Добавить в цитаты Настройки чтения

Страница 19 из 19



– Այ մարդ, քիչ խոսիր, թող երեխան մի քիչ հաց ուտի:

– Ես խանգարո՞ւմ եմ՝ թող ուտի: Զրուցում ենք, սեղանը հո նրա համա՞ր չի, որ նստես ու միայն մտածես ուտելու մասին, – բացատրեց հայրս: – Զրույցի համար է նաև. խոսք ասես, խոսք լսես, բան սովորեցնես ու բան սովորես: Ձին էլ է ուտում, կովն էլ է ուտում, բայց մարդ անասունից ինչո՞վ է տարբերվում՝ բանականությամբ՝ մտածելով, ասելով ու լսելով, հիշողությամբ ու հասկացողությամբ: Թե չէ՝ նույն անասունն է: Աստված սիրես, մի խանգարիր, թե չէ՝ վեր եմ կացել, հա¯… – շինծու զայրութով հոխորտաց հայրս:

– Մի լսող էլ լինի, կասի՝ էս ի՞նչ գազան մարդ է, – ծիծաղեց մայրս՝ սիրով լի հայացքով նայելով հորս, – հարցնող լինի՝ կյանքում գոնե մի անգամ մատով կպած կա՞ս: Մի չոր խոսք ասած կա՞ս:

– Ինչո՞ւ պիտի կպչեմ ու ինչո՞ւ պիտի ասեմ, – ժպտերես նայելով մորս՝ խաղաղ ասաց հայրս: – Իմ հասկացող սիրելի կնիկս ես ու իմ լավ ու վատ օրերի հավատարիմ ընկերը:

Մայրս շոյված, խոր հիացմունքով ու քնքշանքով նայեց հորս, հետո նայեց ինձ, շփոթված ժպտաց:

– Հայ ճանաչված գրողներից ես մենակ Սիլվա Կապուտիկյանին եմ տեսել մոտ երեսուն տարի առաջ, մեր դպրոցում: Բագրատ Ուլուբաբյանի ու Սարգիս Աբրահամյանի հետ էր եկել: Ջահել, սիրուն՝ բա ոնց էր խոսում, ոնց էր արտասանում, մնացել էինք փշաքաղած: Նա առաջին հայ գրողն էր, որ Իսահակյանից հետո եկել էր Ղարաբաղ: Իսահակյանին քառասունութին լավ չէին ընդունել, մարզկոմի էշ քարտուղար Տիգրան Գրիգորյանը նրան հարցրել է. «Ղարաբաղ մտնելու թույլտվություն ունե՞ք»: Հայ մարզի հայ քարտուղարը յոթանասուներկուամյա հայ մեծ բանաստեղծին էդպիսի հարց է տվել: Մի բան ասեմ, կարող է չիմանաս, – աշխուժացավ հայրս,– մեր շրջանի Թալիշ գյուղում Իսահակյանը խլեղը հագին մի շա¯տ պառավ կնոջ ձեռքը համբուրում է: «Կյանքումս երկու հոգի են ձեռքս պաչել, – ասում է պառավը: – Մեկը դու ես, մեկն էլ մորուքով մի մարդ էր»: Րաֆֆին է եղել: Պատկերացնո՞ւմ ես: Զորայր Խալափյանն էլ էդ գյուղից է, գիտե՞ս, – հանկարծակի հիշելով ավելացրեց հայրս, – շատ տաղանդավոր գրող է, շա¯տ, նրա գրվածքները երբ եմ, է¯, կարդացել, բայց մինչև հիմա լրիվ հիշում եմ: Նրա հերոսները՝ Ստեփանը, Անտիկը, Նորան, Վասիլը, Հաբեթը, Հունանի երեք որդիները, մյուսները, բոլորն աչքիս առաջ են… Մարդ երանի թե կարողանար էդպես գրել:

Հայրս օղի լցրեց, հոտ քաշեց, հրեց մի կողմ.

– Չէ, չեմ խառնելու: Տղաս կոնյակ է խմում, ես էլ եմ կոնյակ խմում, ախպերություն պիտի անենք:

Ես հորս համար կոնյակ լցրի: Նա վերցրեց բաժակը, ասաց.

– Ոմանք կարծում են, թե կյանքը շա¯տ երկար է: Էդպես չի: Աշխարհն է հավիտենական, իսկ կյանքը կարճ է: Մարդիկ չեն հասկանում, ընդհակառակը՝ ոչ թե կարճ է, այլ շատ կարճ է: Ջահել ժամանակ է թվում, թե կյանքը երկար է, այնինչ՝ չէ¯, իրոք որ շատ կարճ է, մի սխալմունք արեցիր՝ վերջ, չես հասցնի ուղղել: Դրա համար էնպես պիտի ապրես, որ էդ սխալմունքը չանես, չնայած, իհարկե, դժվար խնդիր է, բայց պիտի ձգտես, պիտի միշտ մաքուր լինես, ինչքան էլ անմաքուր լինի շուրջդ, անարդար չլինելու համար, պիտի որ արդար լինես, ուրիշ կերպ չի լինի, պիտի ամեն ինչ անես, որպեսզի հետո, կյանքիդ մայրամուտին, ոչ թե մեկ ուրիշին, այլ ինքդ քեզ ասես՝ ճիշտ ապրեցի կյանքս, հալալ քրտինքով ապրեցի ու ոչ ոքի ոչ մի վնաս չտվի, որովհետև կյանքն իսկականից մի անգամ է տրվում, երկրորդ կյանք չկա: Ավելի ճիշտ, կարևոր էլ չէ՝ կյանքը կա՞րճ է, թե երկար: Կարևորն անսխալ ապրելն է: Բայց դե, ափսոս, որ մարդ շատ ուշ է զգում դա, երբ ետ գնալու ո՛չ հնար կա, ո՛չ ժամանակ: Աստծու խոսքն Ադամին՝ քու հացը երեսիդ քրտինքով վաստակես, մարդ չպիտի մոռանա, որովհետև անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա: Հրեն, նայիր, քո նվիրած Աստվածաշունչն էն մյուս սենյակում դրած, միշտ կարդում եմ. աշխարհիս ամենահնագույն ու ամենախելոք գիրքն է: Էնտեղ եմ կարդացել. հողին թափված ջրի պես լինենք, այլ ոչ թե քամու բերանն ընկած ավազի նման: Բա սա՝ սիրէցէք զմիմեանս… Ի միջի այլոց, սրբազան ղուրանում էլ նույնն է ասվում՝ օգնեցեք միմյանց բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ: Մի տես թե ի¯նչ խոսքեր են… Կենացդ, պապան մատտաղ, Աստված թող շառ ու փորձանքից հեռու պահի քեզ, որովհետև ազնիվ մարդու համար ամենամեծ վիրավորանքն անազնվության մեջ անհիմն ու նաև երբեմն միտումնավոր կերպով մեղադրվելն է: Թող նա քեզ արդարության ճանապարհով միշտ առաջնորդի, որպեսզի ոտքդ քարի չկպչի երբեք, որովհետև երանելի է էն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում իր արած բարի գործերից, քաջ գիտենալով, որ իր արած բարությունը վաղն իր առաջն է գալու: Ոնց որ էդ սուրբ գրքերում է ասված, որ նման մարդը նման է ջրերի հոսանքի վրա տնկված բարատու ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի: Կենացդ, շուտ-շուտ արի, որ շատ չկարոտենք…

Հայրս խմեց, նորից կնճռոտվեց: Բայց չդժգոհեց:



– Ոնց որ թե էլ հոտ չկա, – ասաց նա:

– Որ մի բաժակ էլ խմես, մանուշակի հոտ է գալու, – լրացրեց մայրս ծիծաղելով:

– Ճիշտ է ասում, – բարեհոգի ժպտաց հայրս: – Լցրու, լավ է մարդու գլուխը դատարկ լինի, քան թե բաժակը:

Մայրս տապակած կանաչ լոբի բերեց: Խորունկ պնակի վրայից գոլորշի էր ելնում: Թարմ լոբու բուրմունքը տարածվեց սենյակում:

– Փա¯հ… Ղարաբաղի հոտ եկավ, – ոգևորված ասաց հայրս: – Բայց, դե, Ղարաբաղի լոբու համն ուրիշ է, օդն ու ջուրն ուրիշ է: Համեմատել չի լինի: Ժողովուրդն էլ ուրիշ է՝ ազնիվ, աշխատասեր, խիզախ ու հերոսական: Հայրենական մեծ պատերազմում ո՞ր փոքր ժողովուրդն էդքան հերոս տվեց: Բա մարշալնե՞րը: Բա գեներալնե՞րը՝ մի քանի տասնյակ: Սովետական Միության քսանից ավելի հերոս, մեկն էլ կրկնակի՝ Նելսոն Ստեփանյանը: Բա ցարական բանակի մեր փառապանծ զորավարնե՞րը՝ Մադաթով, Բեհբութով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով՝ ո՞ր մեկն ասես: Բա Մյուրա՞տը, Նապոլեոնի մամլյուկներ Ռուստամն ու Պետրո՞սը… Իսկ բնակչությունը՝ ընդամենը հարյուր երեսուն հազար, որևէ տեղ էդպիսի բան տեսե՞լ ես: Չես տեսել:

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.