Страница 8 из 26
–Իհարկե£ Իսկ ձեր քաղաքը գեղեցի՞կ է մեր գյուղից£
Արգինան մի թեթև միտք է անում, հետո ասում.
–Չգիտեմ, Աբիկ£ Երևի քաղաքն իր գեղեցկությունն ունի, գյուղն՝ իր£
Վերևում, բարձր, շատ բարձր, երկնքի հեռու խորքում դանդաղ լողում են աշնանային գորշ ամպերը£ Նրանց ստվերները սահում են դաշտերի, անտառների ու գյուղի վրայով£ Հետո ստվերները խտանում են, և երկինքը միանգամից սևակնում է£ Այգում ու ներքևում՝ ձորի շամբուտում, թռչուններն իսկույն ընդհատում են իրենց անուշալուր երգը£ Գնալով մռայլվում է ողջ աշխարհը, ձորերը ընկղմվում են մթան մեջ, հեռավոր սարերը կորչում են մշուշում£
–Հիմա ամպրոպ կլինի,– ասում եմ£
Արգինան կկոցված աչքերով նայում է երկնքին£ Եվ այդ պահին կապտավուն կայծակը զիգզագաձև կտրտում է երկնքի կեսը՝ մի կարճ ակնթարթ լուսավորելով շրջակա անտառապատ լեռներն ու այս ու այնտեղ, սարալանջերին փռված զառիթափ հանդերը, հետո, սկզբում հանգիստ, իսկ այնուհետև ավելի ու ավելի ահագնանալով, երկինքն այնպես է սկսում ցնցվել ու դղրդալ, որ թվում է միաժամանակ սկսեցին կրակել հազարավոր հրանոթներից£ Արգինան վախվորած հպվում է ինձ, և ես, նայելով նրան, ծիծաղում եմ£ Նա նույնպես ժպտում է, թեպետ պարզ տեսնում եմ, ժպտալու ամենևին սիրտ չունի. Երևի վախենում է շանթ ու որոտից£
–Մեզ մոտ, քաղաքում, համարյա որոտներ չեն լինում,– ասում է նա ասես արդարանալով£– Եվ եթե նույնիսկ լինում է, ապա հազվադեպ, և այն էլ ոչ այնքան ուժեղ£
–Մեր սարերում կաղնիներ շատ կան, այդ կաղնիներն են ձգում կայծակներին,– ասում եմ ես£ Իսկականից ես չգիտեմ, թե ինչքանով է դա ճշմարիտ, որովհետև ինքս ոչ մի տեղ այդ մասին չեմ կարդացել, պարզապես մի անգամ սարերում ընկանք կարկուտի տակ, և իմ ընկերոջ՝ Հովիկի, հայրը՝ քեռի Երվանդն ասաց, որ չպատսպարվենք կաղնի ծառերի տակ, դրանք երբեմն ձգում են կայծակներին£ Եվ, իրոք, երկու տարի առաջ Սեյրանենց տափում կայծակը տվեց, երկու մասի բաժանեց մի վիթխարի կաղնի, ամբողջ մի շաբաթ ծխում էր կաղնին և, չգիտես ինչու, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ այրվող ծառին£
Քամու հետ գետնին են զարնվում անձրևի առաջին, խոշոր կաթիլները£ Հետո միանգամից սկսում է հորդ անձրևը՝ ուժգին ծեծելով տանիքի թիթեղն ու բակում, հավերի համար դրված ջրամանները£ Հաճելի է այսպես կանգնել պատշգամբում ու նայել, թե ինչպես է ջուրը ջրհորդաններից քլթքլթում հողին, ունկնդրել անձրևից վարարած Բարակ ջուր գետի կատաղած հեծեծանքներին՝ տներից ներքև, մշուշով լցված ձորի մեջ, լսել մարդկանց տագնապոտ կանչերը՝ հեռու և մոտիկ թաղերից, դիտել անձրևից կուչ եկած մենավոր ծառերն ու թրջված դաշտերը, ուր ինչ-որ մեկի բխոված ձին լուռ կանգնած համբերատար սպասում է անձրևը կտրվելուն®
–Իմանայի, թե անձրև է գալու, Հովիկին կկանչեի£
–Որպեսզի շախմա՞տ խաղանք,– հարցնում է Արգինան£
–Այս եղանակին ուրիշ ի՞նչ կարելի է անել՝ շախմատ խաղալուց բացի£ Թե դու չե՞ս ուզում, որ ես կանչեմ նրան£
–Հիմարիկ£ Ախր, ես ինչպե՞ս կարող եմ չուզենալ,– զարմանում է նա£
Հովիկի մասին ես հարցրի հատուկ նպատակով, որովհետև մեր գյուղում բոլորն այն կարծիքին էին, որ նա անուղղելի տղա է, նույնիսկ մի անգամ ցանկացել էին նրան հեռացնել դպրոցից, սակայն ինչպես Արգինան, այնպես էլ ջոկատավարուհի Նվարդը, կտրականապես դեմ էին դուրս եկել£ Նրանք ելույթ էին ունեցել մանկխորհրդի նիստում՝ խստորեն քննադատության ենթարկելով բոլոր նրանց, ովքեր կողմնակից էին Հովիկի հեռացմանը£ Այդ օրը ես դասարանի հերթապահն էի, դասերից հետո միջանցքով անցնելիս, ուսուցչանոցից լսեցի Արգինայի ձայնը և ակամաբար կանգ առա£ «Ես կուզենայի մի անգամ ևս հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պահանջում են անպայման հեռացնել Հովիկ Զաքարյանին, հիշեցնել, որ կյանքի ամենադժվար, ամենածանր պահին անգամ չպետք է կորցնել հավատը մարդու հանդեպ, առավել ևս Հովիկի տարիքում գտնվող մարդու հանդեպ, որովհետև անտարբեր լինել մարդու նկատմամբ, նշանակում է նրան մղել դեպի անխուսափելի կործանում£– Արգինայի ձայնը հնչում էր համոզչական ու հստակ£– Հեշտ է աշակերտին հեռացնել դպրոցից, բայց մի՞թե մենք՝ նրա ուսուցիչները, դրանից հետո իրավունք ունենք ուղիղ նայելու նրա ծնողների աչքերին, մարդկանց աչքերին և, առհասարակ, մի՞թե մենք իրավունք ունենք ապրելու և շնչելու, վայելելու կյանքի բարիքները, եթե մեզ այլևս չեն հուզում ոչ միայն բոլոր մարդկանց, այլև նույնիսկ մեր դպրոցում սովորող աշակերտի վշտերն ու ուրախությունները»£
Ես իհարկե մեծ բավականությամբ կշարունակեի լսել Արգինային, բայց միջանցքի մյուս ծայրին, չգիտես որտեղից, անսպասելի տնկվեց հավաքարարուհի Վարսիկը և ձեռքով նշան արեց չքվել ուսուցչանոցի մոտից£ Իսկ երեկոյան, տանը, Արգինան մայրիկին ասաց, որ անուղղելի մարդիկ չկան կյանքում£
Ճիշտն ասած, այդ խոսքերն ինձ շատ դուր եկան, որովհետև Հովիկը, իր բոլոր թերություններով հանդերձ, վատ տղա չէ, մենք նրա հետ դեռևս առաջին դասարանից ենք ընկերություն անում£ Արգինան այդ ժամանակ ասաց նաև, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի Հովիկը դառնա դպրոցի ամենաօրինակելի աշակերտներից մեկը£ Դա նույնպես ինձ անչափ դուր եկավ£ Եվ հիմա, խոսք բացելով Հովիկի մասին, ես ուզում էի իմանալ՝ Արգինան չի՞ մոռացել դեռ իր խոստումը և չի՞ փոխել, արդյոք, վերաբերմունքը իմ ընկերոջ նկատմամբ£ Ոչ, չի փոխել, այլապես ինչո՞ւ պիտի ասեր.
–Հենց որ անձրևը դադարի, կանչիր Հովիկին£
Հովիկը երեկ չէ մյուս օրն էլ մեր տանն էր£ Արգինայի հետ նրանք որոշ ժամանակ զբաղված էին դպրոցական պատի թերթի ձևավորմամբ, իսկ հետո մի քանի պարտիա շախմատ խաղացին, և Արգինան բոլոր այդ պարտիաները տանուլ տվեց£ Դա շատ էր զարմանալի, որովհետև Արգինան շախմատ լավ է խաղում£ Բայց հետո Արգինան ասաց, որ դա այլ նպատակ ունի£ Ես չհասկացա, թե դիտավորյալ տանուլ տալը ի՞նչ նպատակ պետք է ունենա և ոչինչ չասացի, իսկ Հովիկը՝ այդ դմբոն, հորթի պես ուրախացել, հրճվում էր£
Անձրևը հետզհետե դադարում է, և արեգակը՝ անձրևից թաց, գլուխը դուրս հանելով երկնքի մի ծայրից, ժպտում է£ Հեռվում, սարերի վրայով, օձի խորխի նմանվող գույնզգույն իր գոտին է նետել թափանցիկ ծիածանը, իսկ ավելի բարձր, սարերի կատարներին քսվելով, արդեն չվում են ծանր ամպերը£
Ես վազում եմ փողոց՝ Հովիկին կանչելու£
7.
Իսկ հետո անսպասելի եկավ ձմեռը, ամբողջ չորս ամիս համարյա անընդհատ ձյուն տեղաց. ճամփաները փակվեցին, դարձան անանցանելի՝ լեռնային մեր փոքրիկ գյուղը կտրելով աշխարհից£
Մարտ ամսվա վերջին օրերին միայն արեգակը սկսեց տաքացնել հողը և սկզբում բլուրները, իսկ հետո հանդ ու այգի, գյուղ ու ճամփա սկսեցին դանդաղ ծխալ£ Ձյունն արագ հալչում էր և, ինչպես ամեն տարի գարնանը, հորդաց, փրփրեց մեր հնավանդ Բարակ ջուրը, արմատահան արված ծառեր ու վիթխարի քարեր էր բերում վերևից, լեռների կողմից, և գիշեր ու ցերեկ անձանձիր ոռնում, դղրդում էր մթին ձորերի մեջ£
Ապրիլի կեսերին արդեն ձյուն չկար, կար միայն առատ ձյան վերհուշը£ Եկավ գարունը® Հեռավոր վայրերից վերադարձան ծիծեռնակները, ուրախ պտտվեցին մեր տան գլխավերևում, այգու ծայրում ինչ-որ տեղ, թփերի մեջ, երգեց դեղձանիկը, և նրան ձորից արձագանքեց մայր կկուն£
Երեկ ամբողջ օրը, չգիտեմ ինչու, անտրամադիր էի, իսկ այսօր առավոտյան, չափելով ջերմությունս, մայրիկը ինչ-որ դեղահաբեր դրեց սեղանին՝ պատվիրելով տնից ոչ մի տեղ չգնալ, պառկել անկողնում, տաքացրած կաթ խմել և ընդունել այդ հաբերը£ Եվ հիմա պառկել եմ անկողնում, և ժամերն այնպես ծանր են անցնում£ Ես մեկ-մեկ հաշվում եմ դպրոցական զանգի ձայները, սպասելով դասերի ավարտին£ Ուր որ է կգա Արգինան, և իմ սիրտը միանգամից կլցվի լույսով ու քնքշանքով£
Բակում, դարպասի երկաթե դռնակը աղմուկով ետ է գնում£ «Արգինան է»,– մտովի ուրախ ասում եմ ես£ Ոտնաձայները բարձրանում են սանդուղքով, դանդաղ բացվում է պատշգամբի դուռը, և դռների մեջ երևում է Արմենը՝ ձեռքին եղրևանու մի մեծ փունջ£ Ներս մտնելով, նա նկատելի շփոթվում է, ինչպես երևում է, չէր սպասում այդ ժամին տեսնել ինձ տանը£
–Այդ ի՞նչ է, դպրոց չե՞ս գնացել, Աբիկ£
–Ոչ,– ասում եմ ես, նստելով մահճակալի ծայրին£– Նշագեղձերի բորբոքում ունեմ£
–Մրսել ես երևի,– ասում է Արմենը՝ անվստահ նայելով շուրջը£
–Երևի,– ասում եմ£ -Մայրիկը տանը չէ,– ավելացնում եմ ես, նայելով ծաղկեփնջին£
–Հա՞,– ասում է Արմենը շփոթված£– Իսկ ես կարծում էի, թե տանն է£
Ծիծաղելի է, երբ մեծահասակ տղաները շփոթվում են£ Ես, օրինակ, երբեք չեմ շփոթվի՝ որտեղ էլ որ լինեմ£
–Ոչ, տանը չէ,– կրկնում եմ ես£– Այսօր նա առաջին հերթի է աշխատում£
–Հետաքրքիր է,– արտասանում է Արմենը, աշխատելով չնայել իմ կողմը,– ով էր՝ ասաց, թե տեսել է տուն գալիս, ուրեմն սխալ եմ հասկացել…
Ես մտածում եմ, որ երևի նրա հարազատներից որևէ մեկը բուժվել է մայրիկի մոտ, և նա եկել է շնորհակալություն հայտնելու, բայց ինչո՞ւ ոչ հիվանդանոց, այլ տուն է եկել£
–Այս ծաղիկները, ուրեմն, մայրիկի համա՞ր ես բերել,– ասում եմ, բայց իմ ձայնը, ըստ երևույթին, հնչում է ոչ առանց չարախնդության, որովհետև Արմենը մի տեսակ տարօրինակ ձևով է նայում ինձ: Նա եղրևանու ճյուղը զգույշ դնում է սեղանին£