Страница 19 из 46
- Օհ, - ասում է Միրրենը, - դե գիտես: Խոսում է ու խոսում, «նրան ամենաքիչն են սիրում», «խոհանոցը բանի պետք չէ»: «Ինչու՞ պապիկը չի վերանորոգում այն», և այդպես շարունակ:
- Նա դա ասե՞լ է պապիկին:
Ջոննին տարօրինակ նայում է ինձ.
- Դու չե՞ս հիշում:
- Նրա հիշողությունը խճճվել է, Ջո՛ննի, - գոռում է Միրրենը, - նա չի հիշում մեր տասնհինգերորդ ամռան մոտ կեսը:
- Չի՞ հիշում, - ասում է Ջոննին, - ես մտածում էի…
- Չէ, չէ, հենց հիմա ձայնդ կտրի՛ր, - բացականչում է Միրրենը, - դու չէի՞ր լսում, ինչ էի ես քեզ ասում:
- Ե՞րբ. – նա զարմանում է:
- Անցած գիշեր, - ասում է Միրրենը, - ես քեզ ասացի, թե ինչ է ասել մորաքույր Փեննին:
- Հանգստացիր. – ասում է Ջոննին՝ նետելով նրա վրա բարձը:
- Սա կարևոր է: Ինչպե՞ս կարող ես ուշադրություն չդարձնել այս հարցին. – թվում է, թե Միրրենը հիմա կլացի:
- Ես ցավում եմ, լա՞վ, - ասում է Ջոննին, - Գատ, դու գիտեի՞ր, որ Կադենսը չի հիշում տասնհինգերորդ ամռան մեծ մասը:
- Գիտեի. – ասում է նա:
- Տեսնու՞մ ես, - ասում է Միրրենը, - Գատը լսում էր:
Երեսս վառվում է: Ես նայում եմ հատակին: Մի րոպե ոչ ոք չի խոսում:
- Նորմալ է կորցնել հիշողության մի մասը, երբ դու գլխի ուժեղ հարված ես ստանում, - ասում եմ ես վերջապես, - մա՞յրս է ձեզ պատմել:
Ջոննին նյարդայն ծիծաղում է:
- Ես զարմացած եմ, որ մայրիկը ձեզ պատմել է, - շարունակում եմ ես, - նա ատում է խոսել դրա մասին:
- Նա ասաց, որ դու պիտի շատ հանգստանաս ու ամեն ինչ ինքդ հիշես, երբ գա ժամանակը: Մորաքույրերը դա գիտեն, - ասում է Միրրենը, - պապիկը գիտի, փոքրերը, աշխատողները: Կղզում յուրաքանչյուր ոք գիտի, բայց Ջոննին՝ ոչ, փաստորեն:
- Ես գիտեի, - ասում է Ջոննին, - ես ուղղակի ամբողջ պատկերը չէի տեսնում:
- Հիմար մի եղիր, - ասում է Միրրենը, - հիմա իրոք դրա ժամանակը չէ:
- Ամեն ինչ կարգին է, - ասում եմ Ջոննիին, - դու հիմար չես: Պարզապես քո համար ոչ օպտիմալ պահ էր: Վստահ եմ, սրանից հետո կլինես ավելի օպտիմալ:
- Ես միշտ էլ օպտիմալ եմ, - ասում է Ջոննին, - ուղղակի այնքան չէ, որքան Միրրենն է ինձնից ուզում:
Գատը ժպտում է, երբ ես ասում եմ «օպտիմալ» բառը և թխկթխկացնում է ուսիս:
Մենք սկսել ենք սկզբից:
36
Թենիս ենք խաղում: Հաղթում ենք ես ու Ջոննին, բայց ոչ նրա համար, որ ես իբր լավ եմ խաղում: Ջոննին հիանալի սպորտսմեն է, իսկ Միրրենը ավելի շատ կենտրոնանում է, որ հարվածի գնդակին և երբ հարվածում է, սկսում է ուրախ պարել՝ առանց մտահոգվելու որ հիմա գնդակը ետ կգա: Գատն էլ սկսում է ծիծաղել նրա վրա, ինչի պատճառով նա նույնպես բաց է թողնում հարվածը:
- Ինչպե՞ս էր Եվրոպայում. – հարցնում է Գատը Քադդլդաուն վերադառնալիս:
- Հայրս կաղամարի թանաք կերավ:
- Ուրի՞շ. – մենք հասանք բակ և ռակետները նետեցինք պատշգամբ: Պառկում ենք խոտին:
- Անկեղծ ասած, պատմելու առանձնապես շատ բան չկա, - ասում եմ ես, - գիտե՞ս ինչով էի ես զբաղված, երբ հայրիկը գնաց Կոլիզե:
- Ինչո՞վ:
- Ես դեմքս սեղմել էի սալիկին՝ լոգասենյակի հատակին պառկած: Ուսումնասիրում էի իտալական կապույտ զուգարանակոնքի հիմքը:
- Զուգարանակոնքը կապու՞յտ էր. – հարցնում է Ջոննին նստելով:
- Միայն քեզ կարող էր հետաքրքրել զուգարանակոնքի կապույտ լինելը, այլ ոչ Հռոմի տեսարժան վայրերը. – հառաչում է Գատը:
- Կադենս. – ասում է Միրրենը:
- Ի՞նչ:
- Չէ, ոչինչ:
- Ի՞նչ:
- Դու ասում ես, որ քեզ պետք չէ խղճալ, բայց հետո պատմում ես զուգարանակոնքի հիմքի մասին, - արագ ասում է նա, - դա իրականում խղճահարություն է առաջացնում: Ի՞նչ ես ուզում, որ մենք ասենք:
- Բացի այդ, դու Հռոմ ես գնացել, դա նախանձելի է մեզ համար, - ասում է Գատը, - մեզնից ոչ ոք չի եղել Հռոմում:
- Ես ուզում եմ գնալ Հռոմ, - ասում է Ջոննին՝ նորից պառկելով, - շատ եմ ուզում տեսնել իտալական կապույտ զուգարանակոնքերը:
- Ես ուզում եմ տեսնել Կարակալայի բաղնիքը, - ասում է Գատը, - և ուզում եմ ուտել նրանց բոլոր տեսակների պաղպաղակները:
- Ուրեմն գնացեք, - ասում եմ ես:
- Դժվար թե այդքան հեշտ լինի:
- Լավ, բայց կգնաք, - ասում եմ ես, - երբ քոլեջ ընդունվեք կամ քոլեջից հետո:
Գատը հոգոց է հանում:
- Ես ուղղակի ասում եմ՝ դու եղել ես Հռոմում:
- Շատ կցանկանայի, որ դու նույնպես այնտեղ լինեիր, - ասում եմ նրան:
37
- Դու թենիսի կորտու՞մ էիր, - հարցնում է մայրիկը, - ես լսում էի գնդակների ձայնը:
- Ուղղակի զբաղվում էի:
- Դու երկար ժամանակ է ինչ չէիր խաղացել: Դա հրաշալի է:
- Հարվածներս թուլացել են:
- Ես այնքան ուրախ եմ, որ դու նորից սկսել ես խաղալ: Եթե ցանկանաս ինձ հետ խաղալ, մարզվել, միայն ասա:
Նա զառանցում է: Եթե ես մի անգամ խաղացի, դա չի նշանակում, որ ես շարունակելու եմ թենիսը, և նույնիսկ կցանկանամ խաղալ մայրիկի հետ: Նա կհագնի թենիսի կիսաշրջազգեստ, կխրախուսի ինձ, և զգույշ կխաղա ինձ հետ, չափազանց ուշադիր կլինի, մինչև ես կզայրանամ, կվիրավորեմ նրան:
- Տեսնենք, - ասում եմ ես, - կարծես թե ես ձգել եմ ուսս:
Ընթրիքը դրսում է՝ ճապոնական ոճով այգում: Ժամը ութն է, մենք նայում ենք մայրամուտը, խմբերով փոքր սեղանների շուրջ նստած: Թաֆտը և Ուիլլը ափսեից վերցնում են խոզի միս ու սկսում են ուտել ձեռքերով:
- Դուք երկուսդ կենդանի եք, - ասում է Լիբերտին՝ կնճռոտելով քիթը:
- Քե՞զ ինչ. – ասում է Թաֆտը:
- Մի իր գոյություն ունի, անունը՝ պատառաքաղ, - ասում է Լիբերտին:
- Մի իր գոյություն ունի, անունը՝ դեմքդ, - ասում է Թաֆտը:
Ջոննին, Գատն ու Միրրենը ընթրում են Քադդլդաունում, չէ՞ որ նրանք հիվանդ չեն: Եվ նրանց մայրերը նրանց չեն կառավարում: Մայրիկը ինձ թույլ չի տալիս նույնիսկ նստել մեծերի հետ: Նա ինձ ստիպում է, որ նստեմ նույն սեղանի մոտ, քույրերիս ու եղբայրներիս հետ:
Նրանք ծիծաղում են, միմյանց ծաղրում են, խոսելով լիքը բերաններով: Ես դադարում եմ նրանց լսել: Փոխարենը նայում եմ մայրիկին, Քերրիին ու Բեսսին՝ պապիկի շուրջը նստած:
Ես հիշում եմ, որ գիշեր էր: Երևի թե պատահարից երկու շաբաթ առաջ: Հուլիսի սկիզբը: Մենք բոլորս նստած էինք երկար սեղանի շուրջ Քլերմոնտի բակում: Ցիտրուսային հոտերով մոմերը վառվում էին պատշգամբում: Փոքրերը վերջացրել էին իրենց բուրգերները և խոտին անիվներ էին անում: Մեր մի մասն էլ թրաձկան գրիլ էր ուտում, ռեհանի սոուսով: Կար դեղին լոլիկով աղցան և մեծ ամանով դդմիկ վրան չոր պարմեզան պանիր: Գատը սեղանի տակից իր ոտքը սեղմեց իմ ոտքին: Ուրախությունից գլուխս պտտվեց:
Մորաքույրերը խաղում էին իրենց ուտելիքների հետ՝ լուռ ու ասես իրար հետ համաձայնեցրած, փոքրերի բղավոցների տակ: Պապիկը ետ նստեց, ձեռքերը դրեց փորին:
- Ի՞նչ եք կարծում, արժի՞ վերանորոգել Բոստոնի տունը. – հարցրեց նա:
Հետևեց լռություն:
- Ոչ, հայրիկ, - Բեսսը առաջինն էր, որ խոսեց, - մենք սիրում ենք այդ տունը:
- Դու միշտ բողոքում ես, թե հյուրասենյակում քամի է փչում. – ասաց պապիկը:
Բեսսը նայեց քույրերին.
- Ես չեմ բողոքել:
- Քեզ դուր չի գալիս դիզայնը, - ասաց պապիկը:
- Դա ճիշտ է. – մայրիկի ձայնը քննադատական էր:
- Կարծում եմ, դրա ժամանակը չէ, - ասաց Քերրին:
- Ես կարող էի լսել քո խորհուրդները, դու գիտես, - ասաց պապիկը Բեսսին, - կգա՞ս տունը ավելի ուշադիր նայելու: Ասես քո կարծիքը:
- Ես…
Պապիկը առաջ եկավ.
- Ես կարող եմ այն նաև վաճառել, գիտես:
Մենք բոլորս գիտեինք, մորաքույր Բեսսը ուզում էր Բոստոնի տունը: Նրանք երեքն էլ ուզում էին Բոստոնի տունը: Այն արժեր չորս միլիոն դոլար, և նրանք մեծացել էին այդ տանը: Բայց Բեսսը միակն էր, որ ապրում էր մոտակայքում, և ում երեխաները կզբաղեցնեին բոլոր ննջասենյակները:
- Հայրիկ, - կտրուկ ասաց Քերրին, - դու չես կարող այն վաճառել:
- Ես կարող եմ անել այն, ինչ կցանկանամ, - ասաց պապիկը՝ պատառաքաղով վերցնելով իր ափսեի վերջին լոլիկը, ու դնելով բերանը, - և ի՞նչ, Բեսս, քեզ տունը դուր է գալիս այնպիսին ինչպիսին հիմա՞ է, թե՞ դու ուզում ես այն տեսնել վերանորոգած: Ոչ ոքի դուր չեն գալիս փնթփնթանները:
- Ես հաճույքով քեզ կօգնեմ, ինչ էլ որ որոշես փոխել, հայրիկ:
- Օհ խնդրում եմ, - կոպիտ ասաց մայրիկը, - միայն երեկ դու ասում էիր, թե ինչքան զբաղված ես, իսկ հիմա օգնում ես վերանորոգել Բոստոնի տու՞նը:
- Նա մեր օգնությունը խնդրեց. – ասաց Բեսսը:
- Նա քո օգնությունը խնդրեց: Դու մեզ բացառեցի՞ր, հայրիկ. – մայրիկը խմած էր:
Պապիկը ծիծաղեց.
- Փեննի, հանգստացիր:
- Ես կհանգստանամ, երբ ունեցվածքը բաժանված կլինի:
- Դու մեզ խելագարության ես հասցնում. – քթի տակ ասաց Քերրին: