Страница 17 из 46
Նա մոտեցնում է ձեռքը ինձ:
- Ես ուզում եմ, որ դու ինձ ներես արքայադուստր Բաթերսքոչի համար, - նրա աչքերը արցունքոտվում են, - ու նամակների համար, - ավելացնում է նա, - ես ցանկանում եմ քեզ ինչ-որ բան նվիրել, Կադի:
- Լավ, ուրեմն. – ասում եմ ես: Ես պարզում եմ ձեռքերս և թողնում եմ, որ Միրրենը քարերը լցնի ափերիս մեջ: Ես դրանք լցնում եմ բլուզիս առջևի գրպաններում:
- Ես քեզ սիրում եմ, - գոռում է նա: Հետո շրջվում է և գոռում է դեպի ծովը, - ես սիրում եմ իմ քույր Կադենս Սինքլեր Իսթմանին:
- Շատ չե՞ս չափազանցնում. – Ջոննին է՝ աստիճաններով իջնելով, բոբիկ ոտքերով, հագին հին, վանդականախշ գիշերանոց: Նա դրել է մեծ շրջանակներով ակնոց, քթին քսել է արևապաշտպան քսուկ:
Միրրենը հիասթափված դեմք է ընդունում, բայց միայն մի պահ:
- Ես իմ զգացմունքներն եմ արտահայտում, Ջոննի: Դա նշանակում է լինել կենդանի, շնչող մարդկային էակ: Ծանո՞թ ես այդպիսի բանի:
- Լավ, կենդանի, շնչող մարդկային էակ, - ասում է նա, թեթև հարվածելով Միրրենի ուսին, - բայց կարիք չկա դա անել այդքան բարձրաձայն, երբ առավոտ է: Մենք առջևում ունենք մի ամբողջ ամառ:
Միրրենը կախում է ստորին շրթունքը:
- Կադին այստեղ է ընդամենը չորս շաբաթով:
- Ես չեմ կարող ինձ վատ պահել քեզ հետ այսքան վաղ, - ասում է Ջոննին, - ես իմ ցուցադրական թեյը դեռ չեմ խմել:
Նա կռանում է և նայում է սպիտակեղենի արկղին՝ դրված ոտքերիս մոտ:
- Ի՞նչ կա այստեղ:
- Գծանկարներ: Ու մի քանի իմ հին աշխատանքներից:
- Ու ի՞նչ. – Ջոննին նստում է քարին, և ես նստում եմ նրա կողքին:
- Ես բաժանում եմ իմ իրերը, - ասում եմ ես, - սեպտեմբերից սկսած: Հիշու՞մ ես, ես քեզ գծավոր շարֆ ուղարկեցի:
- Օհ, այո:
Ես պատմում եմ բաժանած իրերիս մասին, որ նվիրել եմ մարդկանց, ովքեր կարող են օգտագործել դրանք: Ես խոսում եմ բարեգործության մասին ու մայրիկի մատերիալիզմի մասին:
Ես ուզում եմ, որ Ջոննին ու Միրրենը ինձ հասկանան: Ես խղճուկ մեկը չեմ, ով ունի անկայուն տրամադրություն ու տարօրինակ ցավի սինդրոմներ: Ես եմ պատասխանատու իմ կյանքի համար: Ես ապրում եմ իմ սկզբունքներով: Ես ինքս եմ որոշում ինչ-որ բան զոհաբերել:
- Դու չե՞ս ցանկանում, չգիտեմ, ունենալ ինչ-որ բան քոնը. – հարցնում է Ջոննին ինձ:
- Օրինա՞կ:
- Օ, ես տարբեր իրեր եմ ցանկանում ունենալ միշտ, - ասում է Ջոննին, ձեռքերը լայն բացելով, - մեքենա, վիդեո խաղեր, թանկարժեք բրդյա վերարկու: Ինձ դուր են գալիս ժամացույցները, այդ օլդ-սքուլ ասվածը: Ես ուզում եմ իրական արվեստ իմ պատերին, հայտնի նկարիչների գեղանկարներ, որոնք ես չէի կարողանա ունենալ միլիոն տարում: Ֆանտաստիկ քաղցրավենիք, որ տեսնում եմ միայն փուռերի պատուհաններից: Սվիտերներ, շարֆեր՝ բրդյա կտորից ու գծավոր, մեծ մասամբ:
- Կամ դու կարող էիր ցանկանալ գեղեցիկ նկարները, որ նկարել էիր երբ դեռ երեխա էիր, - ասում է Միրրենը, ծնկի է իջնում արկղի մոտ, - նման սենտիմենտալ բաներ:
Նա հանում է տատիկի ու ռետրիվերների նկարը:
- Տես, այս մեկը Ֆաթիման է, իսկ սա Պրինց Ֆիլիպը:
- Դու տարբերու՞մ ես:
- Իհարկե: Ֆաթիման ուներ կլորավուն քիթ ու լայն դեմք:
- Աստված իմ, Միրրեն: Դու այնքան նրբանկատ ես. – ասում է Ջոննին:
32
Գատը կանչում է անունս, երբ ես բարձրանում եմ Նոր Քլերմոնտ: Ես շրջվում եմ, և նա վազում է ինձ մոտ, հագին գիշերանոցի տաբատ, առանց վերնաշապիկի:
Գատը, իմ Գատը:
Նա կլինի՞ իմ Գատը:
Նա կանգնում է իմ առաջ՝ ծանր շնչելով: Նրա մազերը խառնված են քնից հետո: Որովայնի մկանները ձգվում են, և նա թվում է ավելի մերկ, քան եթե կրեր լողազգեստ:
- Ջոննին ասաց, որ դու իջել էիր փոքր ափ, - խորը շնչելով ասում է նա, - ես սկզբում քեզ այնտեղ փնտրեցի:
- Դու ինչ է, նո՞ր ես արթնացել:
Նա տրորում է ծոծրակը: Նայում է ներքև իր հագածին:
- Նման մի բան: Ես ուզում էի քեզ բռնացնել:
- Ինչի՞ համար:
- Արի քայլենք մեր հին ճանապարհով:
Մենք գնում ենք այնտեղ, քայլում ենք ինչպես երեխա ժամանակ՝ Գատը առջևից իսկ ես ետևում: Հասնում ենք ցածր ժայռին, հետո թեքվում աշխատողների տան մոտով, որտեղից երևում են Վինեարդ տանող նավամատույցը և նավակների պահոցը:
Գատը պտտվում է այնքան հանկարծակի, որ ես քիչ է մնում բախվեմ նրան, և մինչ ես ետ կքայլեմ, նա գրկում է ինձ: Նա սեղմում է ինձ կրծքին, երեսը թաքցնում պարանոցիս: Ես գրկում եմ նրան՝ ձեռքերս նրա մեջքին: Նա տաք է:
- Երեկ ես քեզ չգրկեցի, - շշնջում է Գատը, - բոլորը քեզ գրկեցին, բայց ես ոչ:
Նրան դիպչելը ծանոթ է, բայց նաև անծանոթ:
Մենք առաջ եղել էինք այստեղ:
Բայց նաև մենք երբեք այստեղ չէինք եղել:
Մի պահ,
կամ մի րոպե,
հնարավոր է մի ժամ
ես ինձ ուղղակի երջանիկ եմ զգում, այստեղ Գատին գրկած: Ալիքների ձայնը և նրա շնչառությունը ականջիս մոտ: Ուրախանում եմ, որ նա ցանկանում է լինել կողքիս:
- Դու հիշու՞մ ես, երբ մենք միասին այստեղ եկանք, - հարցնում է նա պարանոցիս մոտ, - այն ժամանակ, երբ քայլում էինք ցածր ժայռով:
Ես ետ եմ քայլում: Որովհետև չեմ հիշում:
Ես ատում եմ իմ գրողի տարած չաշխատող հիշողությունը, թե ամբողջ ժամանակ որքան հիվանդ եմ ես, որքան վնասված եմ դարձել: Ես ատում եմ, որ կորցրել եմ իմ տեսքը, որ թողել եմ դպրոցը, որ թողել եմ սպորտը և, որ այդքան կոպիտ եմ մորս հետ: Ես ատում եմ, որ երկու տարի է անցել, բայց ես դեռ ուզում եմ Գատին:
Գուցե Գատը ցանկանում է լինել ինձ հետ: Գուցե: Բայց ամենայն հավանականությամբ նա ուղղակի ուզում էր տեսնել ինձ, որ ես նրան հավատացնեմ, որ նա ոչ մի վատ բան չարեց, երբ լքեց ինձ երկու տարի առաջ: Նա ցանկանում էր, որ ես նրան ասեմ, որ բարկացած չեմ նրա վրա: Որ նա հիանալի տղա է:
Բայց ինչպե՞ս կարող եմ նրան ներել, երբ նույնիսկ հաստատ չգիտեմ ինչ է նա արել ինձ հետ:
- Ոչ, - պատասխանում եմ ես, - երևի թռել է գլխիցս:
- Մենք եկանք… ես ու դու… մենք… դա նշանակալից պահ էր:
- Ինչևէ, - ասում եմ ես, - ես դա չեմ հիշում: Ու երևի այդքան էլ կարևոր բան չի եղել, որ չեմ հիշում, այնպես չէ՞:
Նա նայում է իր ձեռքերին:
- Լավ: Կներես: Հիմա սա ասելու ոչ օպտիմալ պահ էր: Դու զայրանու՞մ ես:
- Իհարկե ես զայրանում եմ, - ասում եմ ես, - երկու տարի կորում ես: Չես զանգում, չես պատասխանում հաղորդագրությունների՝ դարձնելով ամեն ինչ ավելի անհասկանալի: Հիմա դու լրիվ «օհ… ես մտածում էի քեզ էլ երբեք չեմ տեսնի», բռնում ես ձեռքս և «բոլորը քեզ գրկեցին, բայց ոչ ես» և կիսամերկ քայլում ես դրսում: Սա ընդհանրապես «օպտիմալ չէ», Գատ: Եթե դու այդ ձևակերպումն ես ուզում օգտագործել:
Նա կախում է գլուխը:
- Դա ահավոր է հնչում, երբ դու այդ տեսանկյունից ես նայում:
- Հա, դե ես եղածը հենց այդպիսին եմ տեսնում:
Նա ձեռքով խառնում է մազերը:
- Ես ամեն ինչ փչացնում եմ, - ասում է նա, - ի՞նչ կասեիր, եթե ես առաջարկեի, որ ամեն ինչ սկսենք նորից:
- Աստված իմ, Գատ:
- Ի՞նչ:
- Ուղղակի առաջարկիր: Մի՛ հարցրու՝ ես ինչ կասեի, երբ դու առաջարկեիր:
- Լավ, ես առաջարկում եմ: Կարո՞ղ ենք ամեն ինչ սկսել սկզբից: Խնդրում եմ, Կադի՞: Արի սկսենք ճաշից հետո: Դա հիանալի կլինի: Ես հետաքրքիր նկատողություններ կանեմ, ու դու կծիծաղես: Մենք կգնանք տրոլների որսի: Մենք ուրախ կլինենք միմյանց տեսնելու համար: Դու կմտածես, որ ես ընտիր տղա եմ, խոստանում եմ:
- Դա լուրջ խոստում է:
- Լավ, գուցե ոչ ընտիր, բայց գոնե ոչ օպտիմալ չեմ լինի:
- Ինչու՞ ես ասում «օպտիմալ»: Ինչու՞ չես ասում, թե դու իրականում ինչպիսին ես: Անմի՞տ, անհասկանալի՞, ստո՞ր:
- Աստված իմ, - Գատը հուզմունքից տեղում թռվռում է, - Կա՛դենս: Ես իրոք նորից սկսելու կարիք ունեմ: Սա ոչ օպտիմալից դառնում է արդեն գրողի տարած չգիտեմ ինչ:
Նա ցատկում է և ոտքերը հարվածում է ինչպես փոքր զայրացած տղա:
Դրանից ես ժպտում եմ:
- Լավ, - ասում եմ նրան, - սկսենք նորից: Ճաշից հետո:
- Հիանալի է, - ասում է նա և դադարում է ցատկել, - ճաշից հետո:
Մենք մի պահ իրար ենք նայում:
- Ես հիմա պատրաստվում եմ հեռու վազել, - ասում է Գատը, - ոչ մի անձնական բան:
- Լավ:
- Սկզբից սկսելը ավելի լավ կլինի, եթե ես հիմա վազեմ: Որովհետև անհարմար բան կլինի, եթե ես ուղղակի շրջվեմ ու քայլեմ:
- Ասացի լավ:
- Լավ ուրեմն:
Ու նա վազում է:
33
Մեկ ժամ հետո ես գնում եմ Նոր Քլերմոնտ ճաշի: Գիտեմ, մայրիկը չի համակերպվի իմ բացակայության հետ, նրանից հետո երբ ես բաց թողեցի ընթրիքը անցած երեկո: Պապիկը ինձ տունն է ցույց տալիս, մինչ խոհարարը բաժանում է ուտեստները, իսկ մորաքույրերը տեղավորում են փոքրերին: