Добавить в цитаты Настройки чтения

Страница 9 из 13



Ես հառնել էի, բայց մեկը չկար ինձ դիմավորեր… Ու նորից մեռա, որ դառնամ կակաչ, կամ մի այլ ծաղիկ՝ ամեն լուսայգի ողջունեմ մարդոց յուրաքանչյուրին, ասեմ, որ ես էլ այնպիսին էի, ինչպես դու հիմա, դու էլ կդառնաս ճիշտը այնպիսին, ինչպես ես հիմա. սերն է ի սկզբանե, սերն՝ հարափոփոխ, սերն՝ հրաթրթիռ ու լուսափթիթ, դրանից վսեմ լուսեղեն հեքիաթ աշխարհում չկա, սիրիր, քանի կաս, սիրիր մշտատև, քանի ապրում ես այս արևի տակ, կյանք չկա առանց ըղձալի սիրո հրավառության. սա է պատգամը ունա՜յն, ախ, ունայն, այս ունա՜ յն կյանքի…

ԱՅՍ ԳԻՇԵՐ

Սիրո խոսքեր մի’ ասա այս գիշեր։

Եկ այս գիշեր չխոսենք, սիրո մասին չխոսենք։ Չխնկարկենք խոսքեր սին, ես կլռեմ, չեմ խոսի, ու դու ևս մի խոսիր՝ սիրո մասին այս գիշեր։

Աստվածային դու պարգև, վսեմաշուք ինձ շնորհ՝ թավշե ձայնով հոգեթով, ժպիտն ալվան շուրթերիդ, քո նայվածքով շեղակի, քո քայլվածքով հմայուն, քո պահվածքով եզակի, քո կազմվածքով նրբագեղ, պարանոցով մարմարյա՝ նեֆերտիտյան համարյա – խելքահան ես արել ինձ։

Ասա, ինչպես, ախ, ինչպես ես խենթորեն չսիրեմ աչքերը քո սևորակ, շուրթերը քո մեղրահյուս, մատները քո նրբատաշ, հասակը քո նրբատեսք՝ բարակիրան, սլացիկ՝ ինչպես բարդի մի մատղաշ։ Ախր, ինչպես, ախ, ինչպես չկորցնեմ ինքս ինձ՝ տարված քեզնով, քո սիրով…

Սիրո խոսքեր մի ասա, խոսքերը կայրվեն կրակում, մի ասաոչինչ այս գիշեր…Այս գիշեր խճողիր մազերս, թող մատներդ սահեն իմ դեմքով, ձեռքերդ թող գրկեն ինձ ողջ գիշեր: Այս գիշեր համբուրիր ինձ սիրաբաղձ, գուրգուրիր դու ինձայս գիշեր քո կրքով։ Այս գիշեր մինչև լույս ինձ պահիր գրկիդ մեջ, գրկիդ մեջ` այդքան ջե՛րմ, քաղցրանուշ:

ԷԼԵԳԻԱ

Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տե՜ղ չունեմ, ոչինչ չունեմ՝ ոչ ներկայում, ոչ գալիքում. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։

Ամեն ինչի հուշը անցած՝ լուսափթիթ վառ մանկության, պատանության արևը ջինջ ու հրավառ, հուշն իմ սիրո՝ հին օրերի շղարշի մեջ՝ անմեկնելի, անմատչելի, ձգում է ինձ, կանչում է ինձ հեռուներից անարձագանք։

Նա վերստին հառնում է իմ հուշերի մեջ, սերն իմ անմար, լույսի նման փայլ է տալիս տարիների հեռու հեռվում՝ հրացայտ սև ու ծիծաղկուն իր աչքերով ու իր տեսքով լուսաժպիտ՝ կախարդելով հոգեհմա։ Այդ հուշերում երկուսով ենք, դրախտի պես մի տնակում՝ այգու ծայրին, ուր զրնգուն գալարվում է գետը ձորում, շուրջը՝ անտառ հնամենի, առվի խոխոջ, վարդի բուրմունք, արտույտի երգ՝ այգուց անդին, ձույլ հասկերով մեղմ ալիքվող արտերի մեջ, կարկաչ ծիծաղ, գիրգ շուրթերի կրքոտ հպում…Ո՜վ, իմ Աստված, եղե՞ լ է դա, թե երա՞ զ է, մտապատրա՞ նք՝ ծնված այրող իմ կարոտից։

Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տեղ չունեմ. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։

ԱՆՐՋԱՆՔ

Լիալուսնի կաթնալույսում սարից իջնող մտամոլոր ու քարքարոտ մի նեղ ճամփա, մի սայլ՝ բեռնված զմրուխտ խոտով՝ երնջակի, յուղածաղկի, ուրցի հոտով, ծաղկաբուրմունք խոտին պառկած փոքրիկ տղա, որի հոգին պարուրվել է երազական քաղցր թմրով։

Ոլոր – մոլոր մի նեղ ճամփա, հոր ոտնաձայն՝ քիչ առջևում, շուրջը անդորր ու մարմանդ հով, այս ու այնտեղ ցրքուն հանդեր ու անտառներ՝ հնադարյան, լիալուսին՝ սարի ուսին, չարագուշակ բվի կռինչ, առվի շշունջ, անծայրածիր, լուսաշողշող երկինքն ի վար կաթող աստղեր, ծղրիդի երգ՝ աստղահնչուն գիշերվա մեջ, ու երազներ, նիրվանային երանելի ջինջ երազներ՝ իր ջինջ հոգում։

Ոլոր – մոլոր, մտամոլոր ու քարքարոտ ճամփի վրա ծույլ նազանքով օրորում է սայլը նրան… Անրջային թմբիրը հին պարուրել է, ախ, իմ հոգին ու չգիտեմ, ախ, չգիտեմ, մեռնում եմ ես, թե երազում…

ՉԳԻՏԵՄ, ՉԳԻՏԵՄ…

Կռիվ ու վեճ է իմ մեջ. շարունակ, անդադար, անընդմեջ, իսկ ես՝ արարած մի խեղճ, չգիտեմ ում լսեմ և ում հավատամ– չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ՝ որին կանգնեմ պաշտպան , որին գնամ ընդդեմ…

Բանականությունն իմ հանդիմանում է. մոռացիր դու նրան, որ ամեն ինչ անցած է արդեն, որ էլ վերադարձ չկա, ուրիշի կին է նա, քեզ համար՝ չկա, հասկացիր, չկա ու չի լինելու, իսկ սիրտն իմ՝ նա կա, քո մեջ է նա միշտ, անցյալն է քո նա, անցյալը՝ նրա սիրով անշեջ, ապրում է քո մեջ ու կապրի ընդմիշտ, քանի դու կաս, շնչում, ապրում ես այս բորբ արևի տակ…

Մոռացիր, մոռացիր, մոռացիր դու նրան: Ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ. աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, հառաչանքը թույլ, քնքշանքը նրա, գիրգ շրթունքների հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…

Ի՞նչ ասեմ, ես ի՞նչ, բանականությանը ես իմ անզիջում և իմ հեգ սրտին, ի՞նչ ասեմ ես, ի՞նչ, ես՝ խեղճ արարած, անպաշտպան գերի՝ գիշեր ու զօր նրանց վեճին ունկնդիր…



ԿԱՐՈՏ

Հանդիպումը նախանշան երևի` սահմանված էր վերևից, որ ես քեզ հետ, ու դու ինձ հետ` պիտի անցներ դրախտային մեր ուղին։

Որ կյանքը իմ ես քեզ տայի անմնացորդ, որ ապրեիր միայն ինձնով, որ շնչեի միայն քեզնով, որ նայեի աչքերիդ մեջ ծիծաղավառ, որ հալվեի քո հայացքից հոգեհմա, ձայնդ անուշ միշտ լսեի հանց մեղեդի, քո շուրթերի բույրն ըմպելով` խենթանայի, քեզ նայելով` նախանձեի… նախանձեի ես իմ բախտին։

Սակայն չեղավ, ավաղ, չեղավ, այդպես չեղավ, անեղծ սիրով մենք անբաժան` մենք միասին երբեք չեղանք, կյանքը` դաժան, մեզ իրարից արեց բաժան ու մեզ նետեց տարբեր ափեր, տարբեր ափեր մենք նույն գետի` անցանք ճամփան մեր անխոտոր` երազելով մեկս – մեկին, հեռվից – հեռու լուռ տենչալով մենք իրարու։

Ինչ է մնում ինձ անելու` ոչինչ – ոչինչ: Կորցնելով, ախ, ես նրան, էլ կորցնելու ոչինչ չունեմ։ Մի հույս է լոկ ինձ փայփայում, որ երբևէ կհանդիպենք… եթե ոչ այս, այլ` մեկ ուրիշ, մեկ այլ կյանքում` ոսկեշղարշ արևից վեր, լույս երկնքում…

ՀՐԱԺԵՇՏ

Մի հիշիր դու, ասում են ինձ, գեղատեսիլ վայրերը քո վառ մանկության. ոչ վայրերն են, ասում են ինձ, առաջվա պես գեղատեսիլ և ոչ էլ դու` այն պատանին։

Քո վաղանցուկ կյանքից ոչինչ մի հիշիր դու, ասում են ինձ, ինչ թողել ես այնտեղ վաղուց, միևնույնն է, էլ չես գտնի, հայրենական սար ու ձորեր, հանդեր ու ուրթ` մշուշի մեջ, աղբյուրների խոխոջը մեղմ ու երգեցիկ, հովը գարնան ու նրբագեղ գեղեցկուհուն քո վարդաշուրթ, մի հիշիր դու, ասում են ինձ, մնաս բարով, ասա, արդեն դու ամենքին, ծառ ու ծաղկին, երգող հավքին, լորի կանչին` կակաչազարդ արտից անծիր, ուղիդ անցիր ճամփորդի պես` առանց լացի, ու դիմացի՜ր, ու դիմացի՜ր` որ գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուդ, քեզնից հետո, մեկ ուրիշն է տիրանալու։

Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այդպես, ասում են ինձ, գնա՜ս բարով, քո արևը` մնացողաց, որ շողշողա նրանց վերև` քանի դեռ կան սիրո, լույսի, հույսի ներքո, ու չի եկել ժամը նրանց հրաժեշտի…

ՊԱՏԱՆԵԿԱՆ

Այսքան սիրու՜ն, սքանչելի, գայթակղիչ ու կախարդիչ, չքնաղագեղ ու լուսազարդ, վեհասքա՜նչ ու գեղանի՝ չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…

Հանց երազի կապույտ թռչուն՝ քո ծիծաղով կարկաչահունչ, այսքա՛ն սիրուն, վեհատեսիլ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ կանգնած ես դու  միշտ իմ ճամփին։

Այն օրվանից, ինչ քեզ  տեսա և այն պահից, երբ սիգանքով  նայեցիր ինձ՝ հրացոլ խաժ քո  աչքերով, սիրտս դողաց միանգամից, միանգամից կյանքս փոխվեց։

Քաղցրահունչ անուշ ձայնով ու կազմվածքով գեղեցկուհու, քո  մատներով՝ հանց սրբատաշ, պարանոցով՝ այնքան ողորկ՝ հանց մարմարյա, քո  քայլվածքով՝ սիգաճեմ ու հեզաճկուն, գիրգ շուրթերի արփիաշող ժպիտներով՝ չնաշխարհիկ, ու դնչիկով՝ հրապուրիչ ու էրոտիկ – խելահան ես  արել  դու  ինձ։

Դու  իմ կյանքն ես՝ Սուլամիթն իմ, Կիթերուհին, մեր սարերի թեթևասույր եղնիկը իմ, ասա դու  ինձ, ի՛նչ անեմ ես, որ հասկանաս դու   իմ հոգին։ Հո չե՞ս ուզում՝ սիրուց գերված, ես խենթանամ և ամենուր և ամեն օր, գիշեր ու զօր, նաև պատեհ ու անպատեհ, արցունքն աչքիս անունդ տամ, ճամփադ պահեմ։

Ո՜վ իմ Աստված, այսքան սիրու՜ն, վեհատեսի՜լ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ սքանչե՜լի, լուսաճաճա՜նչ ու կախարդի՜չ, չքնաղագե՜ղ, չնաշխարհի՜կ, վեհասքանչ ու լուսագե՜ղ՝ չէ, չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…

ԳԹԱ ԻՆՁ, ՏԵՐ

Այս էլ քանի՜, քա՜նի անգամ երազներում տեսնում եմ ես գեղեցկատեսք իմ լույս որդուն… Ասես խռով ամեն ինչից ու ամենքից ՝ բարեկամից, չարեկամից, լույս աշխարհից ու աշխարհի նենգ ու դավից, բազմատանջ ու նահատակի իր սուրբ տեսքով Քրիստոսի՝ որդիս հանկարծ հառնում է ինձ մշուշներից, հեռվից – հեռու լռին ու հեգ նայում է ինձ անմեղսունակ թույլ ժպիտով …

Ես հուսահատ ու շընչահատ, հույլ ու անկամ, ամեն անգամ աղերսելով, մըղկըտալով ետ եմ կանչում, իսկ նա ասես չի լսում ինձ, չի ճանաչում, հեռանում է՝ հետ նայելով, ու վերստին միաձուլվում լազուր երկնի լուսաշղարշ մշուշներին … Ողբ ու կական Ռամայի մեջ, Ռաքելը իր որդկանց վրա լաց էր լինում, չէր կարենում մըխիթարվել, որովհետև… չըկա՛ն նրանք։