Страница 13 из 46
Քերրին անջատում է շարժիչը, որն ավելի է հեշտացնում խոսալը:
- Սա Նոր Քլերմոնտն է, - ասում է նա:
- Անցած տարի միայն կմախքն էր: Ես երբեք չէի պատկերացնի, որ նա այն կսարքի առանց գազոնի, - ասում է մայրիկը:
- Սպասիր դու դեռ ներսը չես տեսել: Պատերը ամբողջովին մերկ են, ու երբ մենք երեկ եկանք, նա սառնարանում չուներ ոչինչ, բացառությամբ մի քանի խնձորի ու «Հավարտի» պանրի:
- Երբվանի՞ց է նա սկսել սիրել «Հավարտի», - հարցնում է մայրիկը, - այն լավը չէ:
- Նա չգիտի ինչ է գնում: Ջիննին ու Լյուսիլը՝ նոր խոհարարը, անում են միայն այն, ինչ նա է կարգադրում: Նա ուտում էր միայն պանրով տոստ: Բայց ես գրեցի մի մեծ ցուցակ և նրանք գնացին Էդգարթաուն գնումների: Հիմա մենք ունենք բավարար ուտելիք մի քանի օրվա համար:
Մայրիկը դողում է:
- Լավ է, որ այստեղ ենք:
Ես զննում եմ նոր կառույցը, քանի դեռ նրանք զրուցում են: Ես իհարկե գիտեի, որ պապիկը վերափոխել է այն: Նա և մայրիկը խոսում էին նոր խոհանոցի մասին, երբ նա այցելել էր մեզ մի քանի օր առաջ: Սառնարան և լրացուցիչ սառնախցիկ, տաքացնող դարակ և համեմունքների համար հատուկ դարակ:
Ես չէի մտածում, որ նա ամբողջովին քանդել է տունը: Որ չկա գազոն: Եվ չկան ծառերը, հատկապես մեծ, ծեր թխկին, որից կախված էին ճոճանակները: Այդ ծառը երևի մոտ հարյուր տարեկան էր:
Ալիքը բարձրանում է, մուգ կապույտ, ծովից դուրս թռնելով ինչպես կետը: Անցնում է իմ վրայով: Պարանոցիս մկանները սկսում են ձգվել, կոկորդս չորանում է: Ես ծալվում եմ նրա ծանրության տակ: Արյունը հարվածում է գլխիս: Ես խորտակվում եմ:
Մի պահ այս ամենը թվում է այնքան տխուր, անտանելի տխուր, գեղեցիկ ու ծեր, ճոճանակներով ծառի մասին մտածելը: Մենք երբեք չէինք խոսացել այդ ծառի մասին, թե ինչքան էինք մենք այն սիրում: Նրան անուն չէինք տվել: Ոչինչ: Այն կարող էր դեռ ավելի երկար ապրել:
Ես մրսում եմ, շատ եմ մրսում:
- Կադե՞նս, - մայրիկը թեքվում է իմ կողմ:
Ես ձգվում եմ ու բռնվում եմ նրա ձեռքից:
- Քեզ նորմալ պահիր, - ցածր ասում է նա, - Հիմա:
- Ի՞նչ:
- Որովհետև դու նորմալ ես: Որովհետև դու կարող ես:
Լավ: Լավ: Դա ուղղակի մի ծառ էր:
Ուղղակի ծառ՝ անվադողերից ճոճանակներով, որոնք ես շատ էի սիրում:
- Տեսարաններ մի՛ սարքիր, - շշնջում է նա, - խորը շնչիր ու նստիր:
Ես անում եմ այնպես, ինչպես որ նա ասեց, ինչքանով որ կարողանում եմ, ինչպես միշտ եմ արել:
Մորաքույր Քերրին իր վրա վերցրեց ուշադրությունը՝ ավելի ուրախ ասելով.
- Նոր այգին լավն է, միայն հարմարվել է պետք: Նստելու տեղ կա կոկտեյլների ժամերի համար: Թաֆտը և Ուիլլը հատուկ քարեր են գտել:
Նա շրջում է նավակը ափի կողմ ու հանկարծ ես կարողանում եմ տեսնել մեզ սպասող իմ Ստախոսներին, ոչ նավամատույցին, այլ փայտե ցանկապատի մոտ, որ տարածվում է եզրային ճանապարհով:
Միրրենը կանգնել է ցանկապատին, ոգևորված մեզ ձեռքով է անում, նրա մազերը խառնվում են քամուց:
Միրրենը: Նա քաղցրություն է: Նա հետաքրքրություն է ու անձրև:
Ջոննին ցատկում է վերև, ներքև, անիվի նման պտույտներ անում:
Ջոննին: Նա հակադրություն է: Ջանք է ու սարկազմ:
Գատը, իմ Գատը, ժամանակին իմ Գատը՝ նա նույնպես դուրս է եկել ինձ տեսնելու: Նա կանգնել է ցանկապատի ետևում, քարե բեկորի վրա, որոնցից հիմա շատ կային Քլերմոնտում: Նա ազդանշաններ էր ցույց տալիս, արագ թափահարելով ձեռքերը, ասես ես պիտի ինչ-որ գաղտնի կոդ հասկանայի: Նա մտածմունք է ու էնտուզիազմ: Ամբիցիա ու թունդ սուրճ:
Բարի գալուստ տուն, ասում են նրանք: Բարի գալուստ տուն:
24
Ստախոսները չեն գալիս նավամատույց, երբ մենք հասնում ենք այնտեղ, և ոչ էլ մորաքույր Բեսսը ու պապիկը: Փոխարենը այնտեղ են փոքրերը՝ Ուիլլն ու Թաֆտը, Լիբերտին ու Բոննին:
Տղաները՝ երկուսն էլ տասը տարեկան, բշտում են իրար ու քաշքշում: Թաֆտը վազում է ու գրկում է ինձ: Ես բարձրացնում եմ նրան ու պտտում: Նա անսպասելի թեթև է, ասես նրա պեպենոտ մարմինը թռչնի մասերից լինի:
- Հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում, - հարցնում եմ ես:
- Մենք պաղպաղակ ունենք սառնարանում, - նա գոռում է, - երեք տեսակի:
- Լուրջ, Թաֆտ: Երեկ, երբ մենք խոսում էինք հեռախոսով, դու անախորժություններ ունեիր:
- Չունեի:
- Այո, ունեիր:
- Միրրենը ինձ հեքիաթ կարդաց: Հետո ես գնացի քնելու: Ոչ մի լուրջ բան:
Ես խառնում եմ նրա մեղրագույն մազերը:
- Դա ուղղակի տուն է: Շատ-շատ տներ գիշերները սարսափելի են թվում, բայց առավոտյան նորից դառնում են ընկերական:
- Արդեն մեկ է, մենք չենք մնում Քադդլդաունում, - ասում է Թաֆտը, - մենք տեղափոխվել ենք Նոր Քլերմոնտ պապիկի մոտ:
- Տեղափոխվե՞լ եք:
- Մենք մեզ պետք է կարգին պահենք այնտեղ և ոչ մի հիմարություն չանենք: Մեր իրերն արդեն տեղավորել ենք: Ուիլլը երեք հատ մեդուզա է բռնել մեծ ափին ու սատկած կռաբ: Կգա՞ս դրանք տեսնելու:
- Իհարկե:
- Կռաբը նրա գրպանում է, բայց մեդուզաները ջրով դույլի մեջ են, - ասում է Թաֆտը ու վազում:
Մայրիկն ու ես քայլում ենք Ուինդեմիր տանող կարճ ճանապարհով: Երկվորյակները օգնում են ճամպրուկները տանել:
Պապիկն ու մորաքույր Բեսսը խոհանոցում են: Սեղանին ծաղկամանի մեջ դրված են դաշտային ծաղիկներ, Բեսսը սպունգով մաքրում է լվացարանը, իսկ պապիկը կարդում է «Martha’s Vineyard Times»:
Բեսսը ավելի նուրբ է քան քույրերը, և ավելի խարտյաշ, բայց նույն կազմվածքով: Նա հագել է սպիտակ ջինս, մուգ կապույտ, բամբակե կտորից սվիտեր՝ ադամանդե զարդարանքով: Նա հանում է ռեզինե ձեռնոցները, հետո համբուրում է մայրիկին և գրկում ինձ՝ այնքան երկար ու պինդ, որ ասես ինչ-որ խորը ու գաղտնի ուղերձ է փոխանցում: Նրանից քլորի ու գինու հոտ է գալիս:
Պապիկը կանգնում է, բայց չի մոտենում մինչև Բեսսը չի վերջացնում գրկախառնոցը:
- Միրրեն, ողջույն, - ասում է պապիկը ուրախ, - հիանալի է քեզ տեսնել նորից:
- Նա շատ է շփոթում, - ասում է Քերրին ինձ ու մայրիկին, - մարդկանց կանչում է «Միրրենով»:
- Ես գիտեմ, որ նա Միրրենը չէ, - ասում է պապիկը:
Մեծերը իրար մեջ զրուցում են, իսկ ես երկվորյակների հետ հեռանում եմ: Նրանք մի քիչ ծիծաղելի տեսք ունեն քրոկսերով ու ամառային զգեստներով: Համարյա տասնչորս տարեկան են: Նրանք ունեն Միրրենի ձիգ ոտքերը ու կապույտ աչքերը, բայց նրանց դեմքերը ավելի փոքր են:
- Քո մազերը սև են, - ասում է Բոննին, - դու նման ես մեռած վամպիրի:
- Բո՛ննի, - Լիբերտին բզում է նրան:
- Նկատի ունեմ, որ դա ավելորդ է, որովհետև բոլոր վամպիրները մեռած են լինում, - ասում է Բոննին, - բայց նրանք նաև ունեն սև շրջաններ աչքերի տակ ու գունատ մաշկ, ինչպես դու:
- Քեզ լավ պահիր Կադիի հետ, - շշնջում է Լիբերտին, - մայրիկը մեզ զգուշացրել է:
- Ես ոչինչ չասացի, - ասում է Բոննին, - շատ վամպիրներ չափազանց գրավիչ են: Դա ապացուցված փաստ է:
- Ես քեզ ասացի, որ ես չեմ ուզում, որ դու խոսաս զզվելի մեռած արարածների մասին այս ամառ, - ասում է Լիբերտին, - անցած գիշերը հերիք էր:
Հետո պտտվում է իմ կողմ.
- Բոննին տարված է մեռյալներով: Նա կարդում է գրքեր նրանց մասին, անընդհատ, ու հետո չի կարողանում քնել: Դա նյարդայնացնում է, երբ նրա հետ սենյակ ես կիսում:
Այս ամենը Լիբերտին ասում է առանց աչքերիս նայելու:
- Ես ընդամենը խոսում էի Կադիի մազերի մասին, - ասում է Բոննին:
- Դու չպետք է ասես նրան, որ նա մեռածի տեսք ունի:
- Բան չկա, - ասում եմ Բոննիին, - ինձ չի հետաքրքրում, թե դուք ինչ եք մտածում, այնպես որ ամեն ինչ նորմալ է:
25
Բոլորը գնում են Նոր Քլերմոնտ, մնում ենք միայն ես ու մայրիկը իրերը դասավորելու: Ես թողնում եմ ճամպրուկս ու գնում Ստախոսներին գտնելու:
Հանկարծակի նրանք թռնում են վրաս՝ փոքր շների նման: Միրրենը գրկում է ինձ ու պտտում: Ջոննին գրկում է Միրրենին, Գատը՝ Ջոննիին, մենք միմյանց գրկած սկսում ենք տեղում թռվռալ: Այս ամենը վերջացնելուց հետո մտնում ենք Քադդլդաուն:
Միրրենը անդադար խոսում է այն մասին, թե ինչ ուրախ է, որ Բեսսը ու փոքրերը ապրելու են պապիկի հետ այս ամառ: Հիմա պապիկը ինչ-որ մեկի կարիքը ունի իր կողքին: Ու նաև որ Բեսսի կողքին անհնար է մնալ, հաշվի առնելով որ նա անընդհատ տարված է մաքրությամբ: Եվ ամենակարևորը, մենք՝ Ստախոսներս, կմնանք Քադդլդաունում՝ միայն մենք: Գատը ասում է, որ ուզում է թեյ պատրաստել ու, որ տաք թեյը նրա նոր թուլությունն է: Ջոննին նրան անվանում է «ինքնահավան տխմար»: Մենք Գատի հետ գնում ենք խոհանոց: Նա ջուր է դում եռալու:
Փոթորիկի է նման, նրանք անընդհատ խոսում են, վիճում, ծիծաղում, ինչպես մեր հին ժամանակներում: Չնայած Գատը խուսափում է ինձնից: