Страница 3 из 17
* * *
Աշխարհը լիքն է գեղեցկություններով՝ անտառներ, հարթություններ, ծովեր ու անապատներ, սակայն նրանք վախ են առաջացնում իրենց անսահմանությամբ: Միայն լեռներն են բարձրացնում ու վեհացնում մարդուն:
Օրհնյալ են լեռները, նրանք շատ վաղուց պաշտվել են իբրև սրբազան տարածություն, իբրև ճանապարհ դեպի երկնային լույս ոլորտները:
Ասում են Աստված գթասրտորեն պարգև է տվել լեռները մարդուն, որպես հեռավոր նմանություն այն կորուսյալ աշխարհի, որ գոյություն ուներ նրա անկումից ու մեղքից առաջ: Ահա թե ինչու այնպես կախարդում է լեռների ոգին, ահա թե ինչու այն չքնաղ աշխարհի անքուն կարոտը լեռների տեսքով հմայում ու կանչում է միշտ մեղավոր մարդու թափառող հոգուն:
Եղել է մի կրոն Հին Պարսկաստանում, Սպիտակ լույսի կրոն է կոչվել, նրա հետևորդները լեռներն են պաշտել: Նրանք չարիք են համարել խավարն ու սուտը և նրանց հակադրել են լույսն ու լեռները:
Փակ աչքերով ես տեսնում եմ իմ լեռները, ամբողջ լեռնապարն ու պարագիծը իր գագաթներով, հորիզոնի բոլոր գծերն Աբուլից մինչև զույգ Կուրգանները, մինչև իմ պարականոն կարոտի սահմանները:
Անգամ փակ աչքերով ու մանկությունից սովոր շարժումներով ես կարող եմ ուրվագծել իմ լեռներն անսխալ կերպով:
Ոչինչ չի կարող փոխարինել նրանց իմաստուն լռությանն ու խաղաղությանը, ոչինչ չի կարող համեմատվել նրանց արևածագի ու մայրամուտի գեղեցկության հետ:
Որպես «ադաջիո գրացիոզո», դանդաղ ու հանդիսավոր բարձրանում է արդար արևը լեռներում՝ աշխարհը ողողելով լույսի բարությամբ, իսկ մայրամուտներն իրենց թախծոտ վեհությամբ հաշտություն են բերում խռովահույզ հոգուն:
Մայրամուտից առաջ լեռները տուն են կանչում, դեպի իրենց գիրկը:
* * *
Լինում են մարդիկ ժամանակի հատուկ, հիվանդագին ընկալմամբ: Դժբախտաբար, ես էլ եմ պատկանում նրանց թվին:
Այդպիսի մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ժամանակի զանազան հիվանդություններով՝ սպասում, կարոտ, ափսոսանք կամ զղջում: Նրանք ցավով տեսնում են այն, ինչ ուրիշները առօրյա կյանքում սովորաբար չեն նկատում՝ ժամանակի անդառնալի հոսքը, տեսնում են, թե ինչպես ժամանակը կողոպտում, տանում է ամեն ինչ, ինչպես անդարձ կորչում ու հեռանում է այն ամենը, ինչ թանկ ու սիրելի է: Նրանց տառապանք են պատճառում անգամ բառերը՝ հավիտյան, ընդմիշտ, երբեք…
Դա մի հիվանդություն է, որից չեն մեռնում, այլ միայն անհույս կերպով տառապում են ամբողջ կյանքում:
Ժամանակը կա ու չկա, գոյություն ունի և չունի: Երբ նշանակություն չես տալիս նրան, կարծես թե չկա, իսկ երբ ամեն առիթով զգում ես նրա հոսքն ու անդարձությունը, կարծես թե խճճվում ես ինչ-որ սատանայական որոգայթի մեջ և դեմ ես առնում անելանելի փակուղու:
Հատկապես անհասկանալի է ներկան, անվերջ հոսող, անվերջ տրոհվող նրա անորսալի վայրկյանը, վայրկյանից էլ շատ փոքր, ամենափոքրիկ ներկան, որը թվում է, թե չկա, բայց, այնուամենայնիվ, տևողություն ունի: Այդ ներկան, ինչպես Եղիշե Չարենցն է գրել, անհնար է անգամ ամփոփել ուղեղում.
Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդեն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես, դու տևում ես:
Ներկան կա, գոյություն ունի, թեև շարունակ հոսում ու հեռանում է, կարողանում ենք օգտվել նրանից, թե չենք կարողանում, միևնույն է, նա կա:
Եթե ապրում ենք, ուրեմն օգտվում ենք, եթե օգտվում ենք, ուրեմն նա գոյություն ունի:
Ուրիշ բան է, որ մենք չգիտենք, թե ո՞րն է ժամանակի իմաստը, թե ինչու՞ է նա անվերջ հեռանում և մի՞թե հեռանում է անդարձ:
Մարդուն միշտ անիմաստ է թվացել, որ այն ամենը, ինչ հիմա կա և իրական է, ինչ-որ ժամանակ պիտի վերածվի ոչնչության և այլևս երբեք գոյություն չունենա:
Ներկան խաբուսիկ է, բայց, միաժամանակ, իրական: Դա առիթ է տվել հետևություն անելու, որ եթե մենք հիմա գոյություն ունենք, ուրեմն գոյություն ենք ունեցել անցյալում, գոյություն պիտի ունենանք և ապագայում: Այդ են քարոզում հնդկական կրոնները, մասնավորապես բուդդիզմը:
Քրիստոնեությունն էլ հույս է ներշնչում, որ Տիրոջ նոր հայտնությամբ, որ հեռու չէ, կփոխվի ժամանակը, կգա նոր ժամանակ: Նրա ներկան անցողիկ չէ, աստվածային ներկա է, նրա անցյալը նույնպես օժտված է ներկայի ուժով, մեր գիտեցած ապագայից տարբեր է նաև նրա ապագան, այն հավերժություն է: Այսինքն այդ նոր ժամանակի հետ դարձյալ կգա Նա, ով կար, որովհետև ինչ եղել է, տեղի է ունենում, ինչ տեղի է ունեցել, տեղի կունենա…
Սակայն պատկերացնելու համար նման մի երջանիկ ժամանակ, որ ունի ներկա, անցյալ և ապագա, բայց անցողիկ չէ և սարսափելի չէ իր անդարձությամբ, պետք է ճշմարիտ հավատ ունենալ: Ինձ նման սովորական մարդը այդպիսի ժամանակը ինչպե՞ս հասկանա:
Մարդ պետք է ինչ-որ կերպ պաշտպանված լինի ժամանակից՝ հիշողությամբ, մոռացությամբ, գիտությամբ, անգիտությամբ կամ հավատով, այլապես կխճճվի սեփական մտքերի մեջ, ինչպես երեք սոճիների արանքում մոլորված ճամփորդ:
Մարդ իրեն պաշտպանված է զգում ժամանակից, եթե կապված է իր մշտական տեղին, իր մշտական անփոփոխ, հարազատ անկյունին: Դա զգացնել չի տալիս ժամանակի հոսքը, նրա կորուստի ցավը: Նա այդպիսով մշտապես շրջապատված է լինում հուսալի, անշարժ իրերով, հարազատ բնությամբ՝ հայրենի լեռները, մանկության սիրելի վայրերը:Իսկ ինչ որ, այսուամենայնիվ, հոսում ու փոխվում է, ապա դա տեղի է ունենում աստիճանաբար, մարդը հասցնում է սովորել և ընտելանալ դրան:
Պետք է սիրել այն տեղը, ուր ապրում ես և այն ժամանակը, որ քեզ բաժին է ընկել կամ որին ինքդ ես բաժին դարձել, այլապես ի հայտ կգա անհամապատասխանություն և անհամաձայնություն ժամանակի հետ, իսկ դա արդեն հիվանդություն է, որից չեն մեռնում, այլ միայն անհույս կերպով տառապում են:
Աստղագուշակները դա կապում են Սատուրն մոլորակի հետ, ասում են, թե իբր նրա որոշակի դիրքի պատճառով է, որ ինչ-որ մեկը չի համապատասխանում իր ժամանակին:
Գոնե լավ է, որ պատճառն այդպես հեռու և այդպես անհասկանալի է ու կարիք էլ չկա փնտրելու ոչ իր մեջ, ոչ ուրիշների:
* * *
Ամեն տեղ են մերոնք՝ Ջավախք լեռնաշխարհի զավակները, այս անծայր երկրի բոլոր կողմերում: Մեկ էլ հանկարծ կիրակնօրյա շուկայում, օտար ամբոխի, օտարալեզու ժխորի մեջ կհնչի նրանց բարբառը՝ կոշտ ու անմշակ, իրենց լեռների պես հպարտ, բայց հարազատ տարերքից դուրս, խեղճ ու անօգնական:
Կարծես թե բոլորն են այստեղ, ողորմա՛ծ Աստված, մի՞թե բոլորը եկան, մի՞թե բոլորն են կարծում՝ որտեղ հաց, այնտեղ կաց:
Ինչու՞ չվող թռչուններից գոնե ֆիլոպատրիան չընդօրինակեցինք, ինչու՞ ծննդավայրի նկատմամբ հավատարմություն չսովորեցինք աղավնիներից, որոնք միայն ծննդավայրն են հիշում և ուր էլ թռչեն, միշտ վերադառնում են, օտար տեղի չեն վարժվում:
Իսկ մենք ինչպե՞ս ենք վարժվում:
Եթե չենք վարժվում, ուրեմն կեղծում ու խաբում ենք և ու՞մ ենք խաբում մեզանից բացի:
Դեռևս դրախտի կորուստի ժամանակներից մարդը միայն կորցնելուց հետո է հասկանում կորցրածի արժեքը ու խաբում է ինքն իրեն, թե այն մի մեծ բան չէր: Մենք էլ ենք խաբում՝ ի՞նչ կա էնտեղ, բայց թաքուն ախ ենք քաշում:
Էսկիմոսները պաղ ձյուները չեն լքում, բեդուինները անպտուղ անապատների տապերից չեն փախչում, մենք դրախտի պես անապական մեր երկիրն ինչպե՞ս լքեցինք:
Ասում են, թե Ճապոնիայում հատուկ ընտրված մի բարձր տեղ կա, երբ մարդը ցանկանում է շատ կարևոր մի բան ասել, իր կյանքի ամենակարևոր բանը և ցանկանում է, որ բոլորը լսեն իրեն, թույլատրվում է բարձրանալ այդտեղ միայն մեկ անգամ և գոռալ ամենաբարձր ձայնով:
Լիներ այդպիսի մի տեղ, բարձր գոռայի.
– Ձեր տունը երբեք մի՛ լքեք, դա երկարատև ինքնասպանություն է:
* * *
Հիշողությունը լավացնելու համար դեղեր կան, զանազան թուրմեր, խոտ ու ծաղիկ, իսկ մոռանալու համար բան չկա՞: Ի՞նչ անի մարդը, եթե ուզում է ոչ թե հիշել, այլ մոռանալ, երբ սև մտքերը գիշերային սև թռչունների պես սիրտն են քրքրում:
Չարքերի նման այդպիսի մտքերը խավար են սիրում:
Մեր տառապյալ թագավորը ցանկանում էր երկնքի աստղերը կողոպտել՝ վարձատրելու համար այն մարդուն, ով մոռացնել կտար անցյալը:
Պատ են քաշել չինացիները, անհաղթահարելի հաստ պարիսպ, որ հրոսակներ չգան հյուսիսից:
Ինչպե՞ս պատ քաշել հիշողության առաջ, ինչպե՞ս անել, որ անցյալը չներխուժի իր հորդաներով, որ թաքուն չգա անպատեհ ժամին դավադրաբար, որ չկողոպտի, որ չհրկիզի ու մոխիր թողնի:
Իսկ չէ՞ր լինի, որ էլեկտրական հոսանքի նման անջատվեր մարդու հիշողությունը ավելորդ բեռից: Ով որ հնարել է անցյալն ու հիշողությունը, չէ՞ր կարող այդքան գթասիրտ լինել:
Իսկ գուցե հիշողության կորուստը հենց ա՞յդ է նշանակում:
Երբ մարդը չի դիմանում անցյալին, ինչպես էլեկտրական սարքը՝ հոսանքի լարվածությանը, հիշողությունն անջատվում է, որ հրդեհ չընկնի ներսը, չէ՞ որ մարդն էլ մի սարք է, ներքին այրման մի շարժիչ: