Добавить в цитаты Настройки чтения

Страница 5 из 10

1. 2. ԿՐԿՆԱՎՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Սույն ենթագլխի նպատակն է ուսումնասիրել հայերենի կրկնավոր բարդությունները Արամաշոտ Պապայանի պիեսներում։

Ժողովրդական խոսքին բնորոշ բառակազմական միջոցներից են կրկնավոր բարդությունները կամ կրկնությունները, որոնցով արտահայտվում են հատկանիշի սաստկություն, բազմակիություն, ընդգծվում են տրամադրությունն ու միտքը: «Կրկնավորները նույն բառի կրկնությամբ կազմված հարադրական բարդություններն են, որոնք վերլուծական բարդության ամենապարզ տեսակն են և ծնունդ են առել լեզվի զարգացման վաղ անցյալում» [6, էջ 189]։

Արամաշոտ Պապայանի պիեսներում բազմաթիվ են նման բարդությունները: Բերենք բնագրային օրինակներ.

Շավարշ. – Կոպտիր, կոպտիր, այդ քնքուշ-քնքուշ խոսելդ է, որ տունս քանդեց (ՄՀ, էջ 24):

Սուրեն. Շուտ-շուտ եկեք մեզ մոտ հյուր (ՄՀ, էջ 25)։

Նազիկ. – Որ ձեզ մոտ շուտ-շուտ հյուր գամ (ՄՀ, էջ 25):

Լուսինյան. – Դե լավ, գնանք մի-մի բաժակ բարձրացնենք ու գնանք քնենք (ԵՎ, էջ 99):

Վերոհիշյալ բարդությունները միևնույն բառով կազմված կրկնություններ են, որոնք ցույց են տալիս առարկայի կամ գործողության վիճակ: Երբեմն միևնույն նախադասության մեջ օգտագործում է մեկից ավելի կրկնություններ: Բերենք բնագրային օրինակ.

Կարմեն. Տաք-տաք վաննայում լողանում էի, տկլոր-տկլոր հանեցին բերին միջանցքում, կես ժամ կանգնեցրին, հետո էլ թե սապոնված ես-սապոնված չես` շորերդ հագիր ու թռիր (ՀՀՆԾ, էջ 239):

Պիեսներում օգտագործված բարդություններից են նաև չարաչար (ԽՊ, էջ 154), հազիվհազ (ԵՎ, էջ 83), մեկնումեկը (ԱԱՇԷԵ, էջ 376): Բերենք մի քանի բնագրային օրինակ.

Արմեն. – Այո, տպեք, որ չարաչար սխալվել եմ, զղջացել եմ, որ եկել եմ հայրենիք (ԵՎ, էջ 107):

Վարշամ. – Է՛, ճառ մի ասա… Էս արդեն քանի՞ աթոռ փոխեցիր: Մեկնումեկը մեջքիդ չկպա՞վ… (ԱԱՇԷԵ, էջ 376):

Արամաշոտ Պապայանի պիեսներում քիչ չեն նաև հնչյունափոխությամբ կրկնավորները: Այս կարգի բարդություններում հնչյունափոխվում կամ հնչյունի կորուստ է կրում կրկնվող բաղադրիչներից մեկը կամ էլ բաղադրիչների միջև առաջանում է հավելյալ հնչյուն [10, էջ 273]: Հնչյունափոխությամբ կրկնավոր բարդություններն են՝

1. Կրկնավոր բարդություն՝ առաջին բաղադրիչի բառասկզբի բաղաձայնի կորուստով: առոք-փառոք (ԵՎ, էջ 116). Առոք-փառոքի գրաբարյան ձևը եղել է փառոք-փառոք, առաջին բաղադրիչի փ-ն ընկել է: Բերենք մի բնագրային օրինակ.

Սամսոն. Կայարանապետը հոգի մարդ էր, տուն տարավ, պատվեց ու առոք-փառոք ճամփու դրեց (ԵՎ, էջ 116):

2. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի բառասկզբի բաղաձայնի փոփոխմամբ: քիչ-միչ (ՀՀՆԾ, էջ 245), ծնունդ-մնունդ (ՀՀՆԾ, էջ 245), շոֆեր-մոֆեր (ՀՀՆԾ, էջ 193), ձեռք-մեռք (ԽՊ, էջ 130), ծռտի-պռտի (ԵՎ, էջ 104), թռի-վռի (ԵՎ, էջ 77), վնաս-մնաս (ՍԹ, էջ 149), գործարան-մործարան (ԱՓ, էջ 473): Բերենք բնագրային օրինակ.

Զուլֆո. – Ուլտիմատում-մուլտիմատում Զուլֆոն չգիտե (ԱԻՉԱԵԱՔԷ, էջ 289):

3. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի ձայնավորի փոփոխմամբ: հայ-հույ (ՀՀՆԾ, էջ 192), համով-հոտով (ԱՓ, էջ 458): Բերենք բնագրային օրինակ.

Միսակ. – Ի՞նչ է, տունը վատացա՞վ այդ մի քանի մանր-մունր պակասությունների պատճառով (Մ, էջ 193):

4. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի բառասկզբի ձայնավորի հավելումով: Օրինակ.

Մամիկոն. – Հետո, մասամբ էլ մեղադրիր մեր բժիշկներին, որոնք իրենց չոր, բյուրոկրատական անտարբերությամբ ու սխալ դիագնոզներով այնպես են հուսահատեցնում հիվանդներին, կամա-ակամա գնում ընկնում են Մացո կոչեցյալների ճանկը (ՍԹ, էջ 136):

5. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի բառասկզբի չ բաղաձայնի հավելումով։ կա-չկա (ՀՀՆԾ, էջ 240), ուզես-չուզես (ՀՀՆԾ, էջ 230), սիրեն-չսիրեն (ԵՎ, էջ 103), իմանա-չիմանա (ՀՀՆԾ, էջ 227), վերցնենք-չվերցնենք (ԿՀ, էջ 64): Բերենք բնագրային օրինակներ.

Մամիկոն. – Էն ի՞նչ է, Մացո քեռի, կա-չկա անմահական դեղդ է (ՍԹ, էջ 138):

Հակոբ.Իմանա-չիմանա, ես նրան արդեն գործից հանեցի (ՀՀՆԾ, էջ 227):

Այսպիսով, Արամաշոտ Պապայանի օգտագործած կրկնավոր բարդություններն օժտված են հուզաարտահայտչական մեծ լիցքով, որի շնորհիվ ամբողջ նախադասությունը, խոսքը դառնում է արտահայտիչ և հուզական: