Страница 10 из 13
Տե՜ր իմ, Աստված, եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ասա, ինչո՞ւ չես կամենում այս աշխարհից վերացընել վիշտ ու մորմոք։ Եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ինչո՞ւ, ասա, չես արել դա մինչև հիմա ու չես անում նաև հիմա… Գոնե գըթա՜, գըթա ինձ, Տեր, մեղմի՜ր ցավը իմ անանցիկ. զրկիր մտքից, հուշ ու սրտից, գուցե թե իմ սիրտ կեղեքող ու հոգետանջ այս կրակին ես դիմանալ կարողանամ…
ՌԵՔՎԻԵՄ
Արևը լուսաջինջ երկնքից իջնում է դեպի մայրամուտ, հրացոլք խարույկը նրա վառվում է լեռների վրա։ Կորցնելու ցավը անաղոք այրում է իմ վշտոտ հոգին, քանզի չապրած օրերիս ամեն թարթ հուշում է, որ ուշ է. քո առջև զվարթուն գարուններ, իմ առջև՝ անթափանց մշուշ է. ողջ կյանքս կանգնած քո ճամփին, գտել եմ, բայց արդեն ուշ է։
Շիկնահար այտերով գեղուհիս, դեմքը քո դարձրու իմ ցավին, տես, արևս գնում է մարելու, ուր որ է կիջնի երեկոն. չարի կամոք էր՝ վերևից, կամ բախտի քմայքով երևի, որ չգտա ես քեզ ցերեկով։
Թարմ վարդի դեռատի իմ կոկոն, ժպտա ինձ սիրառատ աչքերով, մեղրացող շուրթերով ժպտա ինձ, որպեսզի փառք տամ Աստըծուն, որ պահն այս տրվեց հանց պարգև՝ սիրո վայելքը զգալու:
ՂԱՐԱԲԱՂ
Մռավա սարի թուխ ամպերով, Քիրսա սարով՝ միշտ ձյունածածկ, մատուռներով՝ հին դարերից, մեր խաչերով, խենթ ու խելառ մեր Թարթառով ու Խաչենով՝ մեզ հետ ես դու՝ ուր էլ լինենք, ուր էլ գնանք, հեռու թե մոտ՝ ուր էլ մնանք, մեզ հետ ես դու, մշտաբողբոջ մեր այգեստան, մեր բուրաստան, հավերժի հետ ընկերակից մեր լեռնաստան։
Ջրերդ զով ու քչքչան հովդ անուշ ու շնկշնկան, արոտներդ ալպիական՝ լորի կանչով կախարդական, անտառներդ հեքիաթային՝ կկվի ձենով ու կուսական, խոնջ հանդերդ, սար ու ձորդ աստվածային՝ չքնաղագեղ ու դյութական։ Արար աշխարհ գնա ման եկ՝ Աստված վկա, ուրիշ նման դրախտ չկա։
Ո՞վ չգիտի, որ դու մերն ես, դու մի արև՝ մեր բոլորիս գլխավերև՝ մինչև մահ ու մահից հետո: Բիրթ կապանքից դու ազատված՝ ընդմիշտ մերն ես, մենք կմեռնենք՝ չենք տա բայց քեզ, մենք մի գետ ենք, դու մեր հունն ես, դու մեր հույսն ես, արյան կանչն ու աչքի լույսն ես, դու համակ կյանք՝ մեր հավատն ու սրտի սյունն ես, մենք սերմացու մի ժողովուրդ՝ դու մեր բունն ես, մեր քաջ նախնյաց սուրբ անունով լուսավորված հավերժական դու մեր տունն ես։
ՕՐՈՐ, ՕՐՈՐ…
Օրո՜ր, օրո՜ր, իմ օրերին օրո՜ր, իմ օրերին բոլոր՝ օրո՜ր, օրո՜ր… Քու՜ն մտիր, սիրտ իմ, քու՜ն մտիր, կոտրա՜ծ թևերով թռչնակ իմ, քու՜ն մտիր խաղաղ, մեր սին հույսերին օրոր, անուրջներին օրոր, օրո՜ր, օրո՜ր։
Հեռու՜ է երկիրն իմ՝ շքեղաշուք դրախտ, ու սիրտն իմ տենչաբաղձ՝ ճամփին է մշտատև, սակայն չի՜ հասնում, չի՜ հասնում նա տեղ, քանզի հուսաբեկ եմ, ավա՜ղ, ու թևահատ։
Իմ ոտնահետքերին կարոտ արահետնե՜ր կան այնտեղ՝ թավ խոտերում կորած, զեփյուռականչ ծաղիկներն այնտեղ, հավքի երգով տարված, օրորվում են մեղմիվ, շնկշնկում է սարերն ի վար դալարամեջք քամին, մանկութ աղբյուրներն այնտեղ կարկաչում, կանչում են անձկագին, մթնաշաղն է նստում արծաթաշաղ մշուշում, առաջին սերն է կանչում իմ և նրբանուրբ անունը իր շղարշվում է շնչիս ու այրում է հոգիս, ու ես այնպե՜ս եմ ուզում սիրել նրան նորեն, վերստին շշնջալ սիրաշշուկ խոսքեր, սիրո նազուն խոսքեր՝ ծնված միայն սիրո համար։
Օրո՜ր, օրո՜ր, իմ հուսախաբ սրտին օրոր, երազներին իմ օրոր, երնեկ արևն էլ իմ մարեր այնտեղ՝ հեռո՜ւ, հեռու՜, հեռու՜ սեգ լեռներում իմ հեռու, ուր գերեզմանն է իմ մոր՝ լքյալ ու անտերունչ, և գերեզմանին նրա սուրբ՝ շունչն է թևածում Աստծո։
Օրո՜ր, օրո՜ր, լույս ընկերներին իմ օրօր և բարեկամներին իմ բոլոր՝ անծիր համացանցի։ Ողորմած է Աստված ու ողորմենք մենք էլ չար սրտերին մեղսոտ՝ և նենգ, և դաժան, անկարեկիր, անգութ, որ հագուրդ չունեն բնավ՝ մի թիզ հողից բացի։
Օրո՜ր, օրո՜ր, օրերին իմ անցած, որ երազի չափ կարչ՝ հեռացող զնգոցո՜վ եկան ու անցան, ու էլ չե՜ն դառնալու, էլ չե՜ն դառնալու ետ… Օրո՜ր, օրո՜ր, կսկիծներին իմ օրոր, իմ ցավերին օրոր ու օրերին գալիք՝ որ կբացվեն հետո, բայց ո՜չ մեզ համար…
ԱՐՑԱԽ
Հայաստանը մաքուր ոսկուց մի մատանի՝ ակն ես նրա շողշողենի հանց ադամանդ։ Աստվածանիստ դրախտ ես դու երկնային, քո կարոտից հեռուներում՝ ներսից այրվող դեզի նման այրվում ենք մենք լուռ ու մարմանդ։
Ինչքան էլ որ հեռու լինենք մենք քեզանից, մեր օրրան, ուր էլ լինենք հարափոփոխ մեր այս կյանքում, կապրես մեր մեջ դու հանապազ, միշտ անպակաս դու մեզանից՝ մեր հուշերում, մեր սրտերում ու մեր հոգում։
Հայրենի հող, անուշաբույր դու մեր ոստան, մեր այգեստան՝ հար ըղձալի, փոքր ես դու, բայց մոր փոքրին ով է նայում. քարտեզին, տես, չկաս անգամ, չես երևում, որ համբուրենք, բույրդ զգանք, համդ զգանք, հեռվից-հեռու մեր կարոտը գոնե առնենք։
Ախր, մենք ո՜նց, ոնց մոռանանք ապառաժոտ լեռները մեր, սարը Մռավ՝ երկնի մովում, աղբյուրների ջուրը վճիտ, ականակիտ, ո՜նց մոռանանք, լորի կանչը՝ ծաղկափթիթ մեր հանդերում, ասա դու մեզ, ո՜նց մոռանանք, էդ կարոտին ո՜նց դիմանանք։
Երնեկ կրկին մենք տուն դառնանք հեռուներից ու էլ չապրենք օտար հողում մենք անտեղի, մեր հավքերի քաղցրալեզու երգը լսենք մեր ձորերում, վերադառնանք նորից մեր տուն, վերադառնանք, մեր տուն դառնանք ու վերստին տեր կանգնենք մենք մեր ծնողաց գերեզմանին, մեր տուն-տեղին…
ՄԱՅՐԱՄՈՒՏ
Մութը անցավ, լույսը բացվեց, արևն ահա դուրս է եկել, ցո՜լք է տալիս, շափաղում։ Լեռներից վեր, ոսկեվորված արևից բորբ՝ ճերմակ մի ամպ լող է տալիս լուրթ երկնքում՝ դանդաղասա՜հ ու հուշիկ։
Օրը բացվեց լուսապայծա՜ռ, գնաց դեպի մայրամուտ, ճերմակաթև ամպը մեկեն գունափոխվեց, սևացավ։ Մարդու բախտը հանց ճերմակ ամպ, կյանքը նրա՝ օրվա ճամփա՝ լուսաբացին արևացող, իրիկնադեմ մեկ էլ տեսար սևացավ։
Ո՜վ արարիչ, դու արարիչ ամեն ինչի, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ասա, մեզ տվեցիր այսքան կարճ կյանք, որ հանապազ մնանք կարոտ ամեն ինչի… Ինչո՞ւ, ինչո՞ւ տվածը քո, որպես պարգև շռայլորեն՝ լուսաթրթիռ ջահելություն, գեղեցկություն լուսափթիթ, աչքերի լույս, հավատ ու հույս, սեր ու խնդում, հետզհետե ետ ես առնում անգթորեն՝ մեզ թողնելով դավն ընկերոջ, որին սատար էինք կանգնել դժվար օրին, չար նախանձից բարեկամի՝ լուռ այրվելիս, ցա՜վը սիրո արփիաշող, որ ուրացած երդումներն իր սին ու պատիր, գնաց նվաստ թշնամու հետ։
Օրը անցավ, մայրամուտի արևը մեր՝ հորիզոնի ցոլքերի մեջ հըրդեհվելով ոսկեձույլ ու հարահավերժ անրջանքով, դանդաղորեն անց է կենում լեռան ետև. մնացողաց՝ մնա՜ք բարով, գնացողաց՝ լույս ու արև …
ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒ ՄԻ ՎՀԱՏՎԻՐ
Իմ հուշերում՝ մշուշներից ձյուն է տեղում, նոճիների ծովափնյա զբոսայգու մութ ծառուղում փաթի՜լ– փաթի՜լ ձյուն է տեղում, աստղաթև ու մեղմօրոր ձյուն է մաղում գեղատեսիլ իմ գեղուհու սաթ մազերին, թարթիչներին, վարդայտերին, կիսաթափանց մեղմ թարմությամբ՝ բոսորահուր շուրթիկներին…
Նեոնային լույսերի մեջ՝ թեթև – թեթև ձյուն է մաղում, ձյան լայնշի փաթիլները՝ հարյուր հազար, միլիոնավոր ճերմակաթև թիթեռնիկներ, օդում ճախրում, գալարվում են, ալարելով՝ իջնում են ցած դանդաղորեն։
Իմ սևաչյա գեղեցկուհին՝ հուզաթաթավ ու դեռատի մատղաշ բարդի, իմ գրկի մեջ՝ հեշտանքավառ ու խաղացկուն, գլուխը իր թեթևակի ետ է գցել ու քըմահաճ, հանց աղջնակ, հըրճըվալից ծիծաղում է՝ լեզվի ծայրով ժիր որսալով ձյան ճերմակ փաթիլներն այդ… Նրա տեսքից՝ լուսաճաճանչ ու լուսագեղ, ոսկեհնչյուն ստապատիր իր խոսքերից՝ խայտանքի ու լացի միջից. «Ես դա կանեմ, կանեմ ես դա, դու կտեսնես, ես կգնամ ու էլ չեմ գա, թե որ այդպես դու ուզենաս», սիրտն իմ խայտում, խլրտում է, հոգիս ցնծում, թփրտում է, ու ես անկամ, ինքնամոռաց մրմնջում եմ. «Ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ»:
…Հետո եղավ, այնպես եղավ, երկինքը լուրթ պատեց սևով, մարդը կրկին դառավ գազան ու ամեն տեղ ու ամենուր՝ ավար, ավեր, փողոցներում ու տներում՝ մորթված հայեր, խոշտանգված ու սվինահար անմեղ հայեր, աշխարհի կույր աչքի դիմաց՝ խարույկներում վառվող հայեր, մարդը, իրավ, դառավ գազան ու սովահար այդ գազանից մենք հալածված ինչպես մի հոտ՝ թողած տուն-տեղ, ունեցվածք ու գերեզմաններ, սոսկ հրաշքով փրկված ահեղ այդ գեհենից՝ գլխակորույս ու վշտաբեկ, ցրվեցինք մենք աշխարհով մեկ՝ հարահավերժ կորցնելով մեկս մեկին։
Իմ հուշերի մշուշներում ձյուն է մաղում նոճիների զբոսայգում… Փետրաթեթև, մեղմ ու նազուն ձյուն է մաղում մեր մազերին, մեր քունքերին, իմ գեղուհին հառնում է ինձ այդ հեռաբաղձ մշուշներից ՝ առաջվա պես լուսաժպիտ ու լուսագեղ։ Նրա տեսքից հոգեզմայլ սիրտն իմ խայտում, խլրտում է, հոգիս ցնծում, թփրտում է, ու ես անկամ մրմնջում եմ արտասվալից. «Ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ, մի վհատվիր ու մի կորցրու հույսդ վերջին, ես կգտնե՜մ, քեզ կգտնե՜մ, միայն թե դու մի վհատվիր, ցա՜վդ տանեմ» …