Добавить в цитаты Настройки чтения

Страница 17 из 26



Իսկ այստեղ շարունակում են բուրել ծաղիկները, արևը ծառերի արանքից ընկնում է բացատների վրա և, չնայած եղյամ է դնում արդեն սարերին, մյուս բոլոր ծաղիկները չնայած վաղուց են խամրել, բացատներում բացվում է վարդը՝ բարակ թերթերով, բարակ ոտքի վրա կանգնած կարմիր վարդը£

Ամառ է, տաք է, մեծ, դեղնակարմիր ճանճերը՝ կլոր աչքերով, անշարժ կանգնել են ոսկեփայլ օդում, նրանք իմ ոտնաձայներին ուշադրություն չեն դարձնում, բազմերանգ թիթեռները պարսերով իջնում են անասունների ոտնահետքերում հավաքված անձրևաջրերի վրա, պարսերով բարձրանում են ջրերի վրայից, մի տեսակ թեք ճախրելով գնում, պտտվում, կրկին վերադառնում են նույն փոսերի վրա£

Հիշում եմ, ամռան մի շոգ օր Սամվելիկին վերցրի ինձ հետ, եկանք այստեղ£ Աղբյուրի մոտ զով էր, նստեցինք՝ ջրի քչքչոցը մեր ականջում, իսկ շուրջը՝ հավքի դայլայլ, մեղվի գվվոց, կկվի կանչ, հեռվում, ծառերի արանքից երևում էր գյուղը՝ փռված ժայռեղեն ձորալանջերին, երերուն մղեղի մեջ՝ գառան մայուն, խրխնջոց, ինչ-որ ծիծաղ, զանգի ղողանջ, շնահաչ, քամու թևին՝ գյուղից եկող բեկբեկուն ձայներ® Ութերորդ դասարան էր փոխադրվել Սամվելիկն արդեն, աղջկա մի լուսանկար ցույց տվեց£ «Լավիկն է, չէ՞»,-ամաչելով ու նաև կարծես թե պարծենալով, հարցրեց նա£ Սիրունատես աղջիկ էր, մազերը կարճ կտրած, հրացայտ խաժ աչքերով£ «Լավիկն է,– հաստատեցի ես,– ո՞ւմ աղջիկն է»£ «Մեր ուսմասվարի,– ինքն էլ մի պահ ակնածանքով դիտելով նկարը, ասաց նա£– Ընկեր Թելյանի աղջիկն է: Յոթերորդում է սովորում, անունն էլ Ագնեսա£ Լավ անուն է, չէ՞»£ Ես ժպտացի£ Լուսանկարը, որ նա երևի հատուկ վերցրել էր՝ ինձ ցույց տալու համար, խնամքով դրեց գրպանը£ Պարզ երևում էր՝ սրտովն էր, որ գովեցի իր ընտրությունը£

Ես ծնկի եմ իջնում քարե գուռին՝ ջուր խմելու, գուռի հատակին ջուրը փոս է փորել և մանրիկ ավազները ծփանքի միջից դողում են£ Այն հեռու ժամանակներում, ետմիջօրեին, սարերից տուն վերադառնալիս, այստեղ կանգ առան հոգնած, ուժասպառ եղած ջահել մայրն ու երկու որդին՝ Սահակն ու Գրիշան£

Ամառ էր ու շոգ էր, մանրիկ, սև մժեղները կախվում էին նովի բորբոսնող ջրի վրա, հետո բարձրանում, պտտվում էին թեղու ստվերում, սյունաձև փայլում£ Որդիների տեսքից՝ այդպես ընկճված, հնամաշ շորերին՝ կարկատաններ, ոտաբոբիկ,– Շահումի սիրտը ճմլվում էր£ Շահումը վարժարանում սերտած մի ոտանավոր հիշեց, որ ասես իր մասին էր գրված, այդ օրվա իր կյանքի մասին£

Լուսնյակը դուրս է եկել,

Աչքերիս լույս է եկել£

Լուսնի լույսով մանեմ ես,

Սիպտակ ոստեր անեմ ես,



Աղքատ օրով ու լացով

Որբեր պահեմ մանածով®

«Հա, ամեն ինչ կանեմ,– ասես ի պատասխան այդ ոտանավորի, արտասանեց նա,– գիշերը ցերեկ կանեմ, ճախարակով կպահեմ ձեզ, բայց չեմ թողնի, որ ուրիշի դռան վիզ ծռեք»£ Բերքն այդ տարի լավ էր, Սահակի ու Գրիշայի օգնությամբ հնձեց արտը, կալսեց, երեսուն փութ ցորեն ստացավ£ Երկու փութ տարավ ջրաղաց, մի շաբաթ նստեց Թուլունց ջրաղացներում, մեծ հերթ էր, կես փութ աղաց և շալակած վերադարձավ£ Երեխաները, տան մոտ, խաղով տարված, հանկարծակի նկատեցին մորը և վեցը միասին աղմուկ-աղաղակով, ճռվողյունով եկան£ Անկարող լացը զսպելու, Շահումը ալյուրը շալակին, կանգնել, սրտի անդիմադրելի մղումով նայում էր նրանց£ Ամենափոքր որդին՝ Հովհաննեսը, ինչ-որ բանով ընկավ, թավալվեց գետնին, բայց իսկույն վեր կացավ, վազելով եկան, փաթաթվեցին թուլացած ոտքերին, և Հովհաննեսը, պինդ գրկելով ոտքերը, ասաց. «Մամա, քեզանից սպիտակ հացի հոտ է գալիս»£ Իսկ Մարգուշան, ցեխոտ դեմքով, գետնին նսած նայում էր£ Եվ այդտեղ նույնպես Շահումը մրմնջաց. «Մեծացնեմ, տեղ հասցնեմ ձեզ ու էլ դարդ չունեմ»£ Սահակն ու Գրիշան արդեն դպրոց էին գնում, ամբողջ մի տարի տեր Վարդանի համար ձրի հաց էր թխում, որպեսզի սա պարապեր որդիների հետ, իսկ ձմռան երկար գիշերները նստած գորգ էր գործում£ Գարնան վերջերին, ճամփաները բացվելուն պես, Խաչենագետի էն կողմից, Բալուջա գյուղից եկան գորգ առնելու£ Տրամադրությունը լավ էր, մտածում էր էդ փողով Շուշի քաղաքից շորեր բերել տալ, երեխեքը տկլոր են£ Զուր պատրանքներ՝ փողը փոխվել էր, և դրանք արժեքազրկված փողեր էին. խաբել էին նրան£ «Դե, եթե ինձ նման անբախտ մարդուն էլ են խաբում, ինչ ասեմ,– լաց եղավ նա,– թող նրանց կանայք իմ օրը չընկնեն, թող նրանց արածն իմի նման ջուրը չտանի»£

…Կռունկների երամը անուշ կանչով անցավ անտառների վրայով£ Ես բարձրացրի հայացքս, սակայն ոչինչ տեսնել չկարողացա£ Ծառերը ծածկել էին երկինքը£ Ինչ-որ տեղ վայրի աղավնիները ղունղունում էին, փայտփորիկը, կրծքով չոր կեղևին կպած, տկտկացնում հա տկտկացնում էր£ Չէր երևում և կկուն, որ հաճարկենու կատարին բազմած անդադրում կանչում էր, և նրա կանչը՝ նման սրտի զարկերի, թախծական էր կուսական անտառի համատարած անդորրի մեջ£

Հուշերի մեջ խորասույզ՝ կապույտ ստվերներով շղարշված ճանապարհով ես քայլեցի դեպի մոտիկ բլրակը, մտածելով այն մասին, որ այս վայրերի հետ ինձ կապող շատ քիչ բան է մնացել£ Այստեղից, բլրակի վրայից, ինչպես ափի մեջ, երևում է ձորի զառիվեր ափերն ի վար սփռված գյուղը£ Գյուղագլխին, ուղղակի ժայռին թառած, պահակում է հին գերեզմանատունը£ Ութերորդում, հին աշխարհի պատմության դասին, ամբողջ դասարանով գնացինք այնտեղ՝ պեղումներ կատարելու£ Մամռակալած քարերից մեկին, որ ընկած էր աղբյուրի մոտ՝ կիսով չափ խրված հողի մեջ, մեծ ճիգերով կարողացանք կարդալ՝ «Թիւն ՅԼ էր£ Ես նուաստ վարպետ Ներսէս շինեցի զաղբիւրս£ Յաղութս յիշեցեք»£ Իսկ թե դա ինչ էր նշանակում՝ այն ժամանակ ոչ մենք, ոչ էլ ընկեր Ղուլյանը՝ մեր դասատուն, կարգին վերծանել չկարողացանք£ Կոլխոզի ստեղծման առաջին տարիների նախագահ Մնացական դային՝ Մխիթարի հայրը, էշը նստած գնում էր սար՝ խոտ հարելու£ Մեզնից ով էր՝ կանչեց նրան£ Նա էշի գլուխը շուռ տվեց մեր կողմը և դեռ հեռվից սկսեց. «Էստեղ ի՞նչ եք անում, ո՞վ է իրավունք տվել, ես ձեր տիրումերը»£ Աղջիկները փռթկացրին, ընկեր Ղուլյանը մինչև ականջները կարմրեց, իսկ մենք ծիծաղեցինք և, աշակերտական տետրում արտագրած մակագրությունը ցույց տալով նրան, ասացինք. «Մնացական դայի, ոչ ոք չի հասկանում, գուցե դու իմանաս»£ Չնայած շոգին, Մնացական դային ականջավոր գլխարկով էր, գլխարկի մի ականջը կախված էր, մյուսը վեր տնկված, երկար քուղերը ծածանվում էին խոսելիս£ Ընկեր Ղուլյանն այտը ծռած, խորհրդավոր կիսաժպիտով նայում էր նրան՝ իբր, մարդ եք գտել բան հարցնելու£ Մնացական դային որսաց այդ հայացքը, սղալեց երկար բեղերն ու ասաց. «Ես ձեր տիրումերը®Հայոց ՅԼ-ն դա մեր ութհարյուր ութանասունմեկ թվականն է£ Ասված է, որ էս աղբյուրը շինեցի ես, վարպետ Ներսեսս, ձեր աղոթքների մեջ հիշեցեք ինձ£ – Մնացական դային աչքի մեկը կկոցած նայեց ընկեր Ղուլյանին, քրքռալով ծիծաղեց ու հենց այնպես, ծիծաղի միջից ասաց.– Ղուլյան Վահան, բա քեզ դպրոցում ինչի՞ համար են ռոճիկ տալիս, ես քու տիրումերը® Խելք բաժանելիս էստեղ ես եղել է, էստեղ» էշի քամակին խփելով, դարձյալ ծիծաղեց նա£ Մենք քիչ էր մնում կոտորվեինք հրճվանքից, իսկ ընկեր Ղուլյանը, կրկին մինչև ականջները կարմրած, շփոթված՝ չգիտեր նրա՞ն նախատեր, թե՞ մեզ վրա բարկանար£

Հին գերեզմանատնից ձախ՝ ներքևում, նոր գերեզմանատունն էր£ Շահում մեծ մորս հետ (նա աջ ձեռքում գավազանը, ձախով իմ ձեռքը բռնած)՝ դանդաղ, այստեղ-այնտեղ կանգ առնելով, որպեսզի հանգստանար, գնում էինք այնտեղ£ Չորս բոլորը կանաչ խոտ, տեսակ-տեսակ ծաղիկներ, թռչունների երգ£ Մեծ մայրս գունատվում էր, շուրթերը սկսում էին դողալ£ «Գնա էն կողմը ծաղիկ քաղիր, բեր դիր քարերին»,-պատվիրում էր ինձ£ Ես գնում էի ծաղիկ քաղելու, իսկ ինքը գետնին չոքած երգով լալիս էր երկար՝ մի քարից անցնելով մյուսին£ Իրավ, ոչինչ չի փոխվել ասես£ Մեղրաքերծի իր բնից մի քարարծիվ պոկվեց և սրատես հայացքը ներքև, դանդաղասահ և վեհափառորեն սկսեց պտտվել կիրճի վրա£ Սալկուհոտից գյուղ իջնող սանդղանման քարքարոտ ճանապարհով, ուշք չդարձնելով ո°չ արծվին և ո°չ էլ մերթ ընդ մերթ հնչող նրա կռինչներին, մի երկու տղա բարձր վիճելով քշում էին իրենց ուլերը£ Հեռվում, Խաչենագետի կողմերից բեռնատար մի մեքենա էր բարձրանում դեպի գյուղ, փոշին, որ ասես թափքից է թափվում, երկար մնում է կանգնած ճանապարհի վրա£ Քիչ այն կողմ, ճանապարհի եզրին, ձի կար կապած, ձին պարանի երկարությամբ արածել է շուրջը և հեռվից այնպես է թվում, թե ձիու չորս բոլորքը գերանդիով հնձած է՝ մաքուր-հավասարաչափ£ Ամեն ինչ նույնն է, երկար տարիներ չեն անցել ասես£

Գյուղում կչկչում են հավերը£ Հավ թուխս դնելիս, մեծ մայրս կանչում էր ինձ£ «Արի, արի, ասում էր, ինքդ դեռ անմեղ, ձեռքդ արդար, ձուն դիր հավի տակ»£ Ձյունասպիտակ սառը ձվերը ես զգուշորեն տեղավորում էի թխսկանի տաք թևերի տակ, իսկ մեծ մայրս, դեղին մի ձու վերցրած, երեք անգամ դանդաղ պտտում էր բնի վրա՝ հետն էլ կամացուկ երգելով. «Օձը գա իր ճտերովը, լոկը գա իր ճտերովը. ամեն անասունք գա իր ճտերովը, դու էլ գաս քո ճտերովդ, լոխ սաղ, մեկը՝ լակ»£ Ասում էր, ձուն դնում հավի տակ£

Ինձնից մի քանի քայլի վրա երգեց արտույտը£ Ես շրջվեցի ձայնի կողմը£ Փոքրիկ ու շականակագույն՝ մուգ պուտերով ու խալերով՝ արտույտը թեթև վազեց, շարունակ ետ նայելով և, քիչ անց ալոճենու թփուտների ետևից կրկին լսվեց նրա զրնգուն երգը£