Страница 15 из 46
27
Ուինդեմիրի իմ սենյակը կաթնագույն փայտե պանելներով է: Մահճակալի վրա կա կանաչ լաթակտոր վերմակ: Հատակին այն բարակ գորգերից է, որ լինում են քաղաքի հյուրանոցներում:
«Դու այստեղ էիր երկու տարի առաջ, - ասում եմ ինձ, - այս սենյակում, ամեն գիշեր: Այս սենյակում, ամեն առավոտ»:
«Երևի, դու կարդում էիր, այփադով խաղեր էիր խաղում, ընտրում էիր հագուստ: Ի՞նչ ես դու հիշում»:
Ոչինչ:
Սենյակիս պատերին կան ճաշակով գծանկարներ, կան նաև իմ որոշ աշխատանքներ. ջրաներկով նկարած թխկին, որ առաջ երևում էր հեռվում՝ Քլերմոնտի բակում, և երկու նկար գունավոր մատիտներով, մեկը Թիփփեր տատիկն ու ռետրիվերները՝ Պրինց Ֆիլիպն ու Ֆաթիման, մյուսը՝ հայրիկս: Ես բերում եմ սպիտակեղենի հյուսից արկղը լոգարանից, հանում եմ բոլոր նկարները և լցնում եմ արկղի մեջ:
Գրապահարանում շարված են փափուկ կազմով գրքեր, երիտասարդական գրքեր և ֆենթեզիներ, որոնք կարդացել եմ մի քանի տարի առաջ: Մանկական գրքեր, ես դրանք կարդացել եմ արդեն հարյուր անգամ: Ես հանում եմ դրանք և դնում եմ միջանցքում:
- Դու բաժանում ես գրքե՞րդ: Դու սիրում ես գրքեր. – ասում է մայրիկը: Նա դուրս է գալիս իր սենյակից նոր հագուստով՝ ընթրիքի համար: Շրթներկով:
- Մենք կարող ենք դրանք տալ Վինեարդի ինչ-որ գրադարանի, - ասում եմ ես, - կամ «Գուդվիլլ»:
Մայրիկը կռանում է ու հերթով նայում է փափուկ կազմով գրքերը:
- Մենք «Կախարդական կյանքը» միասին կարդում էինք, հիշու՞մ ես:
Գլխով եմ անում:
- Այս մեկը նույնպես: «Քրիստոֆեր Չանտի կյանքերը»: Այդ ժամանակ դու ութ տարեկան էիր: Դու ուզում էիր կարդալ ամեն ինչ, բայց դեռ լավ կարդալ չգիտեիր, և ես էի կարդում, քո ու Գատի համար ժամեր շարունակ:
- Իսկ Ջոննին ու Միրրենը՞:
- Նրանք չէին կարողանում այդքան նստած մնալ, - ասում է մայրիկը, - Դու չե՞ս ցանկանում դրանք պահել:
Նա ձգվում է ու ձեռքը դնում այտիս: Ես ետ եմ քաշվում:
- Ես ուզում եմ, դրանց համար ավելի լավ տուն գտնել. – ասում եմ նրան:
- Ես հույս ունեի դու քեզ ուրիշ ձև կպահես, երբ մենք վերադառնանք կղզի, այդքան բան:
- Դու ազատվեցիր հայրիկի բոլոր իրերից: Դու գնեցիր նոր բազմոց, նոր սպասք, նոր զարդարանքներ:
- Կադի:
- Մեր ամբողջ տանը չկա ոչինչ, որ կասի, թե նա երբևէ ապրել է մեզ հետ, բացի ինձնից: Ինչու՞ դու իրավունք ունես ջնջել իմ հորը, իսկ ես իրավունք չունեմ…
- Ջնջել ինքդ քե՞զ. – ասում է մայրիկը:
- Ուրիշ մարդիկ կարող են օգտագործել դրանք, - ես բարձրացնում եմ ձայնս՝ ցույց տալով գրքերը, - մարդիկ, ովքեր իրոք ունեն դրանց կարիքը: Չե՞ս կարծում, որ աշխարհում կարելի է որևէ լավ բան անել:
Այդ պահին Փոպպին, Բոշը ու Գրենդելը վազում են աստիճաններով վերև, դեպի միջանցք, որտեղ մենք ենք կանգնած, հոտոտում են մեր ձեռքերը, շարժում են փափուկ պոչերը՝ հարվածելով մեր ծնկներին:
Մայրիկն ու ես լուռ ենք:
Վերջապես նա ասում է.
- Ոչինչ, որ դու թափառել ես փոքր ափով, կամ ինչ էլ որ արել ես կեսօրից հետո: Ոչինչ, բաժանիր գրքերդ, եթե իրոք դա քեզ համար այդքան կարևոր է: Բայց ես սպասում եմ քեզ Քլերմոնտում ընթրիքի ժամանակ՝ մեկ ժամից, ժպիտը դեմքիդ հանուն պապիկի: Ոչ մի պատճառաբանություն: Ոչ մի արդարացում: Դու հասկացա՞ր ինձ:
Գլխով եմ անում:
28
Անցած ամառներից մնացել էր բլոկնոտ, երբ ես ու Գատը տարված էինք միլիմետրովկաներով: Մենք նկարում ու նկարում էինք՝ ներկելով մանր վանդակները գունավոր մատիտներով ու ստանալով պիկսելային դիմանկարներ:
Ես գտնում եմ գրիչ և գրում եմ բոլոր իմ հիշողությունները տասնհիգերորդ ամռանից:
« Դեսերտը խարույկի մոտ , լողը : Վերնահարկը , մեզ ընդհատելը :
Միրրենի ձեռքը , նրա եղունգների ոսկեգույն լաքը , ձեռքում նավակների բենզինով կանիստրը :
Մայրիկը , նրա անհանգիստ դեմքը , հարցնում է . « սև մարգարիտո՞վ »:
Ջոննիի ոտքերը , նա վազում է Քլերմոնտից աստիճաններով ներքև՝ դեպի նավակների պահոց :
Պապիկը , հենված ծառին , նրա դեմքը լուսավորվում է խարույկի լույսից :
Եվ մենք բոլորս՝ Ստախոսներս , ծիծաղում ենք այնքան ուժեղ , որ գլուխներս պտտվում է ու զգում ենք սրտխառնոց »:
Ես սարքեցի առանձին էջ՝ դժբախտ պատահարին վերաբերվող: Ինչ ասաց ինձ մայրիկը և ինչ ենթադրություններ ես արեցի: Ես հավանաբար գնացել էի լողալու փոքր ափ միայնակ: Հարվածեցի գլուխս քարին: Հավանաբար ինքս փորձել եմ հասնել ափ: Մորաքույր Բեսսը ու մայրիկը ինձ թեյ են տալիս: Ինձ մոտ ախտորոշվում է հիպոթերմիա, շնչառական խնդիրներ և գլխուղեղի տրավմա, որ երբեք չի երևացել ռենտգենյան նկարներում:
Ես կպցնում եմ էջը պատին՝ մահճակալիս վերևում: Ավելացնում եմ հարցերով ստիքերներ:
«Ինչու՞ էի մտել ջուրը միայնակ ու գիշերը:
Որտե՞ղ էին իմ շորերը :
Ես ուղեղի տրավմա ստացել եմ լողալի՞ս , թե՞ ինչ - որ ուրիշ բան է տեղի ունեցել : Կարո՞ղ է ինչ - որ մեկը դրանից առաջ ինձ հարվածած լինի : Ես ինչ - որ հանցանքի զո՞հ եմ :
Եվ ի՞նչ էր տեղի ունեցել իմ ու Գատի միջև : Մենք վիճե՞լ էինք : Ես ինձ սխա՞լ եմ պահել նրա նկատմամբ :
Նա դադարե՞լ է ինձ սիրել ու վերադարձել է Ռաքելի մո՞տ »:
Որոշում եմ, որ մոտակա չորս շաբաթների ընթացքում ինչ որ իմանամ, դա կհայտնվի Ուինդեմիրի իմ մահճակալի վերևում: Ես կքնեմ այդ գրառումների տակ և կուսումնասիրեմ դրանք ամեն առավոտ:
Միգուցե ընդհանուր պատկերը հայտնվի պիկսելներով:
Վհուկը կանգնել է իմ ետևում և որոշ ժամանակ սպասում է իմ թուլության պահին: Նա ձեռքում պահում է սագի փղոսկրից արձան՝ բարդ փորագրություններով: Ես պտտվում եմ և մի պահ հիանում եմ դրանով, մինչ նա չի սկսում թափահարել այն սարսափելի ուժով: Այն հարվածում է, մի մեծ անցք բացում ճակատիս: Ես կարողանում եմ զգալ՝ ինչպես են ոսկրերս փխլվում: Վհուկը կրկին թափահարում է արձանը ու հարվածում աջ ականջիցս վերև, կոտրելով գանգս: Նա հասցնում է հարվածը հարվածի ետևից, մինչև ոսկրերիս մանր փշուրները կեղտոտում են անկողինս և խառնվում նրա մի ժամանակ գեղեցիկ եղած սագի արձանի կտորների հետ:
Ես գտնում եմ իմ հաբերը և անջատում լույսը:
- Կադե՞նս, - կանչում է մայրիկը միջանցքից, - ընթրիքը Նոր Քլերմոնտում:
Ես չեմ կարող գնալ:
Ես չեմ կարող: Չեմ գնա:
Մայրիկը խոստանում է, որ սուրճը կօգնի ինձ առույգ մնալ, մինչև դեղերը կսկսեն ազդել: Նա ասում է, թե ինչքան երկար ժամանակ է ինչ մորաքույրերը չեն տեսել ինձ, և որ երեխաները նույնպես իմ հարազատներն են, վերջ ի վերջո: Ես ունեմ ընտանեկան պարտականություններ: