Добавить в цитаты Настройки чтения

Страница 18 из 46



Տարածքը հարթ է: Փայլուն, փայտե հատակ, հսկա պատուհաններ՝ ցածր, հատակին մոտ: Առաջ Քլերմոնտի սենյակները դեկորատիվ էին՝ հատակից առաստաղ զարդարված սև-սպիտակ ընտանեկան լուսանկարներով, շների նկարներով, գրադարակներով և պապիկի «New Yorker» կոմիկսների հավաքածույով: Նոր Քլերմոնտի սենյակների մի կողմի պատերը ապակուց են, մնացածը՝ դատարկ:

Պապիկը բացում է վերևի չորս ննջասենյակների դռները: Բոլորը կահավորված են միայն պահճակալներով և ցածր, լայն զարդասեղաններով: Պատուհանները ունեն սպիտակ ժալյուզներ, որոնք որոշակի լույս են ներս թողնում: Անկողինների ծածկոցներին չկան ոչ մի նախշեր, դրանք պարզ են, ճաշակով, կապույտ կամ շագանակագույն երանգներով:

Փոքրերի սենյակում գոնե մի քիչ կյանք կա: Թաֆտը հատակին ունի Բակուգանի հատված, ֆուտբոլի գնդակ, գրքեր կախարդների ու որբերի մասին: Լիբերտին ու Բոննին բերել են ամսագրեր և MP3 փլեյեր: Այստեղ են նաև Բոննիի գրքերը՝ ուրվականների որսորդների, մեդիումների և վտանգավոր հրեշտակների մասին: Նրանց զարդասեղանը խառնաշփոթի մեջ է դիմահարդարման պարագաներով ու օծանելիքներով: Թենիսի ռակետները դրված են անկյունում:

Պապիկի սենյակը ամենամեծն է և ունի ամենագեղեցիկ տեսարանը: Նա ինձ ներս է տանում ու ցույց է տալիս լոգասենյակը, որն ունի պատերին բռնակներ: Բռնակներ տարիքով մարդկանց համար, որ նրանք չընկնեն:

- Որտե՞ղ են քո կոմիկսները. – հարցնում եմ ես:

- Դեկորատորն է ամեն ինչ որոշել:

- Իսկ բարձերը՞:

- Ինչը՞:

- Դու բարձեր ունեիր: Շների նկարներով:

Նա թափահարում է գլուխը:

- Իսկ պահե՞լ ես այն ձկանը:

- Ի՞նչ, թրաձուկը ու այն մնացածը՞, - մենք աստիճաններով իջնում ենք առաջին հարկ: Պապիկը դանդաղ է շարժվում, և ես հետևում եմ նրան, - ես այս տան հետ նոր սկիզբ եմ դնում, - ասում է նա անտարբեր, - այն հին կյանքը մնաց ետևում:

Նա բացում է իր աշխատասենյակի դուռը: Սա նույնպես ամբողջ տան նման սառն է: Լափթոփը դրված է մեծ գրասեղանի կենտրոնում: Մեծ պատուհանները նայում են ճապոնական ոճով այգին: Աթոռ: Դարակներով պատ՝ ամբողջովին դատարկ:

Ամենը մաքուր է ու պարզ, բայց ոչ հասարակ, քանի որ ամեն ինչ թանկարժեք է:

Պապիկը ավելի շատ նման է մայրիկին, քան ինձ: Նա մաքրել է իր հին կյանքը՝ ծախսելով գումար, ինչ-որ բանի փոխարինման վրա:

- Որտե՞ղ է այն երիտասարդը. – հարցնում է պապիկը անսպասելի: Նա դատարկ հայացք է ընդունում:

- Ջոննի՞ն:

Նա թափահարում է գլուխը.

- Ոչ, ոչ:

- Գատը՞:

- Այո, երիտասարդը. – նա բռնվում է սեղանից, ասես հիմա կուշաթափվի:

- Պապիկ, դու լա՞վ ես:

- Օհ, ամեն ինչ կարգին է:

- Գատը Քադդլդաունում է, Միրրենի ու Ջոննիի հետ. – ասում եմ նրան:

- Մի գիրք կար, նրան էի խոստացել:

- Քո գրքերի մեծ մասը այստեղ չէ:

- Հերի՛ք է ինձ ասես ինչը այստեղ չէ. – հանկարծակի գոռում է պապիկը:

- Դու լա՞վ ես. – մորաքույր Քերրին է՝ աշխատասենյակի դռան մոտ:

- Ես լավ եմ. – ասում է պապիկը:

Քերրին նայում է ինձ և բռնում է պապիկի ձեռքից.

- Արի: Ճաշը պատրաստ է:

- Դու կարողացա՞ր քնել, - հարցնում եմ մորաքրոջս, երբ մենք քայլում ենք խոհանոց, - անցած գիշեր Ջոննին արթու՞ն էր:

- Չգիտեմ ինչի մասին ես խոսում, - ասում է նա:

34

Պապիկի խոհարարն էր գնումները արել և կերակուրները պատրաստել, բայց ճաշացանկը որոշել էին մորաքույրերը: Այսօր մենք ճաշասենյակում ունենք տապակած հավ սառը վիճակում, լոլիկով, ռեհանով աղցան, կամամբեր պանիր, բագետ հաց և ելակով լիմոնադ: Լիբերտին ամսագրից հմայիչ տղաների նկարներ է ինձ ցույց տալիս: Հետո մեկ այլ ամսագրից ցույց է տալիս հագուստների նկարներ: Բոննին գիրք է կարդում «Կոլեկտիվ տեսիլքներ. փաստեր և միֆեր» անունով: Թաֆտը և Ուիլլը ուզում են, որ նրանց տանեմ մոտորանավակով շրջելու՝ նրանք բռնվեն ետևում կապված ջրային օղակներից իսկ ես վարեմ:

Մայրիկը ասում է, որ ես չեմ կարող նավակ վարել, երբ դեղեր եմ ընդունել:

Մորաքույր Քերրին ասում է, որ դա կարևոր էլ չէ, քանի որ Ուիլլը այսպես թե այնպես չի գնալու:

Մորաքույր Բեսսը ասում է, որ համաձայն է նրանց հետ, այդպիսով Թաֆտը կարող է անգամ չհարցնել:

Լիբերտին ու Բոննին հարցնում են՝ իսկ նրանք կարո՞ղ են գնալ:

- Դու Միրրենին միշտ թույլ ես տվել, որ գնա, - ասում է Լիբերտին, - դու գիտես, որ ես ճիշտ եմ:

Ուիլլը թափում է իր լիմոնադը հացի վրա:

Պապիկի ծնկները թրջվում են:

Թաֆտը վերցնում է թրջված հացը և դրանով հարվածում է Ուիլլին:

Մայրիկը մաքրում է թափվածը, մինչ Բեսսը վազում է աստիճաններով, որ պապիկին մաքուր տաբատ բերի: Քերրին զայրանում է տղաների վրա:

Երբ ուտելը ավարտում ենք, Թաֆտը և Ուիլլը վազում են հյուրասենյակ, որ չօգնեն հավաքելու հարցում: Նրանք խելագարների նման ցատկոտում են պապիկի նոր կաշվե բազմոցների վրա: Ես գնում եմ այնտեղ:



Ուիլլը կարճահասակ է ու կարմրաթուշ, ինչպես Ջոննին: Մազերը համարյա սպիտակ: Թաֆտը ավելի բարձրահասակ է ու շատ նիհար, խարտյաշ ու պեպենոտ, երկար, մուգ թարթիչներով և բրեկետներով:

- Ե՞վ: Դուք երկուսդ, - ասում եմ ես, - ինչպե՞ս էր անցած ամառը:

- Դու գիտե՞ս ինչպես ստանալ մոխիրից վիշապ «DragonVale»-ում. – հարցնում է Ուիլլը:

- Ես գիտեմ ինչպես ստանալ կրակից վիշապ. – ասում է Թաֆտը:

- Դու կարող ես օգտագործել կրակից վիշապը ու ստանալ մոխիրից վիշապ. – ասում է Ուիլլը:

Ֆու: Տասը տարեկան:

- Դե՞: Անցած ամառը, - ասում եմ ես, - պատմեք ինձ: Դուք թենիս խաղացե՞լ եք:

- Իհարկե. – ասում է Ուիլլը:

- Գնացե՞լ եք լողալու:

- Հա. – ասում է Թաֆտը:

- Գնացե՞լ եք նավակով շրջելու Գատի ու Ջոննիի հետ:

Նրանք երկուսով դադարում է ցատկելը:

- Ոչ:

- Գատը իմ մասին ինչ-որ բան ասե՞լ է:

- Ես չեմ կարող խոսել քեզ հետ ջրում պատահածի ու մնացածի մասին, - ասում է Ուիլլը, - ես խոստացել եմ մորաքույր Փեննիին:

- Ինչու՞ ոչ:

- Դա քո գլխացավերը ավելի կվատացնի, մենք պետք է այդ թեման հանգիստ թողնենք:

Թաֆտը գլխով է անում.

- Նա ասաց, եթե մենք քո գլխացավերը ավելի վատացնենք, նա մեզ կկախի մեր ոտքերի եղունգների վրա ու կվերցնի մեր այփադները: Մենք պիտի լինենք բարեհամբույր և մեզ հիմարների նման չպահենք:

- Խոսքը իմ պատահարի մասին չէ, - ասում եմ ես, - խոսքը այն ամռան մասին է, երբ ես գնացել էի Եվրոպա:

- Կադի՞, - Թաֆտը դիպչում է ուսիս, - Բոննին քո սենյակում դեղեր է տեսել:

Ուիլլը ետ է գնում ու նստում է բազմոցի արմնկակալին:

- Բոննին մտել է իրերիս մե՞ջ:

- Եվ Լիբերտին:

- Աստված իմ:

- Դու ինձ ասացիր, թե թմրամոլ չես, բայց դու դեղեր ունես քո սեղանի վրա. – դժգոհում է Թաֆտը:

- Նրանց կասես, որ իմ սենյակից հեռու մնան, - ասում եմ ես:

- Եթե դու թմրամոլ ես, - ասում է Թաֆտը, - մի բան կա, որ դու պիտի իմանաս:

- Ի՞նչ:

- Թմրադեղերը քեզ ընկեր չեն, - Թաֆտը լուրջ տեսք է ընդունում, - թմրադեղերը քեզ ընկեր չեն, բացի այդ, մարդիկ են, որ պիտի լինեն ընկեր:

- Օհ Աստված իմ: Դու չէի՞ր կարող ուղղակի ինձ ասել, ի՞նչ եք արել անցած ամառ, մանրապճեղ:

Ուիլլը ասում է.

- Ես ու Թաֆտը ուզում ենք «Angry Birds» խաղալ: Մենք այլևս չենք ուզում քեզ հետ խոսել:

- Ինչ որ է, - ասում եմ ես, - գնացեք, դուք ազատ եք:

Ես քայլում եմ պատշգամբ ու նայում եմ ինչպես են տղաները վազում Րեդ Գեյթ:

35

Քադդլդաունի բոլոր պատուհանները բաց են լինում, երբ ես ճաշից ետ եմ գալիս: Գատը հին CD փլեյերով երաժշտություն է միացնում: Իմ հին, մատիտներով աշխատանքը մագնիսներով կպցրած է սառնարանին՝ հայրիկը վերևում, տատիկն ու շները ներքևում: Մի ուրիշ նկար փակցրած է պահարանին: Մեծ սենյակի մեջտեղում դրված է աստիճան ու մեծ արկղ՝ նվերների փաթեթավորման իրերով:

Միրրենը հրելով հատակի վրայով տեղաշարժում է բազկաթոռը:

- Ինձ երբեք դուր չի եկել, որ մայրիկը զբաղեցրել է այս տարածքը. – բացատրում է նա:

Ես օգնում եմ Գատին ու Ջոննիին տեղաշարժել կահույքը, մինչև Միրրենը գոհ կմնա: Մենք հանում ենք Բեսսի ջրաներկով բնանկարները և մի կողմ ենք գլորում գորգերը: Փոքրերի սենյակներից վերցնում ենք զվարճալի իրերը: Երբ ավարտում ենք, մեծ սենյակը զարդարված է լինում խոզուկի տեսքով խնայատուփերով, գույնզգույն ադեալներով, մանկական գրքերով ու բուի տեսքով լամպով: Առաստաղից կախված են փայլուն ժապավեններ:

- Բեսսը չի՞ կատաղի, երբ տեսնի քո ձևափոխությունները. – հարցնում եմ ես:

- Ես քեզ խոստանում եմ, նա ոտք չի դնի Քադդլդաուն մնացած ամռանը: Նա փորձել է դուրս գալ այստեղից այս տարիների ընթացքում:

- Ի՞նչ նկատի ունես: