Страница 24 из 46
Լռություն է:
- Նա հստակ պատճառներ ունի զայրանալու համար, - վերջապես ասում է Միրրենը:
- Ի՞նչ եմ ես արել:
Միրրենը հոգոց է հանում.
- Դու չես կարող դա ուղղել:
- Ի՞նչու:
Հանկարծ Միրրենը սկսում է հազալ: Թվում է թե հիմա կփսխի: Ձեռքերը դնում է որովայնին, քրտնում է ու գունատվում:
- Լա՞վ ես:
- Ոչ:
- Կարո՞ղ եմ օգնել:
Նա չի պատասխանում:
Ես նրան եմ տալիս ջրով շիշը: Նա վերցնում է: Դանդաղ խմում է:
- Սա չափազանց շատ էր: Ինձ պետք է Քադդլդաուն վերադառնալ: Հիմա:
Նրա աչքերը սառել էին: Ես օգնում եմ նրան կանգնել: Նրա մաշկը խոնավ է, և նա դժվարությամբ է կանգնում ոտքերի վրա: Մենք լուռ քայլում ենք նավամատույց, որտեղ մեր փոքր մոտորանավակն է:
Մայրիկը չէր էլ նկատել, որ մոտորանավակը չկա, բայց նա տեսնում է իրիսների տուփը, որ ես տալիս եմ Թաֆտին և Ուիլլին:
Ու նորից դժգոհություն, դժգոհություն: Նրա քարոզները հետաքրքիր չեն:
Ես իրավունք չունեմ լքել կղզին առանց նրա թույլտվության:
Ես իրավունք չունեմ լքել կղզին առանց մեծերի:
Ես իրավունք չունեմ ցանկացած տեսակի մեքենա վարել դեղերի ազդեցության տակ:
Ես չեմ կարող այնքան հիմար լինել, ինչպիսին ինձ պահում եմ, ինչպե՞ս կարող եմ:
Ես ասում եմ «կներեսը», որը հենց մայրս ուզում է լսել: Հետո վազում եմ ներքև, Ուինդեմիր և գրում եմ այն ամենը, ինչ հիշել եմ մահճակալիս վերևում ամրացրած միլիմետրովկայի վրա. «Քլեմ շեքը», ֆռռիկները, Միրրենի կեղտոտ ոտքերը փայտե աստիճաններին, Գատի ինձ տված գիրքը:
45
Սկսվում է իմ երկրորդ շաբաթը Բիչվուդում, մենք բացահայտում ենք Քադդլդաունի տանիքը: Այնտեղ բարձրանալը հեշտ է, ուղղակի մենք առաջ չէինք բարձրացել, քանի որ այնտեղ հասնելու համար պետք է անցնեինք մորաքույր Բեսսի սենյակի պատուհանով:
Տանիքին սարսափելի ցուրտ է երեկոյան ժամերին, բայց ցերեկները այնտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի կղզին ու նրան սահմանափակող ծովը: Ես կարող եմ տեսնել ծառները, որոնք տարածվում են Քադդլդաունից մինչև Նոր Քլերմոնտ ու նրա այգով: Ես նույնիսկ կարող եմ տեսնել տան ներսը, որն ունի հատակից մինչև առաստաղ պատուհաններ առաջին հարկի շատ սենյակներում: Երևում է նաև Րեդ Գեյթի մի փոքր մասը, ուրիշ ուղությամբ՝ Ուինդեմիրն ու ծովախորշը:
Այդ առաջին օրը մենք շարում ենք ուտելիքները հին ադեալի վրա, պիկնիկի համար: Ուտում ենք պորտուգալական քաղցր հաց և քսովի պանիր փայտե ամանից: Ունենք հատապտուղներ կանաչ ստվարաթղթե ամանում և լիմոնադի սառը շշեր:
Մենք որոշում ենք այստեղ գալ ամեն օր: Ամբողջ ամռանը: Այս տանիքը աշխարհի ամենալավ վայրն է:
- Եթե ես մեռնեմ, - ասում եմ ես, երբ մենք նայում ենք տեսարանը, - նկատի ունեմ, երբ ես մեռնեմ, իմ մոխիրը կլցնեք ջրի մեջ փոքր ափին: Հետո երբ դուք ինձ կարոտեք, դուք կարող եք բարձրանալ այստեղ, նայել ներքև ու մտածել, թե ինչքան լավն էի ես:
- Կամ մենք կարող էինք իջնել ներքև և լողալ քո մեջ, - ասում է Ջոննին, - քեզ չափազանց շատ կարոտելու դեպքում:
- Ֆու-ու:
- Դու էիր, որ ուզեցիր լինել փոքր ափի ջրում:
- Ես պարզապես ուզում էի ասել, որ ինձ այստեղ դուր է գալիս: Սա հիանալի վայր կլիներ իմ աճյունի համար:
- Հա, - ասում է Ջոննին, - կլիներ:
Միրրենն ու Գատը լուռ ուտում էին շոկոլադով ծածկված պնդուկ կապույտ ապակյա ամանից:
- Սա շատ վատ խոսակցության թեմա է. – ասում է Միրրենը:
- Նորմալ է. – ասում է Ջոննին:
- Ես չէի ուզենա, որ իմ աճյունը այստեղ լիներ. – ասում է Գատը:
- Ինչու՞, - հարցնում եմ, - մենք բոլորս կարող էինք միասին լինել փոքր ափում:
- Իսկ երեխաները կլողային մեր մեջ. – բացականչում է Ջոննին:
- Դու ինձ հունից հանում ես. – զայրանում է Միրրենը:
- Իրականում դա այնքան էլ չի տարբերվում նրանից, որ ես ամբողջ ժամանակ այնտեղ միզել եմ. – ասում է Ջոննին:
- Տխմա՛ր:
- Օյ, վերջացրու, բոլորն էլ այնտեղ միզում են:
- Ես ոչ. – ասում է Միրրենը:
-Այո, դու նույնպես, - ասում է նա, - եթե փոքր ափի ջուրը մեզ չի դարձել բոլոր այս տարիներից հետո, երբ մենք միզում էինք նրա մեջ, մի փոքր մոխիրը չի փչացնի նրան, հաստատ:
- Դուք երբևէ պլանավորե՞լ եք ձեր հուղարկավորությունը. – հարցնում եմ ես:
- Ի՞նչ նկատի ունես. – Ջոննին կնճռոտում է քիթը:
- Դե գիտեք, ինչպես «Թոմ Սոյերում», երբ բոլորը մտածում են, թե Թոմը, Հեքը ու… ի՞նչ էր անունը:
- Ջո Հարպեր. – ասում է Գատը:
- Հա, բոլորը մտածում են, թե Թոմը, Հեքը ու Ջո Հարպերը մահացած են: Տղաները գնում են իրենց սեփական թաղման արարողությանը և լսում են տեղացիների բոլոր լավ հիշողությունները իրենց մասին: Այն բանից հետո ինչ կարդացել եմ սա, ես միշտ մտածել եմ իմ սեփական թաղման մասին: Օրինակ, ինչ ծաղիկներ կլինեն և որտեղ կցանկանամ լինի իմ աճյունը: Եվ հոգեհանգստիս խոսքերի մասին նույնպես, այն մասին, որ ես գժվելու չափ լավն էի և, որ ստացել էի Նոբելյան մրցանակ ու հաղթել էի Օլիմիադան:
- Իսկ Օլիմպիադայում ինչի՞ն ես մասնակցել. – հարցնում է Գատը:
- Գուցե հանդբոլ:
- Հանդբոլը օլիմպիական խաղերում կա՞:
- Այո:
- Դու նույնիսկ հանդբո՞լ ես խաղում:
- Դեռ ոչ:
- Դե ավելի լավ է սկսես:
- Մարդկանց մեծամասնությունը պլանավորում են իրենց հարսանիքները, - ասում է Միրրենը, - առաջ ես պլանավորում էի իմ հարսանիքը:
- Տղաները չեն պլանավորում իրենց հարսանիքները. – ասում է Ջոննին:
- Եթե ես ամուսնանայի Դրեյքի հետ, իմ ձեռքերում կլինեին դեղին ծաղիկներ, - ասում է Միրրենը, - ամենուրեք դեղին ծաղիկներ: Եվ դեղին զգեստ, սովորական հարսանեկան զգեստի նման, միայն թե դեղին: Իսկ Դրեյքը սմոքինգի հետ կապած կլիներ դեղին լայն գոտի:
- Նա պետք է քեզ շատ, շատ սիրեր, որ կրեր դեղին գոտի. – ասում եմ նրան:
- Հա, - ասում է Միրրենը, - Բայց Դրեյքը դա կաներ:
- Ես ձեզ կասեմ, ինչ ես չեմ ուզում իմ թաղման արարողությանը, - ասում է Ջոննին, - ես չեմ ուզում, որ Նյու Յորքի արվեստ-աշխարհի դեմքերի մի խումբ՝ որոնք ինձ նույնիսկ չգիտեն, հիմար ապուշների նման ցցված լինեն հյուրասենյակում:
- Ես չեմ ուզում, որ կրոնասեր մարդիկ խոսեն Աստծու մասին, որին ես չեմ հավատում. – ասում է Գատը:
- Կամ, որ ձևական աղջիկների մի խումբ իրենց տխուր ձևացնեն ու հետո զուգարանում շրթունքներին փայլ քսեն և ուղղեն մազերը. – ասում է Միրրենը:
- Աստված իմ, - ծաղրում եմ ես, - դուք այնպես եք ներկայացնում, ասես թաղումները ընդհանրապես զվարճալի չեն:
- Լուրջ, Կադի, - ասում է Միրրենը, - դու պետք է պլանավորես քո հարսանիքը, ոչ թե թաղումը: Հիմարություններ մի ասա:
- Իսկ ի՞նչ, եթե ես երբեք չամուսնանամ: Ի՞նչ, եթե ես ամուսնանալու ցանկություն չունենամ:
- Ուրեմն պլանավորիր քո խնջույքը գրքասերների համար: Կամ քո աշխատանքների ցուցահանդեսը:
- Նա հաղթում է Օլիմպիադան և Նոբելյան մրցանակ, - ասում է Գատը, - կարելի է պլանավորել դրանց խնջույքները:
- Լավ, եղավ, - ասում եմ ես, - եկեք պլանավորենք իմ հանդբոլի խնջույքը: Եթե դա ձեզ կուրախացնի:
Եվ մենք պլանավորում ենք: Հանդբոլի շոկոլադե գնդակներ կապույտ գլազուրով: Ոսկեգույն զգեստ ինձ համար: Շոմպայնի բաժակներ, մեջը ոսկեգույն գազի շարիկներ: Մենք քննարկում ենք, թե մարդիկ հագնու՞մ են այն տարօրինակ պաշտպանիչ ակնոցները հանդբոլի համար, ինչպես օրինակ ռակետբոլի ժամանակ են հագնում, և որոշեցինք, որ մեր խնջույքի համար նրանք կանեն դա: Բոլոր հյուրերը ոսկեգույն ակնոցներ կհագնեն:
- Դու խաղում ես հանդբոլի թիմու՞մ, - հարցնում է Գատը, - նկատի ունեմ, այնտեղ կլինի՞ ամբողջական թիմ՝ հանդբոլի ամազոնյան գեղեցկուհիների, հաղթանակը քեզ հետ նշելու համար: Թե՞ դու այն միայն քո ուժերով ես հաղթել:
- Գաղափար չունեմ:
- Դու իրոք պետք է արդեն սկսես տեղեկություն հավաքել այդ մասին, - ասում է Գատը, - հակառակ դեպքում երբեք ոսկին չես հաղթի: Մենք ստիպված կլինենք վերանայել ամբողջ խնջույքը, եթե դու ստանաս միայն արծաթը:
Այդ օրը կյանքը թվում էր հրաշալի:
Մենք, չորսս, Ստախոսներովս, մենք միշտ եղել ենք:
Մենք միշտ կլինենք:
Ինչ էլ որ լինի՝ մենք կգնանք քոլեջ, կծերանանք, կունենանք մեր կյանքը: Նշանակություն չունի, ես ու Գատը կլինենք միասին, թե ոչ: Նշանակություն չունի ուր կգնանք, մենք միշտ կկարողանանք կողք կողքի նստել Քադդլդաունի տանիքին և կնայենք ծովին:
Այս կղզին մերն է: Այստեղ, ինչ-որ իմաստով, մենք հավերժ երիտասարդ ենք:
46
Օրերը գնալով ավելի միապաղաղ են դառնում: Հազվադեպ է լինում, որ Ստախոսները ցանկանում են ինչ-որ տեղ գնալ: Միրրենի կոկորդն է ցավում, ու մարմինն է բռնվել: Նա հիմնականում Քադդլդաունում է մնում: Նա նկարում է նկարներ՝ միջանցքում կախելու համար, և խխունջներ է շարում խոհանոցում: Լվացարանում ու սեղանին հավաքվել է ամանների կույտ: DVD-ներն ու գրքերը թափրտված են մեծ սենյակում: Անկողինները հավաքված չեն, իսկ լոգասենյակները խոնավ են, մամշահոտով: