Страница 22 из 46
Եթե դուք ցանկանում եք ապրել այնտեղ , որտեղ մարդիկ չեն վախենում մկներից , դուք պետք է հրաժարվեք պալատական կյանքից :
41
Հսկայի ձեռքում կա ժանգոտ սղոց: Նա բզզոցով ագահությամբ կտրում է ճակատս մինչև կհասնի գլխիս ետև:
Ես ունեմ չորս շաբաթից քիչ ժամանակ, որպեսզի իմանամ ճշմարտությունը:
Պապիկը ինձ «Միրրեն» է կանչում:
Երկվորյակները գողանում են քնաբեր հաբեր ու ադամանդներով ականջողեր:
Մայրիկը վիճում էր մորաքույրերի հետ Բոստոնի տան համար:
Բեսսը ատում է Քադդլդաունը:
Քերրին գիշերը թափառում է կղզով:
Ուիլլը մղձավանջներ է տեսնում:
Գատը Հիտքլիֆն է:
Գատը կարծում է ես նրան չեմ ճանաչում:
Եվ հնարավոր է նա ճիշտ է:
Ես ընդունում եմ հաբերս: Խմում եմ ջուր: Սենյակը մութ է:
Մայրիկը կանգնած է դռան մոտ, հետևում է ինձ: Ես չեմ խոսում նրա հետ:
Երկու օր է անկողնում եմ: Ժամանակ առ ժամանակ սուր ցավը թուլանում է: Երբ մենակ եմ լինում, նստում ու գրառումներ եմ անում, մահճակալիս վերևում փակցնելու համար: Հարցերն ավելի շատ են քան պատասխանները:
Վաղ առավոտ է, ինձ ավելի լավ եմ զգում: Ուինդեմիր է գալիս պապիկը: Նա սպիտակ տաբատով է ու կապույտ սպորտային ժակետով: Ես հագել եմ շորտեր ու շապիկ, բակում գնդակներ եմ նետում շների համար: Մայրիկը արդեն Նոր Քլերմոնտում է:
- Ես գնում եմ Էդգարթաուն, - ասում է պապիկը՝ քորելով Բոշի ականջները, - կուզենա՞ս գալ: Եթե դեմ չես ծերուկի ընկերակցությանը:
- Չգիտեմ, - կատակում եմ ես, - այնքան զբաղված եմ թենիսի այս թքոտ գնդակներով: Միգուցե պահանջվի ամբողջ օրը:
- Ես քեզ գրախանութ կտանեմ, Կադի: Քեզ նվերներ կգնեմ, ինչպես առաջ էր:
- Իսկ իրի՞ս:
Պապիկը ծիծաղում է.
- Իհարկե, իրիս:
- Մայրի՞կն է քեզ ստիպել:
- Ոչ, - նա խառնում է իր սպիտակ մազերը, - բայց Բեսսը չի ցանկանում, որ ես մոտորանավակը մենակ վարեմ: Նա ասում է, թե ես կարող եմ ճանապարհը կորցնել:
- Ինձ նույնպես չի կարելի մոտորանավակ վարել:
- Գիտեմ, - ասում է նա, բարձրացնելով բանալիները, - բայց այստեղ Բեսսն ու Փեննին չեն գլխավորը, այլ ես:
Որոշում ենք նախաճաշել քաղաքում: Մենք ուզում ենք նավակով հնարավորինս չափ հեռանալ Բիչվուդից, քանի դեռ մորաքույրերը չեն բռնացրել մեզ:
Էդգարթաունը ծովային, հյուրընկալ գյուղ է Մարտաս-Վինեարդում: Քսան րոպե է պետք այստեղ հասնելու համար: Այստեղ ամենուրեք սպիտակ ցանկապատեր են ու սպիտակ փայտե տներ՝ ծաղիկներով լեցուն բակերով: Խանութները վաճառում են տուրիստական իրեր, պաղպաղակ, թանկարժեք հագուստ, հնաոճ զարդեր: Նավակները հեռանում են նավամատույցից, գնալով ձկնորսության ու ջրային շրջագայության:
Պապիկը այնպիսին է, ինչպիսին առաջ էր: Նա փողերը շաղ է տալիս այստեղ, այնտեղ: Ինձ հյուրասիրում է էսպրեսսո ու կռուասան փոքր փռի պատուհանից, հետո փորձում է ինձ գրքեր գնել Էդգարթաունի գրախանութից: Երբ ես հրաժարվում եմ նվերից, նա օրորում է գլուխը, երբ լսում է իմ նվիրատվության ծրագրի մասին, բայց ոչինչ չի ասում: Փոխարենը նա իմ օգնությունն է խնդրում երեխաներին նվերներ ընտրելու և Ջիննիի՝ տան տնտեսուհու համար ծաղիկներով դիզայնի գիրք գնելու համար: Մենք «Murdick’s Fudged»-ում մեծ պատվեր ենք անում. շոկոլադ, ընկույզով շոկոլադ, գետնանուշի յուղ ու իրիս:
Արվեստի պատկերասրահներից մեկում շրջելիս մենք պատահաբար հանդիպում ենք պապիկի փաստաբանին՝ նիհար, արդեն սպիտակող մազերով մարդու, անունը՝ Ռիչարդ Թետչեր:
- Եվ դու առաջնեկ Կադենսն է, - ասում է Թետչերը՝ սեղմելով ձեռքս, - ես շատ եմ լսել քո մասին:
- Նա անշարժ գույքի հարցերով է զբաղվում. – բացատրում է պապիկը:
- Առաջին թոռնիկ, - ասում է Թետչերը, - չկա ոչինչ որ կհամեմատվի այդ զգացողության հետ:
- Իմ աղջիկը բացի այդ ունի պարզ գլուխ, - ասում է պապիկը, - Սինքլերների արյունն է խոսում:
Սա նույնպես այն արտահայտություններից է, որ նա միշտ ասում է: «Մի նվնվա, մի արդացիր», «Մի ընդունիր «ոչը» որպես պատասխան»: Բայց ինձ ջղայնացնում է, երբ նա դրանք ինձ հետ է կապում: Պարզ գլու՞խ: Իմ ներկա պահի անիծված գլուխը խախտված է անհամար բժշկական դիագնոզներից, իսկ իմ մի մասն էլ ես ժառանգել եմ Իսթմանների անհավատարիմ ընտանիքից: Ես չեմ հաճախելու քոլեջ հաջորդ տարի, ես թողել եմ սպորտը, որով առաջ զբաղվում էի, և ակումբները, որոնց մաս էի ես կազմում, ժամանակի մեծ մասը ես պերկոսետի ազդեցության տակ եմ, և ես լավ չեմ վերաբերում իմ փոքր քույրերին ու եղբայրներին:
Համենայն դեպս պապիկի դեմքը փայլում է, երբ նա խոսում է իմ մասին, և գոնե այսօր նա գիտի, որ ես Միրրենը չեմ:
- Նա Ձեզ է նման. – ասում է Թետչերը:
- Նման է, չէ՞: Միայն թե նա սիրունիկն է:
- Շնորհակալություն, - ասում եմ ես, - բայց եթե ուզում ես տեսնել ամբողջական նմանությունը, ես պետք է գզգզեմ մազերս:
Ասածիցս պապիկը ժպտում է:
- Դա նավակից է, - ասում է Թետչերին, - գլխարկ չեմ վերցրել:
- Դրանք միշտ էլ գզգզված են. – ասում եմ Թետչերին:
- Գիտեմ. – ասում է նա:
Նրանք միմյանց ձեռք սեղմեցինք, հետո պապիկը մտավ թևս և մենք դուրս եկանք պատկերասրահից:
- Նա լավ հոգ տարավ քո մասին, - ասում է նա ինձ:
- Պարոն Թե՞տչերը:
Նա գլխով է անում:
- Բայց չասես մորդ: Նա նորից անախորժություններ կսարքի:
42
Տան ճանապարհին մի հիշողություն է գալիս:
Ամառ տասնհինգերորդ, հուլիսի սկիզբ, վաղ առավոտ: Պապիկը Քլերմոնտի խոհանոցում էսպրեսսո էր պատրաստում: Ես սեղանի մոտ նստած ուտում էի ջեմով տոստ: Միայն մենք էինք երկուսով:
- Սիրում եմ այս սագը, - ցույց տալով ասացի ես: Սագի արձանիկը դրված էր պահարանին:
- Դա եղել է այն ժամանակվանից, երբ դու, Ջոննին ու Միրրենը դեռ նոր ծնվեցիք, - ասաց պապիկը, - այդ տարի ես ու Թիփփերը ձեռք բերեցինք դա Չինաստանի ուղևորության ժամանակ, - նա քթի տակ ծիծաղեց, - նա այնտեղ արվեստի շատ իրեր գնեց: Մենք գիդ ունեինք՝ արվեստի մասնագետ:
Նա մոտեցավ տոստերին և վերցրեց հացի կտորները, որ ես ինձ համար էի թողել այնտեղ:
- Է՛յ. – դժգոհ բացականչեցի ես:
- Շ-շ-շ, այստեղ ես եմ պապիկը: Ես կարող եմ վերցնել տոստը, երբ կցանկանամ, - նա նստեց իր սուրճով և հացին կարագ քսեց, - այդ արվեստի մասնագետ աղջիկը մեզ տարավ անտիկվարիատի խանութներ ու օգնեց մեզ աճուրդային կենտրոններում, - ասաց նա, - նա խոսում էր չորս լեզվով: Նրան նայելով դա չէիր ասի: Փոքրիկ, խեղճ չինական աղջիկ:
- Մի ասա «չինական աղջիկ»: Չի կարելի:
Նա ասածս արհամարեց:
- Թիփփերը գնեց զարդեր և մոտը գաղափար առաջացավ կենդանիների արձաններ գնել այստեղի տների համար:
- Դրանց մեջ է մտնում նաև Քադդլդաունի գո՞րտը:
- Իհարկե, փղոսկրից գորտը, - ասաց պապիկը, - գիտեմ, որ գնեցինք նաև երկու փիղ:
- Դրանք Ուինդեմիրում են:
- Ու Րեդ Գեյթի կապիկները: Կար չորս կապիկ:
- Փղոսկրը անօրինական չէ՞. – հարցրի ես:
- Օհ, որոշ վայրերում: Բայց կարող ես այն ձեռք բերել: Տատիկդ սիրում էր փղոսկր: Նա գնացել էր Չինաստան, երբ դեռ երեխա էր:
- Դրանք փղերի ժանիքների՞ց են:
- Կամ ռնգեղջյուրների եղջյուրներից:
Այդտեղ նա էր՝ պապիկը: Սպիտակ դեռ խիտ մազերով, արտահայտիչ դիմագծերով՝ մնացած նավարկության օրերից: Ծանր ծնոտով, ինչպես հին կինոաստղ:
«Կարող ես այն ձեռք բերել», - ասաց նա փղոսկրի մասին:
Նրա նշանաբաներից մեկը՝ «մի ընդունիր «ոչը» որպես պատասխան»:
Դա միշտ թվացել էր ապրելու հերոսական ճանապարհ: Նա դա ասում էր, երբ մեզ խորհուրդներ էր տալիս մեր նպատակներին հասնելու հարցում: Երբ ոգեշնչում էր Ջոննիին փորձել մարզվել մարաֆոնի համար, կամ երբ ինձ չհաջողվեց հաղթել ընթերցանության մրցանակը յոթերորդ դասարանում: Դա այն էր, ինչ նա ասում էր, երբ պատմում էր իր բիզնես-ստրատեգիաների մասին և թե ինչպես ստացավ տատիկի համաձայնությունը ամուսնանալու համար:
- Ես նրան ամուսնության առաջարկ արեցի չորս անգամ մինչ նա ասաց «այո», – միշտ ասում էր նա, երբ հերթական անգամ պատմում էր Սինքլեր ընտանիքի իր ամենասիրելի պատմություններից մեկը, - ես նրան արդեն հոգնեցրել էի: Նա ասաց «այո», միայն թե ձայնս կտրեմ:
Հիմա, նախաճաշի սեղանի շուրջ, հետևում եմ ինչպես է նա ուտում իմ տոստը: «Մի ընդունիր «ոչը» որպես պատասխան»-ը թվաց ճիշտ մոտեցում մարդու համար, ում չէր մտահոգում կվնասի դա ինչ-որ մեկին թե ոչ, քանի դեռ նրա կինը ցանկանում էր այդ արձանները տեսնել իր ամառային տներում: