Страница 6 из 17
Այնտեղ հին ու բարի ժամանակներից մնացած ակնածանք կա ուսուցչի հանդեպ ու երևի միակ տեղն է բովանդակ աշխարհում, ուր ուսուցիչը դեռևս մի սովորական հողեղեն չի համարվում:
Երկնքին մոտիկ այն բարձր աշխարհում դեռևս սիրում են նախնական սիրով ու անկեղծությամբ, դեռևս հուզմունքից շփոթվում և ամոթից կարմրում են, որ հազվագյուտ բան է հիմա, ինչպես լեռների անանուն ծաղիկ:
Այն աշխարհն անսահմանորեն թանկ էր ինձ համար, գյուղական երեխաների այն պարզ միջավայրը հասկանալի ու հարազատ էր ինձ: Դա սովորական աշխատանք չէր, այլ իմ սիրած գործը, իմ հոգու գործը: Դա ծառայություն էր իմ հարազատ գյուղին ու ժողովրդին, և այդ գիտակցությունը իմաստ էր տալիս անիմաստին:
Ամեն ինչ կորավ, ամեն ինչ կիսատ մնաց, իսկ կիսատ մնացած գործի վրա միշտ ձյուն է գալիս:
Ով որ լեռները լքեց, բարձրերից իջավ ու գնաց դեպի կյանքի ճահիճները, այլևս անդարձ կորած է այդ աշխարհի համար:
Կարծում էի, թե նորից կգնամ իմ տունը, կշարունակեմ իմ գործը, սակայն «մինչդեռ ուխտն էի պահել ցանկանում, դաշնը դրժեցի»:
Հիմա ի՞նչ եմ անում այստեղ՝ չեմ հասկանում:
Չգիտեմ ով է ասել, թե պատերազմում ուսուցիչներն են հաղթում: Այդպես է, իհարկե: Եվ խաղաղ կյանքն էլ, վերջին հաշվով, ուսուցիչներն են կառուցում: Եվ երբ լքում ու հեռանում են, և երբ վերադառնում են զղջումով, ուսուցիչներն իրենց հատուկ մասն ու բաժինն ունեն միշտ, գուցե շատ փոքրիկ կամ առաջին հայացքից աննկատելի, բայց, անկասկած, ունեն:
Պատերազմ էլ եղավ, դարերի կորուստներից հետո մի կտոր ետ խլված հայրենիք էլ եղավ, բայց ես ամեն ինչից անմասն մնացի, ոչ զինվոր ունեցա, որ կռվեր վրեժով, ոչ էլ զղջումով դարձի եկած, տուն վերադարձած մոլորյալ:
Փոխանակ դասերից, աշխատանքից հոգնելու, հոգնեցի ճանապարհներից, օտար աշխարհներից, օտար մարդկանցից ու ինքս ինձանից:
Սակայն այլևս ի՞նչ արժեք ունեն դատարկ խոսքերը, ջրերը ետ չեն հոսում, անցած գարունները էլ ետ չեն գալիս:
* * *
Եթե դրախտը ճիշտ է, Աստված երևի այն տվել է մարդուն որպես երջանկություն, բայց մարդը այդ երջանկությունը չի հասկացել, քանի որ դեռ չգիտեր ցավը: Այնժամ Աստված զրկել է նրան դրախտից և ցավ է տվել, որ երջանկությունը հասկանա:
Բայց այդպիսով էլ մարդը երջանիկ չդարձավ:
Երջանկություն չկա այս աշխարհում, բայց բանաձևեր շատ կան նրա համար, մի բանաձև էլ ես գտա այսօր առավոտյան.
Երջանիկ է նա, ով որ ասում է՝ եթե կրկին ապրեի կյանքս, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ:
Այդպես ասողները միշտ չէ, որ ճիշտ են ասում, սովորաբար կեղծում են կամ ինչ-որ նկատառումով են ասում, իսկ ով որ չի կեղծում, իմ կարծիքով, երջանիկ է, քանի որ գոհ է իրենից ու իր ապրած կյանքից:
* * *
Մի հայտնի նկար կա՝ «Ճիչը», ես տեսել եմ Մոսկվայում։ Հեղինակը նորվեգացի է՝ Էդվարդ Մունք: Նա այլևս չկա, իսկ նկարը բացատրում են տարբեր կերպ, ենթադրություններ են անում՝ ինչ ճիչ է:
Նա շատ վիշտ ու տառապանք է տեսել, հալածանքների է ենթարկվել, դավաճանել ու լքել են նրան, կորցրել է հարազատներին, զրկվել տեսողությունից ու մեռել հոգեբուժարանում:
Ուրիշ ի՞նչ ճիչ պիտի լինի, եթե ոչ մարդու ցավի ու մենակության ճիչը, որ թվում է, թե ուղղված է դեպի երկնքի դատարկությունը: Լիությանը դիմելիս անձայն աղոթում ու արտասվում են, իսկ դա հուսահատ ճիչ է, նկարը սկզբում այդպես էլ կոչվել է՝ Վհատություն:
Մի օր այս մասին խոսք բացեցի մի ծանոթ նկարչի մոտ՝ նրա կարծիքն իմանալու համար: Նա նարդին դրեց սեղանին.
– Զարդ գլորիր, թող ճչա, քեզ ի՞նչ է խանգարում:
Նա ավելի վհատեցնող բան ասաց, իզուր հարցրի:
* * *
Մեր գերդաստանը, ինչպես հնում ասում էին, ամանից-աման թափվեց, ցրվեց երկրե-երկիր, իսկ նրա բնօրրանը դատարկվեց: Ես քեզ ի՞նչ պատմեմ նրա մասին, սիրելի աղջիկս, կամ ինչպե՞ս պատմեմ: Դու ուզում ես, որ խոսեմ ու սիրտս թեթևանա, որ հիշողության վիրավոր թռչունները թռչեն հեռանան ու չքրքրեն հոգիս:
Նրա անցյալն ինձ համար մշուշոտ է, ես քիչ բան գիտեմ, գիտեցողները մեռան գնացին՝ հայրս, Օվանես Տացուն, մեր գյուղի մյուս մեծերը: Հիմա դժվար է ինձ համար այս մասին գրելը, որովհետև ցավով տեսնում եմ այն անհոգության հետևանքները իր անցյալի ու ապագայի նկատմամբ, որ անեծքի պես հետապնդում է մեր գերդաստանին:
Թվում է, թե նրա անցյալի սահմանը մեր գետն է, որով անցել էին մեր նախնիները Արդահանից գալով և անցկացրել իրենց հարստությունը՝ ոչխարի հոտերը, նախիրներն ու երամակները, հիշողություններն ավելի հեռու չէին տանում:
Արդահանի անցյալից հայտնի էին միայն այդ հարստության հիմնադիր Օհանը և մի քահանա, կարծեմ Տեր Ավետիք անունով, որի շնորհիվ մինչև 1937 թ-ը մեր ազգանվանը կցվում էր տեր բառը: Քահանայի աղոթքները, ըստ տեղեկությունների, հրաշագործ ուժ են ունեցել: Երևի հայրս նրանից էր ժառանգել աներկբա հավատը աղոթքների հանդեպ: Նա համոզված էր, օրինակ, որ եթե երեք անգամ անսխալ կրկնես «Հավատով խոստովանիմ և երկինք պագանեմ»-ը, ամեն մի վտանգ անմիջապես կանցնի:
Մեր պապերը նոր հայրենիքում նույնպես շարունակում էին իրենց գործը՝ անասնապահությունն ու առևտուրը: Չըլդըրի թուրքերից անասուն էին առնում և մեծ շահույթով վաճառում Թիֆլիսի հրեաներին: Ամեն ինչ հաջող էր ընթանում, բազմապատկվում էր նրանց հարստությունը, տարածվում էր նրանց անունը Ջավախքում և նրա սահմաններից դուրս մինչև Շորագյալ, Կախեթ ու Թիֆլիս:
Դա նահապետական մեծ գերդաստան էր, ավանդական հայ ընտանիք՝ առաքինի ու բարեպաշտ:
Գոմերում ու կալերում, տափակ քարերով սալարկված դռանը, մեծ չարդախների առաջ միշտ մարդաշատ էր, մշակները աշխատում էին, գալիս ու գնում էին ճամփորդներ, հյուրեր:
«Օհանենց մշակ» արտահայտությունը մեր գյուղում նշանակում էր քրտնաջան աշխատանք առավոտից մինչև իրիկուն, կատակով պատմում էին անգամ, թե իբր երբ Մաթևոս աղան տեսնում էր, որ մշակները անգործ կանգնած են, հրամայում էր խուշկին դուրս կրել գոմից, հետո նորից ներս բերել…
Ձմեռային երկար գիշերներին, երբ հավաքվում էինք թոնրի շուրջը կամ օջախի կրակի մոտ, այսպիսի շատ պատմություններ էին պատմում մերոնք երբեմնի մեր մեծ գերդաստանի ու նրա հարստության մասին:
Պատմում էին, որ Բարսամ աղան խիստ է եղել, բայց բարի, անգամ զգացմունքային, նա կարող էր որևէ երգից կամ նվագից հուզվել լալու աստիճան և շռայլորեն վարձատրել դրա համար: Այդպես Թիֆլիսի իջևանատներից մեկում մի անգամ ինչ-որ աշուղի մի ձի էր նվիրել:
Նա կարող էր խստորեն պատժել, բայց գիտեր նաև մեծահոգաբար ներել ու զիջել: Որպես օրինակ միշտ հիշատակում էին, թե ինչպես է երեսուն, թե հիսուն ոչխար զիջել Առաքելենց Մելիքին, որը հետո դրա շնորհիվ ստեղծում է շատ մեծ և հարուստ տնտեսություն:
Պատմում էին Մանգլիսի ձորում Կիրակոս աղայի հետ պատահած դեպքի մասին: Նա հրեաների հետ բարեհաջող առևտրից հետո Թիֆլիսից կառքով տուն է վերադառնում խուրջինով ոսկին հետը: Մանգլիսի ձորում նկատում է ինչ-որ կասկածելի մարդկանց, որոնք մտնում էին անտառ ու կրկին դուրս գալիս ճանապարհի վրա: Համոզվելով, որ դրանք զինված ավազակներ են, Կիրակոս աղան կանգնեցնում է կառքը, կանչում է ավազակներին, տալիս է խուրջինով ոսկին ու ասում.
–Առեք ձեր ուզածը, իմ կյանքը ձեր ինչի՞ն է պետք:
Ավազակները, ինչպես միշտ, մեծահոգի են լինում, ոսկին չեն առնում ու մոտակա աղբյուրի մոտ գինի են խմում Կիրակոս աղայի հետ:
Սակայն վրա հասավ վերջը, մեծ գերդաստանը քայքայվեց, բաժան-բաժան եղավ, իսկ նրա առասպելական հարստությունից մնացին միայն հիշողություններ, որ անցնում էին սերնդե-սերունդ:
Դա խորհրդավորության մշուշով քողարկված մութ պատմություն էր:
Խոսում էին ինչ-որ վաղեմի գուշակության, ինչ-որ անեծքի կամ թուղթ ու գրի մասին, ապա գալիս էին Խոսպիայի թուրք բեկերը, որոնք մեծ գումարներ էին պարտք առել, բայց հետո ուրացել էին, որովհետև որևէ մուրհակ կամ նման մի բան գոյություն չուներ, նույն կերպ ինչ-որ մեծ գումար վճարելուց հրաժարվել էր Թիֆլիսի մի հարուստ հրեա՝ ոմն Իսակ կամ Իսահակ, ըստ երևույթին դարձյալ գրավոր ապացույց չլինելու պատճառով, հետո Գաբռուշկայի կամ Համբարձումենց Գաբրիելի անունն էր հիշատակվում, որը իբր թե գտել էր Բարսամ աղայի պահած փողերն ու հարստացել:
Բայց դրանք, ըստ էության, ոչ թե պատճառ էին, այլ հետևանք, նրանք դատապարտված էին կործանման, և դա, ժամանակակից լեզվով ասած, ծրագրավորված էր նրանց արյան բջիջներում, նրանց աղետալի անհոգությամբ սեփական անցյալի ու ապագայի հանդեպ: Եվ վերջապես, այդ ամենից բացի, ժամանակներն էին փոխվել, իսկ նրանք իրենց խաղը վարում էին մարգարեների ժամանակվա կանոններով՝ ազնիվ էին խաղում… Բարի ու առատաձեռն էին, երբեք չէին մերժում իրենց օգնությունը կարիքավորներին, նվաստացուցիչ էին համարում մարդուն չվստահելը, անգամ թուրքերին:
Կյանքը, որպես կանոն, նման բաներ չի հանդուրժում: