Страница 10 из 46
Բոլոր այս բարեկեցության և բարձր ճաշակի խորհրդանիշները անիմաստ էին:
- Գեղեցիկ իրերը իմաստ ունեն, - պնդում է մայրիկը, - դրանք տունը դարձնում են առանձնահատուկ, ստեղծում են անձնական պատմություն: Ու վերջապես, դրանք հաճելի են, Կադենս: Դու երբևէ լսե՞լ ես հաճելի ասվածի մասին:
Բայց ես կարծում եմ նա ստում է: Ստում է ինձ, ստում է ինքն իրեն, այն մասին թե ինչու է դրանք գնում: Ամեն մի նոր գնումից հետո մայրիկը իրեն զգում է ավելի ազդեցիկ, ընդամենը մի պահ: Կարծում եմ դա բարձրացնում է նրա ստատուսը. տունը լցված գեղեցիկ իրերով, թանկարժեք նկարներով նրա տաղանդավոր ընկերների կողմից և գդալներով «Թիֆֆանիից»: Հնաոճ իրերը և արևելյան գորգերը մարդկանց ասում էին, որ թեկուզ մայրիկը հեղինակավոր Բրին-Մորը ավարտելուց հետո ձեռք է բերել ընդամենը շներ, նա մեկ է ունի իշխանություն, քանի որ ունի փող:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Իմ բարձը: Ես այն ման եմ տալիս հետս, քանի դեռ շրջում եմ քաղաքով:
Գրադարանի դռան մոտ պատին հենված կանգնած է մի աղջիկ: Ոտքերի մոտ դրված է ստվարաթղթից բաժակ մանրադրամի համար: Ինձնից տարիքով ոչ շատ մեծ:
- Կուզենա՞ս այս բարձը, - հարցնում եմ ես, - երեսը ես լվացել եմ:
Նա վերցնում է բարձը և նստում վրան:
Այդ գիշեր իմ անկողինը անհարմար եղավ, բայց ես չեմ փոշմանում:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. «Լիր արքային» փափուկ կազմով, որը ես կարդացի, երբ որոշվեց, որ մնում եմ նույն դասարանում: Գտա մահճակալիս տակից:
Նվիրաբերեցի հասարակական գրադարանին:
Ինձ պետք չի այն նորից կարդալ:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Թիփփեր տատիկի լուսանկարը, նկարված Գյուղատնտեսական ինստիտուտի խնջույքի ժամանակ, տատիկը երեկոյան հագուստով, ձեռքերում խոզուկ:
Տուն գնալու ճանապարհին կանգ եմ առնում «Գուդվիլլի» մոտ:
- Ողջույն, Կադենս, - ասում է Փատտին վաճառասեղանի մոտից , - հենց այնպե՞ս մտար:
- Սա իմ տատիկն է:
- Նա սքանչելի կին էր, - ասում է Փատտին նկարին նայելով, - վստա՞հ ես, որ նկարը չես ուզում վերցնել: Դու կարող ես նվիրատրել միայն շրջանակը:
- Վստահ եմ:
Տատիկը մահացել է: Նրա նկարը ոչինչ չի փոխի:
- Դու կրկին «Գու՞դվիլլ» ես գնացել, - հարցնում է մայրիկը, երբ ես տուն եմ վերադառնում: Նա դեղձ է կտրում մրգերի հատուկ դանակով:
- Այո:
- Այս անգամ ինչի՞ց ազատվեցիր:
- Տատիկի հին լուսանկարից:
- Խոզուկի հե՞տ, - նրա շրթունքները դողում են, - օհ, Կա՛դի:
- Այն իմն էր, ես իրավունք ունեի այն տալ:
Մայրիկը հոգոց հանելով.
- Փորձիր նվիրել շներից մեկին, ու կտեսնես ես քեզ ինչ կանեմ:
Ես նստում եմ շների հետ նույն բարձրության վրա: Բոշը, Գրենդելը ու Փոպպին դիմավորում են ինձ ցածր հաչոցով: Նրանք մեր ընտանեկան շներն են՝ հիանալի ու լավ պահվածքով: Մաքրասորտ ոսկեգույն ռետրիվերներ: Փոպպին ձագուկներ է ունեցել մայրիկի բիզնեսի համար, բայց նրանք մնացած շների հետ ապրում են մայրիկի գործընկերոջ հետ Բերլինգթոնի ագարակում:
- Ես դա երբեք չէի անի, - ասում եմ ես:
Նրանց փամփլիկ ականջների մոտ շշնջում եմ, թե ինչքան եմ իրենց սիրում:
18
Եթե գուգլեմ «գլխուղեղի տրավմա», սայթերի մեծ մասը կասի, որ տրավմայի հետևանքներից է ընտրողական ամնեզիան: Երբ լինում է գլխուղեղի վնասվածք, հնարավոր է հիվանդը մոռանա որոշ իրադարձություններ: Հիմնականում նա չի կարողանում հիշել, թե ինչպես է ստացել տրավման:
Բայց ես չեմ ուզում մարդիկ իմանան, որ ինձ մոտ այդպես է: Չնայած բոլոր խորհրդակցություններին, հետազոտություններին ու դեղորայքին:
Չեմ ուզում հաշմանդամ երևալ ուրիշների աչքերին: Չեմ ուզում էլ ոչ մի դեղորայք: Չեմ ուզում բժիշկներ ու անհանգիստ ուսուցիչներ: Բժիշկներն ինձ արդեն հերիք են, Աստված վկա:
Ահա թե ես ինչ եմ հիշում այն ամռանից, երբ տեղի ունեցավ դժբախտ պատահարը.
Սիրահարվեցի Գատին Րեդ Գեյթի խոհանոցում:
Նրա վարդը Ռաքելի համար և իմ գինու շշով գիշերը, երբ ես զայրույթից տեղս չէի գտնում:
Հետո իմ սովորական պահվածքը: Պաղպաղակի պատրաստումը: Թենիսի խաղը:
Կեֆիրով դեսերտը ու Գատի զայրույթը, երբ մենք նրան կարգադրեցինք, որ լռի:
Գիշերային լողը:
Գատի հետ համբույրը վերնահարկում:
«Կրեկեռ Ջեքի» պատմությունը և պապիկին օգնելը, երբ նա իջնում էր աստիճաններով:
Ճոճանակը, նկուղը, ափը: Գատն ու ես գրկախառնված:
Գատը տեսնում է իմ արնահոսելը: Ինձ հարցեր է տալիս: Կապում է վերքերս:
Ուրիշ ոչինչ էլ չեմ հիշում:
Ես տեսնում եմ Միրրենի ձեռքը, եղունգներին ոսկեգույն լաք, ինչպես է նա բռնել նավակների բենզինով կանիստրը:
Մայրիկը, նրա անհանգիստ դեմքը, երբ հարցնում է. «սև մարգարիտո՞վ»:
Ջոննիի ոտքերը, Քլերմոնտի աստիճաններով դեպի նավակների պահոց վազելիս:
Պապիկը, ծառից բռնված, նրա դեմքը լուսավորվում է խարույկից:
Ու մենք՝ չորս Ստախոսներս, ծիծաղում ենք այնքան ուժեղ, որ արդեն գլուխներս պտտվում է, զգում ենք սրտխառնոց: Բայց ի՞նչն էր մեզ ծիծաղեցրել:
Ի՞նչն էր և որտե՞ղ էինք մենք:
Ես չգիտեմ:
Առաջ ես մայրիկին հարցնում էի տասնհինգերորդ ամռան այն իրադարձությունների մասին, որոնք չէի հիշում: Իմ մոռացկոտությունը վախեցնում էր ինձ: Ես որոշել էի դադարել դեղեր խմելը կամ փորձել ուրիշները, կամ դիմել ուրիշ բժշկի: Ես անընդհատ աղաչում էի մայրիկին, որ պատմի այն ինչ ես մոռացել էի: Հետո մի օր ուշ աշնանը, որը ես անցկացնում էի հերթական անալիզները հանձնելով մահացու հիվանդությունների համար, մայրիկը սկսեց լաց լինել.
- Դու դա ինձ հարցնում ես էլի ու էլի: Բայց երբեք չես հիշում, թե ինչ եմ ես ասում:
- Կներես:
Նա իրեն գինի է լցնում ու շարունակում.
- Դու սկսեցիր հարցեր տալ այն օրվանից, երբ արթնացար հիվանդանոցում: «Ի՞նչ է պատահել: Ի՞նչ է եղել»: Ես քեզ ամեն ինչ պատմեցի, Կադենս ու դու կրկնեցիր իմ ետևից: Բայց հաջորդ օրը դու նորից հարցրեցիր:
- Կներես, - կրկնեցի ես:
- Ու դու շարունակում ես հարցնել դա գրեթե ամեն օր:
Դա ճիշտ էր, ես ոչինչ չեմ հիշում դժբախտ պատահարից: Չեմ հիշում ինչ է տեղի ունեցել առաջ և հետո: Չեմ հիշում այցելությունները բժիշկներին: Ես գիտեի, որ դրանք եղել են, դա ակնհայտ էր՝ ինձ ախտորոշում են տվել ու դեղեր նշանակել, բայց համարյա ողջ բուժումը ասես անցել է իմ կողքով:
Ես նայեցի մայրիկիս: Նրա անհանդուրժելի անհանգիստ դեմքին, թաց աչքերին, ալկոհոլից թմրած բերանին:
- Դու պետք է դադարես հարցնել, - ասաց նա, - բժիշկները կարծում են, որ ավելի լավ կլինի դու ինքդ հիշես ամեն ինչ:
Ես նրան ստիպեցի, որ վերջին անգամ պատմի և գրեցի պատասխանները, որ ցանկության դեպքում նորից դրանք կարդամ: Այդ իսկ պատճառով արդեն կարող եմ ձեզ պատմել դժբախտ պատահարի մասին՝ գիշերային լողի ժամանակ, ժայռերի մասին, հիպոթերմիայի, շնչառական խնդիրների և չհաստատված գանգուղեղային տրավմայի մասին:
Այլևս երբեք նրան ոչինչ չհարցրի: Շատ բաներ կային, որ չէի հասկանում, բայց համենայն դեպս նա դադարեց խմել:
19
Հայրիկը պլանավորում է ինձ տանել Ավստրալիա և Նոր Զելանդիա ամբողջ տասնյոթերորդ ամռանը:
Ես չեմ ուզում գնալ:
Ես ուզում եմ վերադառնալ Բիչվուդ: Ուզում եմ տեսնել Միրրենին և արևայրուգ ստանալ, պլանավորել մեր ապագան: Ուզում եմ վիճել Ջոննիի հետ և սուզվել ծովում և պաղպաղակ պատրաստել: Ուզում եմ խարույկ վառել փոքր ափին: Ուզում եմ պառկել Քլերմոնտի պատշգամբի ցանցաճոճին և կրկին դառնալ Ստախոսներից մեկը, եթե դա հնարավոր է:
Ես ուզում եմ հիշել դժբախտ պատահարը:
Ուզում եմ իմանալ՝ ինչու Գատը անհետացավ: Ես չգիտեմ՝ ինչու նա ինձ հետ չէր, երբ ես գնացի լողալու: Չգիտեմ՝ ինչու եմ գնացել փոքր ափ միայնակ: Ինչու եմ լողացել ներքնազգեստով և ափին հագուստ չեմ թողել: Եվ ինչու Գատը ինձ թողեց, երբ ես այդքան ծանր վիճակում էի:
Փորձում եմ հասկանալ, նա սիրու՞մ էր ինձ: Սիրում էր Ռա՞քելին:
Հայրիկն ու ես պիտի գնանք Ավստրալիա հինգ օրից:
Ես չպետք է համաձայնվեի:
Ես ընդունում եմ դժբախտ տեսք ու սկսում եմ լացուկոց: Ասում եմ մայրիկին, որ ինձ պետք չէ աշխարհը տեսնել: Ես պետք է տեսնեմ ընտանիքիս: Ես կարոտում եմ պապիկին:
Ոչ:
Ես կսկսեմ ինձ վատ զգալ, եթե թռչեմ Ավստրալիա: Նորից կսկսեն գլխացավեր, ինձ չի կարելի թռչել ուղղաթիռով: Չի կարելի ուտել անսովոր կերակուր: Թռիչքը շատ ծանր կտանեմ: Իսկ ի՞նչ, եթե մենք դեղերս կորցնենք:
Հերիք է վիճել: Ուղևորությունը արդեն վճարված է:
Ես շներին քայլելու եմ տանում վաղ առավոտյան: Ամանները տեղադրում եմ լվացող մեքենայի մեջ, հետո տեղավորում եմ դրանք դարակներում: Հագնում եմ զգեստ և դիմահարդարվում եմ: Ուտում եմ ամանիս մեջի եղածը: Թույլ եմ տալիս մայրիկին ինձ գրկի ու շոյի մազերս: Ես ասում եմ նրան, որ ցանկանում եմ ամառն անցկացնել իր հետ, այլ ոչ հայրիկի: