Страница 14 из 17
Նրա լուսավոր կերպարը ինձ հետ է եղել միշտ իմ ամբողջ կյանքում: Ուր էլ գնացել եմ, զգացել եմ նրա ներկայությունը, դժվար պահերին նրա խորհուրդն ու օգնությունն եմ խնդրել:
Հիմա փորձում եմ գրել նրա մասին, սակայն երևակայության ինչ-որ խաբուսիկ խաղ է թվում այս ամենը՝ այդ հեռավոր օրերի հիշողությունների ջերմությունն ու հյուսիսի այս ցուրտը, այս ձյունն ու բուքը, որ սուրում, գալարվում է իմ պատուհանի դիմաց, սոճիների մութ պուրակի մեջ, ես՝ նրա աշակերտը, արդեն ծեր ու հիվանդ, իսկ նա իմ մտապատկերներում միշտ երիտասարդ… Կարծես թե մեզանից մեկնումեկը թյուրիմացաբար շփոթել է տեղ ու ժամանակ…
Նա ինձ համար Մարդու և Ուսուցչի տիպար էր: Ինձ միշտ թվացել է ու հիմա էլ այդպես է թվում, որ իսկական ուսուցիչը միայն այնպիսին պիտի լինի, ինչպիսին նա էր:
Իր ողջ էությամբ, կենցաղով ու վարքով, իր արտաքինով, անթերի հագուստով, անգամ ձեռագրով կարծես հաստատում էր այն միտքը, թե մարդու մեջ ամեն ինչ գեղեցիկ պիտի լինի:
Նրա լուրջ ու հավասարակշիռ պահվածքը պատկառանք էր ներշնչում, կարծես թե իր ներկայությամբ նա տիրում էր շրջապատին: Առանց հատուկ ջանքի դասարանը ենթարկում էր իրեն, բավական էր նրա հպարտ ու տիրական հայացքը միայն, որ բոլորը լռեին ու հնազանդվեին, անգամ ամենաանհնազանդ տղաները:
Մանկավարժական հմտություն կոչված բանը նա ստացել էր բնությունից իբրև շնորհ: Նրա ամեն մի դասը ստեղծագործական ինչ-որ բան ուներ իր մեջ: Նրա խոսքը միշտ հղկված էր, պարզ և անպաճույճ:
Նա պաշտում էր գրականությունը, նրա սերը որևէ գրական գործի, հատկապես բանաստեղծության նկատմամբ զմայլանքի էր հասնում: Դուրը եկած բանաստեղծությունը անպայման պիտի բարձրաձայն կարդար ինքն իրեն կամ որևէ մեկի համար: Քիչ է ասել, թե սիրում էր գիրքը: Գրքի հետ վարվում էր այն երկյուղածությամբ, ինչ որ մոլեռանդ հավատացյալը որևէ սրբազան առարկայի: Ամեն ինչ կներեր, բայց գրքի վրա որևէ բիծ կամ ծալած թերթ չէր ների:
Իր բոլոր ջանքերն ուղղված էին հայրենասիրություն սերմանելու աշակերտների մեջ և դա անում էր ամեն գնով, անկախ ծրագրերից ու դպրոցի պահանջներից, երբեմն խախտելով դրանք, ծանոթացնում էր Րաֆֆու, Պատկանյանի, Չարենցի գործերին, որ դեռևս արգելված էին: Մենք հայ ժողովրդի պատմություն էլ չէինք անցնում, նրա դասերով ու զրույցներով էինք սովորում մեր պատմությունը:
Շատ տարիներ են անցել, բայց լավ հիշում եմ այն օրը, երբ Վարուժանի «Ձոն»-ն էր կարդում դասարանում: Կարծես թե կերպարանափոխվել էր, երբեք նրան այդպես հուզված չէինք տեսել, ձայնը դողում էր հուզմունքից.
Եղեգնյա գրչով վրեժ երգեցի՝
Ընդ եղեգան փող բոց ելաներ…
Այդ օրն էլ պատմեց ամեն ինչ հայդուկային կռիվների, մեծ եղեռնի, Անդրանիկի մասին: Մենք քարացած էինք, ինչ-որ անսովոր բան էր կատարվում մեզ հետ: Վաղուց մյուս դասն էր սկսվել, մյուս ուսուցիչը բացում ու փակում էր դուռը, բայց ներս մտնել չէր համարձակվում:
– Ես աշակերտներին չէի զգուշացնում, որ պետք չէ ոչ ոքի ասել, թե այսինչ բաներն ենք անցնում,– հետագայում պատմում էր իմ ուսուցիչը,– որովհետև զգուշացնեի թե չէ, ամեն տեղ պիտի խոսեին: Մեր փոքրիկ գյուղում էլ մատնություններ էին լինում, ինչպես ամբողջ երկրում, մարդը ամեն տեղ նույնն է:
Ժամանակները խառն էին: Սկսվեց խրուշչովյան կարճատև «Ձնհալը», բայց սուտն ու ձևականությունն ավելի շատացան: Ցանկացած երիտասարդի կարող էին ուսուցիչ նշանակել, կրթությունը կարևոր չէր, միայն թե ծնողները կոլխոզի առաջավորներ լինեին, հատկապես հովիվ կամ կթվորուհի…
Իսկ պարտադիր ուսուցման տխրահռչակ օրե՞նքը… Ասում էին՝ անընդունակ կամ թույլ երեխաներ չկան, սովետական երեխաները կարող են յուրացնել ցանկացած ծրագիր, ուստի հարյուր տոկոսանոց առաջադիմություն էին պահանջում: «2» նշանակելը, երկտարեցիությունը վերացան, կեղծում ու խաբում էին բոլորը:
Ե՛վ տխուր էր, և՛ ծիծաղելի:
Ուսուցիչների օգոստոսյան շրջանային խորհրդակցության ժամանակ կրթության բաժնի վարիչը տարիներ առաջ գրված զեկուցումը կարդում էր անփոփոխ կերպով՝ փառաբանելով կոմունիստական կուսակցությանը, չէր համարձակվում որևէ բառ փոխել, ուստի պատահում էր, որ գովում կամ վատաբանում էր ուսուցիչների, որոնք արդեն չէին աշխատում…
Իմ աշխատանքի առաջին տարին ներկա եղա այդպիսի մի խորհրդակցության: Կրթության բաժնի վարիչը կարդաց զեկուցումն ու սկսեց քարկոծել Սաթխայի դպրոցի մի ուսուցչի, թե խախտում է աշխատանքային կարգապահությունը, դասերից ուշանում է, օրվա պլան չի գրում:
– Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին դպրոցի տնօրենը,– ասաց կուսակցության շրջկոմի ներկայացուցիչը՝ հայացքով տնօրենին որոնելով դահլիճում:
Ոտքի կանգնեց տնօրենը՝ մի սպիտակահեր, բարձրահասակ մարդ.
– Ի՞նչ մտածեմ,– ասաց,– մարդը արդեն երկու տարի է՝ մահացել է…
Այդպիսի պայմաններում էր ապրում և աշխատում Հակոբյանը: Զարմանալի չէ, որ նա էլ ըստ արժանվույն չգնահատվեց:
● Երբեմն ինչ-որ ընդհանրություն է նկատվում ուսուցչի և իր դասավանդած առարկայի միջև: Այդպիսի տպավորություն էր թողնում մեր պատմության ուսուցիչ Զատիկ Տերտերյանը: Կարծես թե նա ծնվել էր հենց միայն հին աշխարհի պատմության ուսուցիչ լինելու համար: Իր գունատ դեմքով, ճաղատով ու ազդեցիկ քթով, իր անսպառ գիտելիքներով հին հունական փիլիսոփաներին էր հիշեցնում:
Շատ կարդացած մարդ էր, հմուտ մասնագետ: Միջնակարգ կրթությունը Թիֆլիսում էր ստացել, բարձրագույնը՝ Բաքվում, Հավլաբարի հայկական դպրոցի լավագույն աշակերտներից էր եղել:
Մանկավարժական որևէ մեթոդի չէր հետևում, նրա համար գերադասելի էր այն մեթոդը, որը տվյալ պարագայում կարող էր օգտակար լինել երեխային, այն աշխատանքը, որը որոշակի արդյունք էր տալիս: Այդ թեմայով խոսելիս նա միշտ ժողովրդական ասացվածքն էր հիշեցնում՝ մեկը թիով է ձյուն մաքրում, մյուսը՝ թիու պոչով:
Անհաշտ էր քաղքենիության ու կեղծիքի նկատմամբ, ուրիշների պես չէր թաքնվում, չէր շողոքորթում ու հարմարվում ու միշտ ասում էր.
– Իմ լեզուն մի օր գլուխս կուտե:
Երիտասարդ ժամանակ մի բանաստեղծություն էր գրել «Ամբար» վերնագրով, որտեղ գյուղական ամբարը գանգատվում էր, թե կոլխոզ կազմակերպվելուց հետո դատարկ է մնացել: Շրջանում իմացել էին, քիչ էր մնացել դատեին որպես ժողովրդի թշնամու:
Նա համոզմունքի մարդ էր: Կոմունիստական կուսակցության անդամ այդպես էլ չեղավ, թեև մի քանի տարի վարեց մեր դպրոցի տնօրենի պաշտոնը: Դա չլսված բան էր, այն ժամանակ ով կուսակցական չէր, որևէ պաշտոն զբաղեցնել չէր կարող: Նրան ստիպված հանդուրժում էին իր գիտելիքների ու փորձի համար:
– Պաշտոնը էսօր կա, էգուց չկա, մեկ է, պիտի հանեք, արժե՞, որ դրա համար խղճիս հակառակ գնամ,– ասել էր նա, երբ առաջարկել էին կուսակցական դառնալ:
Տերտերյանը չափազանց հաճելի ու հետաքրքիր զրուցակից էր, հումորի հատուկ զգացումով, որով հայտնի էր գյուղում և բոլոր ծանոթների մոտ: Ինքն իր մասին էլ հումորով էր արտահայտվում: Մի անգամ հարցրի.
– Ընկեր Տերտերյան, ասում են Հովհաննիսյանի հետ հաշտվել ես, այդ ինչպե՞ս եղավ, այսքան տարի իրար հետ չէիք խոսում:
– Որ չհաշտվեմ, հետո ու՞մ հետ կռվեմ,– պատասխանեց:
Նրա մասին զվարճալի դեպքեր էին պատմում՝ եղածների վրա հնարելով ու ավելացնելով նորերը, այնպես, որ հետո ինքն էլ էր դժվարանում տարբերել իրականը հնարածից: Պատմում էին, օրինակ, որ աշակերտներից մեկը մի անգամ հարցրել էր.
– Ընկեր Տերտերյան, առյու՞ծը կհաղթի, թե՞ վագրը:
– Ձենդ կտրիր, նրանք իրար չեն հանդիպում,– պատասխանել էր նա:
Այդ պատասխանը թևավոր խոսք էր դարձել:
Երբ լրացել էր նրա հիսուն տարին, ուսուցիչներից մեկը հարցրեց.
– Ընկեր Տերտերյան, բա տուն չպիտի՞ հրավիրես, գանք հիսնամյակդ նշենք:
– Բավական չէ, որ այստեղ ամբողջ օրը երեսներդ եմ տեսնում, ուզում եք, որ տուն էլ կանչեմ,– պատասխանեց ժպտալով և իսկապես, ոչ կանչեց, ոչ էլ հիսնամյակը նշեց:
Տերտերյանը մոլի ձկնորս էր: Աշակերտները երբեմն օգտվում էին նրա այդ թուլությունից: Մի անգամ աշակերտներից մեկը ուշացել էր, ներս էր մտել այն ժամանակ, երբ Տերտերյանը նոր դասն էր պատմում: Բոլորը գիտեին, որ նա սաստիկ զայրանում է, երբ ընդհատում են իրեն նոր դասը բացատրելիս: Նա բարեհոգի մարդ էր ու մեղմ բնավորություն ուներ, բայց այդ բանը չէր սիրում: Այդ անգամ էլ զայրացած հարցնում է.
– Ինչու՞ ես ուշանում, որտե՞ղ էիր:
– Այնտեղ… Սամսոնը Պլատինայի վրա ձուկ էր բռնում, նայում էի:
– Ի՞նչ ձուկ, խոշո՞ր էին:
– Էսպես… խոշոր-խոշոր ձկներ էին…
Այլևս ամեն ինչ մոռացած Տերտերյանը շուտ-շուտ պատուհանից դուրս էր նայում դեպի Պլատինան և ափսոսում, որ այնտեղ չէ:
Ցավով լսեցի, որ նա այլևս չկա:
Նա իր հետ հին ու բարի մի ամբողջ աշխարհ տարավ:
Իսկ ես հույս ունեի, թե դեռ կտեսնեմ նրան գյուղում, կնստենք իր փոքրիկ պարտեզում, ինչպես մի ժամանակ, իր տնկած ծառերի տակ ու կզրուցենք մինչև երեկո, մինչև նախիրը գա ու լճից փչի խոնավ քամին:․