ես կարծում, նա երբևէ կուղարկի՞ Ջոննիին կամ Միրրենին: Ոչ: Ու ինձ նույնպես չի ուղարկի բնականաբար: Դժգոհելուց առաջ ուղղակի մտածիր, որ կան ուրիշ մարդիկ, ովքեր շատ կուզենային ունենալ այն, ինչ ունես դու:

Ես անակնկալի եմ գալիս:

- Պապի՞կն է ինձ Եվրոպա ուղարկել:

- Վերջացրու, - կտրուկ ասում է Գատը, - դու իրոք կարծում էիր, թե հա՞յրդ է վճարել այդ ուղևորության համար:

Միանգամից հասկանում եմ, որ նա ճիշտ է ասում:

Բնականաբար հայրիկը չի վճարել ուղևորության համար: Նա ի վիճակի չէր: Քոլեջի պրոֆեսորները չեն թռչում առաջին կարգով և չեն մնում հինգ աստղանի հյուրանոցներում:

Այսքան ժամանակ ամառները Բիչվուդում, երբ դարակները միշտ լիքն են մթերքով, բազմաթիվ մոտորանավակներ, աշխատողները լուռ տապակում բիֆշտեքս ու լվանում սպիտակեղենը, ես նույնիսկ չեմ էլ մտածել, թե որտեղից են այդ գումաները գալիս:

Պապիկը ինձ ուղարկեց Եվրոպա: Ինչու՞:

Ինչու՞ մայրիկը չեկավ ինձ հետ, եթե ուղևորությունը պապիկի նվերն էր: Եվ ինչպե՞ս եղավ, որ հայրիկը ընդունեց այդ գումարը պապիկից:

- Դու ունես կյանք, որը քեզ տալիս է միլիոն հնարավորություն, - ասում է Գատը, - դա… դա բարկացնում է, երբ դու կարեկցանք ես խնդրում, այդքան բան:

Գատը, իմ գատը:

Նա ճիշտ է: Ճիշտ է:

Բայց բաներ կան, որ նա նույնպես չի հասկանում:

- Ես գիտեմ, ոչ ոք ինձ չի ծեծում, - ասում եմ ես, զգալով ինքնապաշտպանության կարիք, - ես գիտեմ, որ ունեմ շատ փող ու լավ կրթություն: Կերակուր սեղանին: Ես չեմ մահանում քաղցկեղից: Շատ մարդիկ ավելի վատ վիճակում են, քան ես: Եվ գիտեմ, հաջողակ եմ, որ գնացել եմ Եվրոպա: Ես իրավունք չունեմ դժգոհելու կամ անշնորհակալ լինելու:

- Ուրեմն լավ:

- Բայց լսիր: Դու գաղափար չունես, ինչ զգացողություն է ունենալ այնպիսի գլխացավեր, ինչպիսին ինձ մոտ են: Գաղափար չունես: Դա ահավոր է, - ասում եմ… ու հասկանում, որ դեմքիս վրայով արցունքներ են գնում, չնայած չէի նկատում, - որոշ օրեր, դժվար է լինում ուղղակի ողջ մնալ: Շատ ժամանակ ես կնախընտրեի մահացած լինել, ես իրոք կցանկանայի, միայն թե ցավը դադարեր:

- Ոչ, չէիր ցանկանա, - բացականչում է նա, - դու չէիր ցանկանա մահացած լինել: Մի՛ ասա այդպես:

- Ես ուղղակի ուզում եմ, որ ցավը վերջանա, - ասում եմ, - այդ օրերին դեղերը չեն գործում: Ես ուզում եմ դա վերջանա, ու ես կանեի ամեն ինչ, իրոք ամեն ինչ, եթե իմանայի որ դա ցավին վերջ կտար:

Լռություն է տիրում: Նա քայլում է ներքև մինչև տանիքի վերջ, ինձ մեջքով կանգնում:

- Իսկ ի՞նչ ես այդ ժամանակ անում: Երբ այդպես է լինում:

- Ոչինչ: Պառկում եմ ու սպասում, և ինքս ինձ անընդհատ հիշեցնում, որ դա հավերժ չի տևի: Որ կանցնի մի օր, և դրանից հետո ևս մեկ օր: Այդ օրերից մեկում ես վեր կկենամ, կնախաճաշեմ և ինձ լավ կզգամ:

- Մի օր:

- Այո:

Հիմա նա շրջվում է ու մի քանի քայլով կտրում տանիքը: Անսպասելի գրկում է ինձ, և մենք կառչում ենք իրարից:

Նա թեթև դողում է և համբուրում է պարանոցս իր սառը շրթունքներով: Մենք այդպես իրար գրկած մնում ենք մեկ-երկու րոպե,

և թվում է տիեզերքը վերափոխում է ինքն իրեն,

և ես գիտեմ, եթե կար մեր մեջ ինչ-որ զայրույթ, անհետացավ:

Գատը համբուրում է շուրթերս ու դիպչում այտիս:

Ես սիրում եմ նրան:

Ես միշտ սիրել եմ նրան:

Մենք այդտեղ՝ տանիքին մնում ենք երկար, երկար ժամանակ: Հավերժ:

50

Միրրենը սկսում է հիվանդանալ ավելի ու ավելի հաճախ: Նա ուշ է արթնանում, ներկում է եղունգները, պառկում է արևի տակ ու նայում է մեծ գրքի աֆրիկյան բնանկարները: Բայց նա չի ուզում գալ սուզվելու: Չի ուզում թիավարել: Չի ուզում թենիս խաղալ կամ գնալ Էդգարթաուն:

Ես նրան Նոր Քլերմոնտից դրաժե կոնֆետներ եմ բերում: Միրրենը սիրում է դրաժե կոնֆետներ:

Այսօր մենք երկուսս պառկում ենք փոքր ափին: Կարդում ենք ամսագրեր, որ ես գողացել եմ երկվորյակներից, և ուտում ենք մանր գազար: Միրրենը ականջակալներով է: Նա իմ այֆոնով շարունակում է լսել նույն երգը էլի ու էլի:

Մեր երիտասարդությունը դատարկ է

Մենք այն չենք վատնի

Հիշեք իմ անունը

Որովհետև մենք կանցնենք պատմության մեջ

Նա - նա - նա - նա , նա - նա - նա :

Ես գազար եմ շպրտում Միրրենի վրա:

- Ի՞նչ:

- Կամ դու դադարում ես երգել, կամ ես իմ գործողությունների համար պատասխանատու չեմ:





Միրրենը պտտվում է իմ կողմ, ամբողջովին լուրջ: Հանում է ականջակալները:

- Կարո՞ղ եմ քեզ մի բան ասել, Կադի:

- Իհարկե:

- Քո ու Գատի վերաբերյալ: Ես երեկ գիշեր լսեցի, ինչպես դուք երկուսդ իջաք աստիճաններով:

- Ու՞:

- Ես կարծում եմ, դու պետք է նրան հանգիստ թողնես:

- Ի՞նչ:

- Այս ամենը վատ ավարտ կունենա և ամեն ինչ կփչացնի:

- Ես սիրում եմ նրան, - ասում եմ ես, - դու գիտես, ես միշտ սիրել եմ նրան:

- Դու ամեն ինչ նրա համար ավելի ես բարդացնում: Ավելի բարդ, քան արդեն է: Դու նրան ցավ կպատճառես:

- Դա ճիշտ չէ: Ավելի հավանական է, որ նա ինձ ցավ կպատճառի:

- Դե, կարող է նաև այդպես լինել: Դա լավ միտք չէ ձեզ համար՝ լինել միասին:

- Դու չե՞ս հասկանում, ես ավելի շուտ կնախընտրեմ, որ Գատը ինձ ցավեցնի, քան թե հեռու լինեմ նրանից, - ասում եմ ես նստելով, - եթե միլիոն անգամ էլ ապրեմ, մեկ է կնախընտրեմ ռիսկի դիմել՝ ու թող դա վատ վերջանա, քան փակված լինեմ իմ տուփի մեջ, ինչպես անցած երկու տարիների ընթացքում էի: Դա փոքրիկ տուփ է, Միրրեն: Ես ու մայրիկը: Ես ու իմ դեղերը: Ես ու իմ ցավը: Ես այլևս չեմ ուզում այնտեղ ապրել:

Լռություն է:

- Ես երբեք ընկեր չեմ ունեցել. – հանկարծ ասում է Միրրենը:

Ես նայում եմ նրա աչքերին: Դրանք արցունքոտ են:

- Իսկ Դրեյք Լոգգերհեդը՞: Իսկ դեղին վարդերն ու սեռական կապերը՞. – հարցնում եմ ես:

Նա ներքև է նայում:

- Ես ստել եմ:

- Ինչու՞:

- Գիտես ինչպես է, երբ գալիս ես Բիչվուդ, ուրիշ աշխարհ: Դու ստիպված չես լինել այնպիսին, ինչպիսին տանն ես: Կարող ես լինել ավելի լավ մեկը:

Գլխով եմ անում:

- Այն առաջին օրը, որ դու եկար, ես նկատեցի Գատին: Նա նայում էր քեզ, ասես դու տիեզերքի ամենապայծառ աստղն ես:

- Իրո՞ք:

- Ես այնքան շատ եմ ուզում, որ ինչ-որ մեկը ինձ այդպես նայի, Կադի: Այնքան շատ: Ու ինքս էլ չհասկացա, ինչպես սկսեցի ստել: Կներես:

Ես չգիտեմ ինչ ասեմ: Խորը շնչում եմ:

Միրրենը վրա է տալիս.

- Առանց հևոցի, լա՞վ: Ամեն ինչ կարգին է: Ոչինչ, որ ես մինչև հիմա երբեք ընկեր չեմ ունեցել: Ոչինչ, որ չի լինի որևէ մեկը, որ ինձ կսիրի, լա՞վ: Դա միանգամայն տանելի է:

Մայրիկի ձայնը կանչում ինչ-որ տեղից Նոր Քլերմոնտում.

- Կադենս: Լսու՞մ ես ինձ:

Ես գոռում եմ.

- Ի՞նչ ես ուզում:

- Խոհարարի հանգստյան օրն է: Ես եմ պատրաստում ճաշը: Արի լոլիկները կտրատելու:

- Մի րոպեից, - ես հոգոց եմ հանում ու նայում Միրրենին, - պիտի գնամ:

Նա չի պատասխանում: Ես հագնում եմ կապյուշոնս ու ճանապարհով դանդաղ բարձրանում դեպի Նոր Քլերմոնտ:

Խոհանոցում մայրիկը ինձ է հանձնում լոլիկի հատուկ դանակ ու սկսում խոսել:

Խոսում, խոսում, «դու միշտ փոքր ափին ես»:

Խոսում, խոսում, «դու պիտի խաղաս երեխաների հետ»:

«Պապիկը հավերժ այստեղ չի լինի»:

«Դու գիտե՞ս, արևայրուգ ես ստացել»:

Ես կտրում եմ ու կտրում, զամբյուղը լի է տարօրինակ ձևի լոլիկներով: Դրանք դեղին են, կանաչ ու մուգ կարմիր:

51

Կղզու վրա իմ երրորդ շաբաթում ժամացույցի կտկտոցը ու միգրենը վերցնում են ինձ երկու օր: Կամ գուցե երեք: Չեմ կարող ասել: Սրվակիս մեջի հաբերը համարյա վերջանում են, չնայած մինչ տնից հեռանալը ես վերցրել էի որքան որ պետք էր ըստ դեղատոմսի:

Մտածում եմ իսկ եթե մայրիկն է վերցրել: Գուցե նա միշտ վերցրել է դրանք:

Կամ գուցե երկվորյակներն են նորից մտել իմ սենյակ, վերցրել իրեր, որոնք նրանց պետք չեն: Գուցե նրանք են օգտագործում:

Կամ գուցե ես եմ ընդունել ավելի շատ քան կարծում եմ: Ցավի ազդեցության տակ օգտագործել ավելին, քան պետք է: Մոռանալով վերջին դոզաս: