Страница 14 из 46
Ես չեմ կարողանում դադարել նրան նայել:
Նա այնքան գեղեցիկ է: Այնքան Գատ: Ես գիտեմ նրա դուրս ցցված ստորին շրթունքը, ուսերի ուժը: Երբ նա կիսով չափ է վերնաշապիկը մտցնում ջինսի տակ, երբ նրա կոշիկների կրունկները մաշված են, երբ նա առանց գիտակցելու դիպչում է հոնքի սպիին:
Ես այնքան զայրացած եմ: Եվ այնքան ուրախ եմ նրան տեսնելու համար:
Հավանաբար նա շարժվել է առաջ, ինչպես յուրաքանչյուր ընդունակ մարդ: Նա անցած երկու տարին չի անցկացրել կուչ եկած գլխացավից, ու ինքն իրեն խղճալով: Նա շրջել է Նյու Յորքի բալետկաներով աղջիկների հետ, նրանց տանելով չինական ռեստորաններ և համերգներ դիտելու: Եթե նա Ռաքելի հետ չէ, հավանաբար տանը ունի ընկերուհի կամ նույնիսկ երեքը:
- Մազերդ նոր են, - ասում է Ջոննին ինձ:
- Հա:
- Տեսքդ լավն է բայց, - քաղցր ասում է Միրրենը:
- Նա այնքան բարձրահասակ է, - ասում է Գատը՝ զբաղվելով թեյի տուփերով՝ հասմիկի, «Անգլիական նախաճաշի» և այդպես շարունակ, - դու առաջ այսքան բարձրահասակ չէիր, չէ՞ Կադի:
- Սա կոչվում է հասունացում, - ասում եմ ես, - դա ես չեմ որոշում:
Երկու ամառ առաջ Գատը մի քանի սանտիմետրով բարձր էր ինձնից: Հիմա մենք համարյա հավասար ենք:
- Ես դեմ չեմ հասունացմանը, - ասում է Գատը, նա դեռ չի նայում դեմքիս, - Միայն թե չդառնաս ավելի բարձրահասակ քան ես:
Նա ֆլի՞րտ է անում:
Նա ֆլիրտ է անում:
- Ջոննին միշտ ինձ թողնում է ավելի բարձրահասակ լինեմ, - շարունակում է Գատը, - նա դրանից երբեք խնդիր չի սարքում:
- Ասես ես ընտրություն ունեմ, - դժգոհ ասում է Ջոննին:
- Նա առաջվա նման մեր Կադին է, - հավատարմորեն ասում է Միրրենը, - երևի մենք էլ նրա համար ենք փոխվել:
Բայց նրանք չէին փոխվել: Նրանք նույնն էին: Գատը մաշված, կանաչ շապիկով ինչպես երկու ամառ առաջ: Նրա մշտական ժպիտը, նրա առաջ թեքվելը, նրա ազնվական քիթը:
Ջոննին՝ թիկնեղ, ջինսով ու վարդագույն վանդականախշ վերնաշապիկով՝ այնքան հին, որ եզրերը արդեն քրքրված են, կրծոտված եղունգներով, կարճ սանրվածքով:
Միրրենը նման է նախառաֆայելյան նկարի, իր սինքլերյան քառակուսաձև ծնոտով: Նրա երկար, փարթամ մազերը հավաքած վերևում, հագին լողազգեստ ու շորտեր:
Դա հուսադրող է: Ես նրանց այնքան եմ սիրում:
Նրանց համար կարևորություն կունենա՞ այն, որ ես դժբախտ պատահարի հետ կապված ոչինչ չեմ կարողանում հիշել: Ես շատ բան եմ կորցրել նրանից, թե մենք միասին ինչեր ենք արել տասնհինգերորդ ամռանը: Տեսնես մորաքույրերը խոսե՞լ են իմ մասին:
Ես չեմ ուզում, որ նրանք նայեն ինձ այնպես, ասես ես հիվանդ եմ: Կամ ասես գլուխս չի աշխատում:
- Պատմիր քոլեջի մասին, - ասում է Ջոննին: Նա նստել է սեղանին, - Որտե՞ղ ես սովորելու:
- Ոչ մի տեղ, դեռևս, - այս փաստից ես չէի կարող փախչել: Բայց ես զարմանում եմ, որ նրանք դեռ տեղյակ չեն:
- Ի՞նչ:
- Ինչու՞:
- Ես չեմ ավարտել դպրոցը: Պատահարից հետո շատ եմ բաց թողել դասերը:
- Օհ, զզվանքություն, - բացականչում է Ջոննին, - դա ահավոր է: Դու չե՞ս կարող գնալ ամառային դպրոց:
- Ոչ, ես այստեղ եմ, - ասում եմ ես, - բացի այդ, ավելի լավ կլինի եթե դիմելուց արդեն բոլոր կուրսային աշխատանքներս արած լինեմ:
- Ի՞նչ ես պատրաստվում սովորել, - հարցնում է Գատը:
- Եկեք խոսենք ուրիշ բանի մասին:
- Բայց մենք ուզում ենք իմանալ, - ասում է Միրրենը, - բոլորս:
- Լուրջ, - ասում եմ ես, - խոսենք ինչ-որ ուրիշ թեմայից: Ինչպե՞ս է քո սիրային կյանքը, Ջոննի:
- Նորից զզվանքություն:
Բարձրացնում եմ հոնքերս:
- Երբ դու այնքան գեղեցիկ տղամարդ ես, ինչպիսին ես եմ, քեզ մոտ ոչինչ հարթ չի լինում, - սարկաստիկ ասում է նա:
- Ես ընկեր ունեմ, անունը՝ Դրեյք Լոգգերհեդ, - ասում է Միրրենը, - նա սովորելու է Պոմոնայում, ինչպես ես: Մենք սեռական կապեր ենք ունեցել, բայց միշտ պաշտպանվել ենք: Նա ինձ բերում է դեղին վարդեր ամեն շաբաթ և ունի լավ մկաններ:
Ջոննին հանկարծակիի գալով դուրս է փչում թեյը: Գատն ու ես ծիծաղում ենք:
- Դրեյք Լոգգերհե՞դ, - հարցնում է Ջոննին: //(Loggerhead – բթամիտ)
- Այո, - ասում է Միրրենը, - ի՞նչ կա խնդալու:
- Ոչինչ. - Ջոննին արագ թափահարում է գլուխը:
- Մենք հանդիպում ենք արդեն հինգ ամիս, - ասում է Միրրենը, - նա այս ամառ գնում է արշավների, այնպես որ նա ավելի մեծ մկաններով կլինի, երբ ես նրան կտեսնեմ:
- Դու կատակում ես. - ասում է Ջոննին:
- Մի քիչ, - ասում է Միրրենը, - բայց ես նրան սիրում եմ:
Ես սեղմում եմ նրա ձեռքը: Ես ուրախ եմ, որ նա գտել է մեկին, ում սիրում է:
- Ես քեզ կհարցնեմ սեռական կապի մասին հետո. - զգուշացնում եմ ես:
- Երբ տղաները այստեղ չլինեն, - ասում է նա, - ես քեզ ամեն ինչ կպատմեմ:
Մենք թողնում ենք մեր բաժակնեը ու գնում ենք փոքր ափ: Հանում ենք մեր կոշիկները և մեր մատները մտցնում ենք ավազի մեջ: Այստեղ կան փոքրիկ, սուր խխունջներ:
- Ես չեմ ընթրելու Նոր Քլերմոնտում, - վճռական ասում է Միրրենը, - ոչ էլ նախաճաշելու եմ: Ոչ այս տարի:
- Ինչու՞. – հարցնում եմ ես:
- Ես չեմ կարող, - ասում է նա, - մորաքույրերը, փոքրերը, պապիկը՝ նա խելքը թռցրել է, դու գիտես:
Ես գլխով եմ անում:
- Այդ միասնությունը չափից շատ է: Ես միայն ուզում եմ ձեզ՝ երեքիդ հետ երջանիկ լինել, այստեղ, - ասում է Միրրենը, - չեմ պատրաստվում ժամանակ վատնել այդ նոր, անշունչ տանը: Այդ մարդկանց համար առանց ինձ էլ վատ չէ:
- Նույնը ինձ մոտ. - ասում է Ջոննին:
- Նույնը ինձ մոտ. – ասում է Գատը:
Հասկանում եմ, որ նրանք արդեն քննարկել են այս թեման մինչ իմ գալը:
26
Միրրենն ու Ջոննին մտնում են ջուրը լողի ակնոցներով ու ջրային կոշիկներով: Նրանք օմար են փնտրում: Հավանաբար այստեղ կան միայն մեդուզաներ ու փոքր կռաբեր, բայց թեկուզ փոքր է ընտրության հնարավորությունը, մենք միշտ եկել ենք փոքր ափ դրանց համար:
Ես ու Գատը նստել ենք ադեալի վրա: Մենք լուռ նայում ենք Ջոննիին ու Միրրենին:
Ես չգիտեմ ինչպես խոսել նրա հետ:
Ես նրան սիրում եմ:
Նա իրեն պահել է տխմարի նման:
Ես չպետք է սիրեի նրան: Հիմար եմ, որ դեռ սիրում եմ նրան: Պիտի հանեմ դա գլխիցս:
Միգուցե նա դեռ կարծում է, որ ես գեղեցիկ եմ: Նույնիսկ իմ մազերով և աչքերիս տակի սև շրջաններով: Միգուցե:
Նրա մկանները շարժվում են շապիկի տակից: Նրա պարանոցի կորությունը, ականջի փափուկ կամարը: Նրա պարանոցի փոքր շագանակագույն խալը: Եղունգների կիսալուսինները: Ես նրան ամբողջովին խմում եմ, այսքան երկար բաժանումից հետո:
- Մի նայիր իմ տրոլի ոտքերին. - ասում է Գատը հանկարծակի:
- Ի՞նչ:
- Դրանք ահավոր են: Տրոլը գիշերը գաղտնի եկավ իմ սենյակ, վերցրեց իրեն իմ նորմալ ոտքերը և թողեց ինձ իր ավազակային տրոլյան ոտքերով, – Գատը թաքցնում է ոտքերը սրբիչի տակ, այնպես որ ես չկարողանամ տեսնել դրանք, - հիմա դու գիտես ճշմարտությունը:
Ես ինձ թեթև եմ զգում, որ մենք չենք խոսում ոչ մի կարևոր բանից:
- Կոշիկներ հագիր:
- Ես ծովափին կոշիկ չեմ հագնում, - նա շարժում է ոտքերը, դուրս հանում սրբիչի տակից: Դրանք նորմալ տեսք ունեն, - ես պետք է ձևացնեմ, թե ամեն ինչ լավ է, մինչև կգնտեմ այդ տրոլին: Հետո ես կսպանեմ նրան ու ետ կվերցնեմ իմ ոտքերը: Դու զենքեր ունե՞ս:
- Ոչ:
- Դե-ե-ե:
- Ը-ը-ը: Ուինդեմիրում կրակախառնիչ կա:
- Հիանալի է: Հենց մենք տեսնենք այդ տրոլին, կսպանենք նրան քո կրակախառնիչով:
- Եթե պնդում ես:
Ես պառկում եմ ադեալին ու ձեռքով պակում եմ աչքերս: Մի պահ լուռ ենք լինում:
- Տրոլները գիշերային են. – ավելացնում եմ ես:
- Կադի՞. – շշնջում է Գատը:
Ես շրջում եմ դեմքս, նայում նրա աչքերին:
- Հա՞:
- Ես մտածում էի, թե քեզ էլ երբեք չեմ տեսնի:
- Ի՞նչ. – նա այնքան մոտ էր, մենք կարող էինք համբուրվել:
- Ես մտածում էի, թե քեզ էլ երբեք չեմ տեսնի: Ամբողջ կատարվածից հետո, ու երբ դու անցած ամառ չեկար կղզի:
«Ինչու՞ դու ինձ չէիր գրում, - ուզում եմ հարցնել ես, - Ինչու՞ չէիր զանգում, ամբողջ այս ընթացքում»:
Նա դիպչում է դեմքիս:
- Ես այնքան ուրախ եմ, որ դու այստեղ ես, - ասում է նա, - ես այնքան ուրախ եմ, որ շանս ունեմ:
Ես չգիտեմ՝ ինչ կա մեր միջև: Ես իրոք չգիտեմ: Նա այնքան տխմար է:
- Ինձ տուր ձեռքդ, - ասում է Գատը:
Ես վստահ չեմ, որ ուզում եմ:
Բայց միևնույն ժամանակ իհարկե ուզում եմ:
Նրա ձեռքը տաք է ու ավազոտ: Մենք միահյուսում ենք մեր մատները ու փակում մեր աչքերը արևից:
Մենք ուղղակի պառկել ենք այդտեղ: Ձեռք ձեռքի բռնած: Նա իր մատով շոյում է ձեռքս, ինչպես անում էր երկու ամառ առաջ աստղերի տակ:
Եվ ես հալվում եմ: