Страница 16 из 17
Նազիկը սիրում էր ամեն ինչ, որ դասական է, իսկ Կոմիտասին պարզապես պաշտում էր, միշտ երգում էր ինքն իրեն տունը ավլելիս, ճաշ եփելիս, երբ իրենց պատուհանի առաջ մայրամուտն էր դիտում, երբ ուրախ էր, երբ տխուր էր:
Բոլոր փեսացուներին մերժում էր, ինչքան մերժում էր, այնքան ավելի շատ էին գալիս, վերջը Մարտունը գերեց նրա սիրտն ու տարավ Խաչեն: Այլևս չտեսա նրան, ով ինձ համար ավելին էր, քան սիրելի քույրը:
Ամուսնու մահից հետո Նազիկը մենակ մնաց մեծ տան մեջ:
Բոլորը գնացին, իսկ նա չլքեց ամուսնու գերեզմանը:
Հիմա մեկ-մեկ հեռախոսով խոսում եմ հետը, ասում է, որ դեռ պահում է իմ նամակները: Լսում եմ նրա աղջկական մաքուր ձայնը, որ առաջվա նման քնքուշ մեղեդու պես է և թվում է, թե հիմա կերգի, ինչպես այն ժամանակ, մեր հին ուսուցչանոցում.
Ամպի տակից լույսն երևաց, Շողեր ջան…
● Աշխարհագրության ուսուցիչ Պողոսյանը Ախալքալաքի գյուղերից էր, նախկին հաշվապահ ու պատերազմի մասնակից: Աշխարհագրությունը նա գիտեր «մոտավորապես» և բնավ չէր հոգում այդ բանը թաքցնելու համար: Աշակերտները խաղում էին հոգու հետ.
– Հարգելի Պողոսյան, Լոնդոնը որտե՞ղ է:
– Լոնդո՞նը: Ահա Լոնդոնը,– մոտավորապես ցույց էր տալիս Պողոսյանը՝ խոշոր ձեռքով ծածկելով Մեծ Բրիտանիան և Հյուսիսային ծովի մի քանի կղզիներ:
● Հիշում եմ Քոշտոյանին, անկարելի է նրան մոռանալ: Նա էլ եկվոր էր, ընտանիքով Կոկոնայենց Ծառուկի տանն էր ապրում:
Կարգին կրթություն չուներ, մեկ ֆիզկուլտուրա էր պարապում, մեկ ձեռքի աշխատանք ու բուսաբանություն, պատերազմի մասնակից էր, մի բան պիտի պարապեր:
Աշակերտներին զբաղեցնելու համար դեպքեր էր պատմում իր պատերազմական կյանքից: Հաճախ մոռանում էր, թե որ դասարանում ինչ է պատմել մյունխհաուզենյան մեղանչումներ էր թույլ տալիս, իսկ աշակերտներն ուղղում էին.
– Էն անգամ Ձեր բռնած գերմանացիները երկու հոգի էին, ոչ թե չորս: Կամ՝ անցած դասին Ձեզ պարգևատրողը գնդապետ էր, ե՞րբ գեներալ դարձավ:
Նա վարժ տիրապետում էր միայն «քսըր-փսըր»-ի մեթոդին: Ամեն ինչ լսում էր, ամեն ինչ գիտեր ուսուցիչների ու աշակերտների մասին: Մանավանդ քաջատեղյակ էր սիրային գործերին, ոչինչ չէր վրիպում նրա վավաշոտ հայացքից, ամենանվիրական, թաքուն զգացմունքները հայտնի էին նրան, լսածն անմիջապես տարածում էր, հայտնում էր ում պետք էր և ինչպես պետք էր: Հայտնելիս գլուխը մի յուրօրինակ ձևով ցնցում և թավ հոնքերը վեր ու վար էր շարժում: Խառնում էր բոլորին իրար, ինքը մնում էր անմեղ, բանից անտեղյակ:
Իսկ գիշերները, երբ բոլորը քնում էին, սրա-նրա հասցեին վարկաբեկող անստորագիր նամակներ էր գրում և հաճույքից դարձյալ գլուխը ցնցում էր:
Այդ հատկությունները տեղյակ մարդիկ վերագրում էին նրա մութ ծագմանը, ինչ-որ բոշայական բան կար նրա մեջ հորական տատի կողմից:
Մի տղա ուներ Էդիկ անունով: Նրա մարզական կապույտ համազգեստն ու վառ կարմիր, խոշոր գնդակը՝ միա՛կը մեր գյուղում, բոլոր տղաների հիացմունքի ու նախանձի առարկան էին:
Ուրախ ցատկոտում էր այդ մենավոր գնդակը մեր գյուղի քարքարոտ կալերում, իսկ Էդիկը ոչ ոքի չէր թողնում անգամ ձեռք տալու նրան:
Երկու աղջիկ ուներ Քոշտոյանը, իր նման բարձրահասակ ու բարալիկ: Բանաստեղծություն էին գրում: Եթերային երկու գեղեցիկ էակներ էին, մեր գյուղի քար ու ցեխից բարձր, բանաստեղծական վերին ոլորտներում էին ճախրում՝ ներքևում ոչ մեկի վրա ուշադրություն չդարձնելով, հատկապես տղաների:
Հայրն էր տուժում այդ պատճառով. տղաները չարություն էին անում նրա դասերին՝ իբր թե վրեժ լուծելով աղջիկներից ու Էդիկից՝ նրա կարմիր գնդակի համար:
Իսկ Քոշտոյանը ծեծի էր դիմում, այդ գործում էլ նա հմուտ էր: Բացի ծեծի դասական գործիքից՝ քանոնից, օգտագործում էր ճիպոտներ, մետաղալարեր, թոկ ու պարան, ընդ որում երբեմն Պողոս Առաքյալի նման, որն իր հետևորդներին հարցնում էր՝ գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ խաղաղությամբ, նա էլ պատժի միջոցների ընտրությունը զոհին էր թողնում՝ ուզում ես ծամիր այս մետաղալարը, ուզում ես ճիպոտի տասը հարված ստացիր:
Այդ ամենից հետո չէր քաշվում և պահանջում էր, որ աշակերտները մածուն կամ պանիր բերեին տներից և անհոգությամբ վայելում էր դրանք:
Այդ անհոգությունն ի վերջո չարիք բերեց նրան:
Ծնողների բողոքները շրջկենտրոն հասան, նրան տեղափոխեցին, տարան մեր դպրոցից:
Այդպես էլ էր պատահում: Սուրբ գիրքն իզուր չի ասում, թե հերձվածողներ էլ պետք է լինեն, որ ընտիրները երևան:
Նրա գնալու օրը, այնուամենայնիվ, մի տեսակ տխուր էր, տխուր էին անգամ նրա եթերային աղջիկները, թեև այդպես ավելի գեղեցիկ էին:
Բոլորը դպրոցի դռանը լուռ կանգնած նայում էին: Մեկ էլ տղաներից մեկը, որին հատկապես շատ էր ծեծել ու պանիր ուզել, խոսեց ինքն իրեն, ավելի ճիշտ՝ ինչ որ մտածում էր, ասաց բարձրաձայն.
– Կերածդ պանիրը քթեդ գար, հարգելի Քոշտոյան, գոնե լավ էր, որ մամս կաթի երեսը քաշում էր:
Ծիծաղեցին, և տխրությունն անցավ:
● Իսկ Հախվերդյան Գաբրիելը մեկն էր այն մանկավարժներից, ովքեր իրենց աշխատանքով մեծ ծառայություն մատուցեցին մեր գյուղին ու դպրոցին:
Նա Գանձայից էր: Առավոտ կանուխ ոտքով գալիս էր իրենց գյուղից, հասնում էր առաջին դասին ու երբեք չէր ուշանում: Խոշոր, ծանր սապոգները հագին, լայն-լայն գցում էր քայլերը, գանձացի մյուց երկու ուսուցիչները՝ Դուրգարյան Հրաչն ու Կյուրեղյան Արփիարը հազիվ էին հասնում ետևից:
Նա մեր դպրոցում տարածեց շախմատն ու ֆուտբոլը, խաղեր ու մրցումներ էր կազմակերպում, մեծ ջանքեր գործադրեց, որ մեր յոթնամյա դպրոցը միջնակարգ դարձնեն:
Մաթեմատիկայի հմուտ մասնագետ էր: Դասերը վարում էր մի զարմանալի թեթևությամբ՝ մաթեմատիկան դարձնելով հրապուրիչ ու հետաքրքիր: Ամեն անգամ նոր դասը բացատրելուց հետո իր գրածների տակ գրատախտակին մի հոծ գիծ էր քաշում ու միշտ ասում էր.
– Այսպիսով, ապացուցեցինք այն, ինչ ցանկանում էինք ապացուցել;
Ասում էր, կավիճը նետում էր սեղանին ու սկսում էր տենդորեն խառնել գրպանները՝ ծխախոտ որոնելով: Ապա, հիշելով, որ դասի է, շուտ-շուտ ժամացույցին էր նայում, թե ե՞րբ պիտի դասը վերջանա, որ ծխի:
Մի անգամ էլ այդպես խառնեց գրպաններն ու երևի մտքերով տարված, վառեց ծխախոտը, սկսեց ագահաբար ծխել: Հայրապետյան Փայլակը ձեռք բարձրացրեց.
– Հարգելի Հախվերդյան, գնամ երդիկը բանա՞մ, թող ծուխը քաշվի:
Հախվերդյանն սթափվեց և անմիջապես հանգցրեց ծխախոտը:
Շատ ծխելուց նրա մատները դեղնել էին: Ուզում էր հրաժարվել ծխելուց, չէր կարողանում:
– Չգիտեմ ձեռքերս ի՞նչ անեմ, ինչո՞վ զբաղեցնեմ,– ասում էր նա:
Տարօրինակ բան՝ տարիներ անց, երբ ես թողեցի ծխելը, ինձ էլ նույն բանն էր անհանգստացնում:
● Շատ ուսուցիչներ եկան ու գնացին, միայն մի հոգի այդպես էլ հանելուկ մնաց բոլորիս համար:
Մեզ հայտնի էր միայն, որ նա ծնվել է Ղարսում, ավարտել Լենինգրադի համալսարանը և կոչում են նրան Ակոպով Աշոտ Տարասովիչ: Իր մասին երբեք չէր պատմում: Երբ նոր էր եկել, հենց առաջին օրն ասաց միայն, թե քառասուն վերնաշապիկ և տասներկու կոստյում ունի: Մենք դրանք այդպես էլ չտեսանք, միշտ միևնույն մաշված շորերն էր հագնում:
Երկար, սև վերարկուն հագին, ծխամորճը միշտ բերանին, կեռ քթով, լուռ ու խորհրդավոր՝ արկածային վեպերի ծովահեններին էր հիշեցնում, մեկ էլ թվում էր, թե ինչ-որ բան կա նրա մեջ չեխովյան «փոքր մարդկանցից»:
Խմել էր սիրում Աշոտ Տարասովիչը: Մի անգամ մեր հեռակայող երիտասարդներից մեկը խնդրել էր նրան ռուսերեն ինչ-որ աշխատանք գրել: Գրել էր ու բոլոր նախադասությունները կազմել «գինի» բառով, հոլովել ու խոնարհել էր «գինին» ու «խմելը», բայց երիտասարդը չէր կռահել նրա ուզածը: Աշոտ Տարասովիչը բարկացել էր.
– Ծո, բայղուշ, հեչ տերը չես էղնի՞:
Խմում, հարբում էր, բայց դարձյալ իր մասին բան չէր պատմում, միայն կրկնում էր.
– Իմ սխալը ձեզ համար գիտություն է, – և անվերջ քաղաքային հին ռոմանսներ էր երգում ծովահենի խռպոտ ձայնով:
Շուտով ուսուցչանոցում բոլորը նկատեցին, որ նա և քիմիայի ուսուցչուհի Նահապետյանը իրար հետ չեն խոսում, խուսափում են իրարից: Նահապետյանն էլ շատ տարօրինակ էր պահում իրեն: Նրան թվում էր, թե ամեն ինչ թունավորված է՝ օդը, ջուրը, իրերն ու առարկաները և ամեն ինչ ուղղված է իր դեմ: Դռների բռնակներին ձեռք չէր տալիս և սպասում էր մինչև ուրիշը բանա՝ նոր ինքը մտնի, օգտագործում էր միայն իր գիրքը, դասամատյանը աշակերտներին էր բանալ-փակել տալիս, որևէ մեկի հետ խոսելիս կանգնում էր հեռու և ձեռքով այնպիսի շարժումներ էր անում, ինչպես ծուխն են հեռացնում, եթե մոտենում էին իրեն, ինքը ետ-ետ էր գնում։ Մուրացանի հերոսի պես հիմնականում ձու էր ուտում: Եթե հանկարծ կողմնակի ձեռք դիպչեր իր ուտելիքին, դուրս էր նետում: Ինչու՞ էր նա այդպես բարդացնում իր կյանքը, անհասկանալի էր: