Страница 1 из 4
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Շարահարությունը քերականական կապակցման եղանակ է, որի դեպքում չկան կապակցող շաղկապներ, շաղկապական բառեր, այլ նախադասությունները պարզապես գործածվում են կողք կողքի և իրար հետ կապվում են իմաստով [3, էջ 465]։ Բերենք մեկ սահմանում ևս։ Շարահարությունը բարդ նախադասության կազմի մեջ մտնող նախադասությունների այնպիսի կապակցությունն է, երբ նրանք կապակցվում են առանց շաղկապների կամ շաղկապի դեր կատարող դերանունների և միմյանցից բաժանվում են ստորակետով, բութով կամ միջակետով [10, էջ 100]։ Անշաղկապ կապակցության դեպքում խոսքը դառնում է սեղմ և արագ։ Անշաղկապությունը բնորոշ է հատկապես խոսակցական լեզվին: Այն խոսքը դարձնում է աշխույժ, սեղմ, հուզական, ուժեղացնում է արտահայտչականությունը և նվազեցնում սառը դատողականությունը, ինչպես նաև նպաստում է տրամաբանական մտածողության զարգացմանը և ձևավորում է պատճառաբանելու հմտություն։ Անշաղկապ բարդ նախադասությունները մեծ նշանակություն ունեն խոսքային հաղորդակցության մեջ և օգտագործվում են խոսքի տարբեր գործառական ոճերում։ Մեծ է անշաղկապ բարդ նախադասությունների դերը ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում։ Անշաղկապ բարդ նախադասությունները լայն կիրառություն ունեն հատկապես բանաստեղծություններում, առածներում, ասացվածքներում, հեքիաթներում, աֆորիզմներում։